Ալեքսանդր Շիրվանզադե. «Եվգինե» (1903 թ. համառոտ)

shirvanzadeԳործողությունը կատարվում է նահանգական մեծ քաղաքում: Առաջին արարվածում ներկայացված է Ալվերդյանների հարուստ զարդարված հյուրասենյակը: Զրուցում են 24-ամյա Եվգինե Ալվերդյանը և նրա ամուսնու՝ 35-ամյա քաղաքի հայտնի փաստաբան Միհրան Ալվերդյանի քույրը՝ 38-ամյա այրի Մարթա Տերտերյանը: Զրույցը Միհրանի և Եվգինեի սիրո ու բախտավորության շուրջ է: Ունեն փոքրիկ աղջիկ: Ամուսնացած են 14 ամիս: Մարթան ևս շատ է սիրում եղբորը և ուրախ է նրա երջանկության համար: Աղախինը՝ Երմոնեն, բերում է լրագրեր, որոնց համարներից մեկում ներկայացված է Արաբաջյանի ինքնասպանության գործի հաշիվը: Ի զարմանս Մարթայի՝ Եվգինեն վերցնում է նրա ձեռքից լրագրերը և առանձնանում իր ննջարանում՝ կարդալու: Այդ ընթացքում գալիս է նախ Արշակ Սառափյանը՝ Եվգինեի մորեղբոր որդին, որը նախկին սպա է, այժմ անգործ է. բոլորը նրան հրավիրում են ճաշերի, ընթրիքների, երեկույթների, բայց պաշտոն չեն տալիս, այնուհետև տիկ. և պ. Գալամքարյանները, որոնք սովորություն ունեն ամեն շաբաթ երեկո գնալ այնտեղ: Պատճառաբանում են, թե գործով են եկել, նոր ընկերություն են կազմել, ուզում են, որ Եվգինեն անդամ գրվի: Եվգինեն գալիս է, նկատում են, որ գունատ է: Ընկերության նպատակը աղքատ հարսնացուներին օժիտ տալն է: Անդամավճարը 200 ռուբլի է: Սառափյանը ծաղրում է՝ ասելով, որ նոր ընկերությունը Գալամքարյանների մագազինի փտած ապրանքները կնաղդացնի: Քիչ անց գալիս է Միհրանը՝ օգնականի՝ իր մորեղբոր որդի Համազասպ Վարսամյանի և ինժեներ-տեխնոլոգ, գործարանատեր, բարեկամ Աբգար Սուլթանյանի հետ: Սեղանի շուրջ խոսում են Արաբաջյանի դեպքի մասին, որի մանրամասներին Միհրանը տեղյակ է: Առաքել Արաբաջյանի կինը ամուսնուն խոստովանել է իր անցյալի սխալը, իսկ ամուսնու սիրտը չի մեղմացել, չի ներել: Հակառակը, պահանջել է թշվառից անձնասպանություն գործել: Թույն է բերել տուն, դիտմամբ թողել կնոջ ննջարանում, ուզեցել է ազատվել կնոջից իր պատիվը մաքրելու համար: Կինը թունավորվել է՝ արգանդում թունավորելով նաև մի անմեղ էակի: Հյուրերը տարբեր կարծիքներ են հայտնում՝ հիմնականում մեղադրելով դավաճան կնոջը: Սակայն Միհրանը նրա տեղը կներեր կնոջ անպատվությունը: Նրա կարծիքը կիսում է Վարսամյանը: Ինչո՞ւ տղամարդկանց սխալները կարելի է ներել, իսկ կանանցը՝ ոչ: Հասարակական կարծիքի ամբողջ լուծը չպետք է կանանց վրա ծանրացած լինի: Դա անարդարություն է: Եվգինեն հուզվում է և մի պահ ուշաթափվում: Հյուրերը գնում են: Միհրանի հարցին, թե ինչ է պատահել, Եվգինեն պատմում է մի հեքիաթ, ըստ որի կինը իրեն անարժան է համարում ամուսնուն և նրա սիրուն, քանի որ չափազանց ինքնասեր է և իրեն պարտքի տակ է զգում: Միհրանը չի հասկանում: Երկրորդ արարվածում հյուր է գալիս Եվգինեի մայրը՝ Հռիփսիմեն: Մարթան գնում է Գալամքարյանների մոտ 200 ռուբլին տանելու, բայց Եվգինեն խնդրում է չտանել և փողն էլ վերադարձնել Միհրանին: Մարթան գնում է: Գալիս է Գաբրո Ազարյանը, նրանց հարևանը, երբ ապրում էին այլ քաղաքում: Երբ մայրը գնում է, սա ուզում է համբուրել Եվգինեին: Մի ժամանակ՝ 9 տարի առաջ, գայթակղել է Եվգինեին իր քաղցր լեզվով: Նա աղջկան մի ասպետ է թվացել, բայց հետո Եվգինեն հասկացել է, որ այդ ամենը խաբեություն, անարգանք էր և ոչ թե սեր: Այժմ զրպարտում է նրան, որ հանդգնել է գալ իր տուն: Ինքը ամեն բան հայտնելու է ամուսնուն, որին սիրում է, և խիղճը տանջում է: Գաբրոն խոստովանում է, որ լավ չէր ճանաչում Եվգինեին, կարծում էր, թե նա լուրջ չի նայում կյանքին: Ասում է, որ ինքը մոլորված էր և այժմ զղջում է, խնդրում է գոնե դրան հավատալ: Հեռանում է: Գալիս է Միհրանը: Եվգինեն նրան հայտնում է, որ ինքն էլ մի անպիտան կին է, մի տիկին Արաբաջյան: Ամուսինը ցնցված է: Ներս են մտնում Մարթան և Հռիփսիմեն: Ամուսինը գրկում է քրոջը, իսկ կինը ընկնում է մոր գիրկը: Երրորդ և վերջին արարվածում Վարսամյանն ու գրագիրը զբաղված են Միհրանի գործերով: Վերջինս ոչ ոքի չի ընդունում: Հռիփսիմեն խնդրում է Սառափյանին խոսել Միհրանի հետ, ասել, որ աղջկան պարզապես զրպարտել են: Սառափյանը գիտի այդ մասին, լուրը տարածել է տիկ. Գալամքարյանը: Զրուցում են Միհրանը, Սառափյանը, Սուլթանյանը և Վարսամյանը: Սուլթանյանը Միհրանին ինչ-որ մեքենապետի գործ է բերել: Հույս ունի, որ անմեղին կարդարացնեն: Պատմությունը դարձյալ առնչվում է կնոջ դավաճանությանը: Միհրանն ու Վարսամյանը զրուցում են առանձին: Գաղափարների և իրականության միջև գոյություն ունի ահագին խորխորատ: Վարսամյանն ուզում է, որ Միհրանը հերոսաբար անցնի այդ խորխորատը: Խոսք է տալիս, որ կանցնի: Մարթան Միհրանին համոզում է արձակել կնոջը: Ինքը նրա հետ մի հարկի տակ չի կարող ապրել: Սակայն Միհրանը կնոջ խոստովանության քայլը մեծ քաջություն է համարում, քչերն են ընդունակ այդպիսի քայլի: Այդ խոստովանությունն արդարացնում է նրան, նա բարձր բարոյականության տեր կին է և արժանի է ներման: Մարթան ապշած է: Միհրանը զրուցում է Եվգինեի հետ: Վերջինս կարծում է, որ եթե անգամ ամուսինը ների իրեն, չի մոռանա: Ինքը կգնա: Երեխային կթողնի: Բայց ուշաթափ է լինում: Մարթան չի օգնում: Բացում է աչքերը, ասում է՝ չի կարող: Միհրանը գրկում է նրա գլուխը և ասում, որ ինքը ներում է և կմոռանա: Մարթան հեռանում է՝ ասելով, որ իրեն ևս մոռանա: 

tarntercum