Ակսել Բակունց. «Լառ-Մարգար»

aksel-bakuncԼառ-Մարգարի համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն է: Նրան թվում է, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած իրեն են սպասում: Առվով ջուրը կապելիս ջրի հետ էլ գնում է, մինչև ջուրը այգուն հասնի: Ամռան շոգին նրան միշտ կարելի է տեսնել ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին: Գյուղի ջրվորն է: Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում: Տեղացի չէ: Շատ ափերի է զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան՝ Թորոսիկի հետ գցել այդ գյուղը: Անցյալ գարունքին էր: Մտածել էին, ղարիբ մարդ է, ազգ ու բարեկամ չունի, ջուրը արդար բաժին կանի, և գյուղը նրան ջրվոր է վարձել: Անունն էլ դրել են Լառ-Մարգար (լառ-երկարահասակ, լողլող): Չի սիրում, երբ խաբում են և ջուրը հերթից դուրս գողանում: Հավատում է, որ այդ դեպքում ծառը պտուղ չի տա: Նա միշտ մինչև լուսաբաց աշխատում է, և արտատերը լուսաբացին արտը ջրած է տեսնում: Լինում են օրեր, երբ ջուրը տալիս է հերթի համաձայն, ինքը չի ջրում վատ տրամադրության կամ հիվանդ լինելու պատճառով: Գնում է դեպի ձորակ, ուր ծիրանիներ կան, պառկում է, մտաբերում իրենց գյուղը, կնոջը: Այն ժամանակ կինը հավաբնի դռնակը բաց էր անում, հավերին կուտ տալիս: Բայց հետո տեղահանության օրերն էին, գյուղերը խառնվել էին իրար, քարավանին նոր խմբեր էին միանում: Ինքը անհետ կորած որդու մասին էր մտածում: Մի անգամ խոսեց նրա մասին, կինը լաց եղավ ու այլևս չէր խոսում: Կնոջ ու թոռան հետ գնացին ուրիշ երկրներ: Նոր սարքվող ճանապարհի վրա էր բանում: Ծանոթներ կային, շինականներ: Մի իրիկուն կինը հիվանդանում է, Մարգարը քար չի գտնում, որ տաքացնի, դնի նրա կրծքին. իրենց գյուղում այդպես էին անում: Պառավը մահանում է, և Մարգարը քար է գողանում նրա գերեզմանի վրա դնելու համար: Ծեծում են: Կյանքում մի անգամ էլ երեխա ժամանակ էր ծեծ կերել, երբ շան պոչից ցախավել էր կապել: Զինվորականը սապոգով խփել էր նրան և խիճը ճղել էր Մարգարի բութ մատը: Այժմ էլ, երբ աչքն ընկնում է բութ մատի սպին, մատներն ավելի պինդ են սեղմում բահի կոթը, բայց զայրույթն անցնում է, երբ միտն է բերում շեղջակույտի վրա դրած քարը: Արդյոք դեռ կա՞ քարը, չգողացա՞ն: Հետո ժողովուրդը ուրիշ երկրների ճամփան բռնեց և Մարգարն էլ թոռան հետ գնաց՝ տանելով պառավի հավաքած ծիրանի կորիզները: Տարիներ անցան: Մի օր էլ Թորոսիկը շոգենավի տախտակամածի վրա ելավ: Մարգարն ուրախ էր, երիտասարդացել էր: Ու թոռանը հարցին, թե ուր են գնում, պատասխանել էր, թե իրենց երկիրը: Մարգարի աչքերին արցունք է երևում, երբ առաջին անգամ գնացքի պատուհանից տեսնում է Արարատի ձյունոտ գագաթը: Այդ երկրում պիտի ծլեն ծիրանի կորիզները: Այժմ նրա ջրակալած աչքերում փայլատակում է մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ դպրոցի մոտովն է անցնում և տեսնում դպրոցի բակում խաղացող երեխաներին, որոնց հետ է նաև Թորոսիկը: Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ ծիրանու տունկերն են ձգվում արևի տակ…

tarntercum