Անգլիական ծովափին հանգստի ժամանակ Էրկյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են գայթակղիչ օրիորդ Նիկ Բակլիի հետ: Նրա հետ առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին գնդակը, որը դիպչել է Բակլիի գլխարկին և հավանաբար պիտի սպաներ նրան:
Պուարոն որոշում է պաշտպանել Բակլիին և բռնել հանցագործին: Նա կապիտան Հասթինգսի հետ գալիս է Բակլիի տուն, որը կոչվում է «Էնդհաուս» («Ծայրամասի տուն»): Պուարոն ամեն բան բացատրում է օրիորդին, իսկ սա պատմում է, որ մինչ այդ նրա վրա երեք մահափորձ է կատարվել, սակայն նա բանի տեղ չի դրել այդ դիպվածները և համարել է դրանք պատահական զուգադիպություններ: Պուարոն որոշում է անվտանգության միջոցներ ձեռք առնել և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ հրավիրել ընկերուհու, որին կարելի է վստահել և որը կկարողանա օգնել նրան: Նիկն իր մոտ է հրավիրում իր զարմուհուն՝ Մեգգի Բակլիին:
Երբ Նիկի մոտ են գալիս հյուրերը, որպեսզի դիտեն տոնական հրավառությունը, կատարվում է հանցագործություն: Անհայտ մարդասպանը սպանում է Մեգգիին:
Պուարոն առաջարկում է Նիկ Բակլիին «մահանալ»: Թող բոլորը, այդ թվում նաև հանցագործը, մտածեն, թե Նիկը մեռած է:
Հաջորդ օրը Պուարոն հավաքում է բոլորին Էնդհաուսում: Նա առաջարկում է սպիրիտիստական սեանս անցկացնել: Մարում են ջահերը: Հայտնվում է սպիտակ աղոտ ֆիգուր: Միացնում են լույսը: Դա Նիկն է: Հայտնվում է ոստիկանը, որը ձերբակալում է Կրոֆտներին, որոնք մինչ այդ թուղտ էին ցույց տվել, որով իբրև թե մեռած Նիկի ժառանգությունը կտակով անցնում է իրենց: Կրոֆտները հայտնի կեղծարարներ են: Այդ պահին լսվում է կրակոց և ինչ-որ մեկը ուսից վիրավորում է Ֆրեդերիկա Ռայսին, որը ըստ իրական և կորած կտակի պիտի ժառանգի այն ունեցվածքը, որը ժառանգել է Նիկ Բակլին: Կրակողը նրա ամուսինն է՝ կոկաինի զոհը: Սակայն նա չէ սպանել Մեգգիին: Երեկոյան Էնդհաուսը հսկող Ջեպը տեսել է, թե ինչպես է Նիկը գաղտնարանից հանել ատրճանակը և դրել Ֆրեդերիկայի գրպանը:
Պուարոն պնդում է, որ Նիկն է սպանել Մեգգիին, որպեսզի տիրանա Մայքլ Սելտոնի՝ իր նախկին նշանածի և Մեգգիի ազգականի թողած ժառանգությանը: Մուտքի մոտ իր մեղքը չմերժող Նիկ Բակլիին արդեն սպասում են ոստիկանները: