Ալբեր Կամյու. «Հույսը և աբսուրդը Ֆրանց Կաֆկայի երկերում» (1948 թ. համառոտ)

kamyu- nadejda i absurdԿաֆկայի վարպետությունը իր երկերը նորից ու նորից կարդալ տալու մեջ է: Հաճախ նույն գործը հնարավոր է դառնում մեկնաբանել տարբեր կերպ, և այս հանգամանքն իր հերթին վերընթերցման պահանջ է առաջացնում:

Առաջին հայացքից, մանավան անկողմնակալ ընթերցողի համար գրողի սյուժեները վախեցած ու համառ հերոսների անսովոր արկածներ են, որոնք փորձում են լուծել այնպիսի խնդիրներ, որոնք իրենք անգամ ձևակերպել չեն կարող: «Դատավարությունում» Յոզեֆ Կ-ն մեղադրվում է, բայց ինքն էլ չգիտի, թե ինչի համար, փորձում է պաշտպանվել, չիմանալով ինչից: Փաստաբանները նրա դատը դժվարին են համարում: Այնուամենայնիվ հերոսը շարունակում է սիրահետել, սնվել, թերթ կարդալ: Հետո տեղի է ունենում դատավարությունը: Ենթադրում է, որ իրեն դատապարտեցին, բայց հազիվ է հետաքրքրվում, որ իմանա, թե ինչ պատիժ սահմանեցին: Երբեմն կասկածում է, որ դատվողն ինքն էր և շարունակում է նախկին կյանքը: Շատ ժամանակ անց միայն 2 լավ հագնված ու բարեկիրթ պարոններ ներկայանում են նրան, խնդրում հետևել իրենց: Մեծագույն քաղաքավարությամբ Յոզեֆ Կ-ին առաջնորդելով մի խուլ ծայրամաս, գլուխը դնում են քարին, վիզը կտրում: Մեռնելուց առաջ դատապարտյալը կարողանում է ասել միայն. «Շան նման»:

«Դատավարության» ասելիքը սովորական է, հասկանալի: Վեպը պատմում է մարդկային ճակատագրի մասին: Հերոսը ապրում է և դատապարտված է: Ինքն այդ մասին իմանում է վեպի առաջին էջերից, որի գործողությունները հենց իր կյանքն են ներկայացնում և չնայած փորձում է անգամ խուսափել պատժից, այդ պատժի մեջ սովորական ոչինչ չի գտնում: Նրան զարմանալի չի թվում անգամ սեփական զարմանքի բացակայությունը: Նման հակասությունների մեջ են ի հայտ գալիս աբսուրդ երկի առաջին նշանները:

Ճիշտ այդպես էլ «Դղյակն» ըստ երևույթին աստվածաբանություն է գործողության մեջ, բայց ամենից առաջ երջանկություն փնտրողի անհատական արկածներ, մի մարդու պատմություն, որն ուզում է գտնել աշխարհի իրերի գերագույն գաղտնիքն ու կանանց մեջ ննջող աստվածության նշանները:«Կերպարանափոխությունն» իր հերթին անառարկելիորեն ներկայացնում է ողջամիտ էթիկայի մի երևակայություն, միաժամանակ այն հերոսի անսահման զարմանքը, որն զգում է, թե ինչպես առանց ճիգ ու ջանքի միջատ է դարձել:

… նշանակալի է ֆրիդայի դրվագը: Կինը կապված է եղել դղյակի ծառայողներից մեկի հետ, և եթե Կ-ն իր սիրուհին է դարձնում նրան, ապա միայն այդ անցյալի պատճառով: Նա Ֆրիդայի մեջ գտնում է բաներ, որ վեր են իրենից և հասկանում միաժամանակ, որ հենց դա է իրեն դղյակին անարժան դարձնում: Ակամա հիշում ես Կիերկեգորի առանձնահատուկ սերը Ռեգինա Օլսենի հանդեպ: Որոշ մարդկանց հավերժության ձգտման ամեն ինչ խժռող կրակն այնքան բորբոքում է, որ այրում է անգամ շրջապատողների սրտերը: Աստծունը Աստծուն չտալու ճակատագրական սխալն է ի հայտ գալիս նաև «Դղյակի» այս հատվածում: Բայց Կաֆկան ամենևին դա սխալ չի համարում:

… որքան ողբերգական է Կաֆկայի նկարագրած մարդկային ճակատագիրը, այնքան համառ ու համարձակ է հույսը: Որքան «Դատավարության» աբսուրդն ակնհայտ է, այնքան «Դղյակի» հանդուգն ցատկը թվում է հուզիչ ու անտրամաբանական:

Ինչ էլ լինի ակնհայտ է, որ ներշնչանքով միմյանց հարազատ Կաֆկայի, Կիերկեգորի, Շեստովի, կարճ ասած էկզիստենցիալիստ վիպասանների ու փիլիսոփաների երկերը, որոնց մտածողությունը լիովին ուղղված է աբսուրդին և դրա հետևանքներին, իրենց ուղին ավարտում են հույսի ինքնաբուխ ճիչով:

Ճիշտն ասած, մարդկայինի և անմարդկայինի այս երկրաչափական տեղն ազնիվ սրտերը գտնում են ամենուր: Ֆաուստն ու Դոն Կիխոտը արվեստի ակնառու կերտվածքներ են դարձել այն անչափելի մեծության շնորհիվ, որը մեզ ցույց են տալիս իրենց երկրային ձեռքերով: Այնուամենայիվ գալիս է մի պահ, երբ բանականությունը ժխտում է այն ճշմարտությունները, որոնց այդ ձեռքերը կարող էին հասնել: Գալիս է մի պահ, երբ ստեղծագործությունը ոչ թե ողբերգական, այլ պարզապես լուրջ է ընկալվում: Այդ ժամանակ մարդը տարվում է հույսով: Բայց դա իր գործը չէ, իր գործը գիտակցության խաբկանքերից խույս տալն է: Ի վերջո հենց այդպիսի խաբկանք է լարված դատավարության արդյունքը, որ Կաֆկան հարուցում է ողջ տիեզերքի դեմ: Նրա անհավատալի դատավճիռն ի վերջո արդարացնում է այս գարշելի ու հրաշալի աշխարհը, ուր խլուրդներն անգամ ապրում են հույսով:

tarntercum