Անտոն Չեխով. «Ճայը» (1896թ. համառոտ)

chexov- chaykaՊյոտր Նիկոլաևիչ Սորինի ամառանոցը: Նրա քույրը՝  դերասանուհի Իրինա Նիկոլաևնա Արկադինան, հյուր է նրա մոտ իր որդու՝ Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլևի և գրող Բորիս Ալեկսեևիչ Տրիգորինի հետ: Տրեպլևը ասել է այս Տրիգորինի մասին, որ սա տաղանդավոր է, բայց Զոլա և Տոլստոյ կարդալուց հետո, չես ուզի կարդալ Տրիգորինին:

Տրեպլևը նույնպես գրական փորձեր է անում: Ժամանակակից թատրոնը համարելով նախապաշարված՝ նա փնտրում է նոր ձևեր: Կալվածքում հավաքվածները գալիս են դիտելու նրա պիեսը, որը բեմադրվում է բացօթյա, բնական դեկորացիաների մեջ: Միակ դերը խաղում է Նինա Միխայլովնա Զարեչնայան՝ հարուստ կալվածատիրոջ դուստրը, որին սիրահարված է Տրեպլևը: Ծնողները դեմ են Նինայի թատերական նախասիրություններին, ահա ինչու նա կալվածք է գալիս գաղտնի:

Կոնստանտինը համոզված է, որ նրա մայրը դեմ է բեմադրությանը: Նրան թվում է նաև, որ մայրը չի սիրում իրեն, որովհետև նա՝ քսանհինգամյա երիտասարդը, հիշեցնում է մորը իր տարիքը: Նրան դուր չի գալիս, որ մայրը հայտնի դերասանուհի է, որ բացահայտ ապրում է Տրիգորինի հետ, որ իրեն հասարակության մեջ ճանաչում են մոր միջոցով, որ մայրը ժլատ է…

Զարեշնայային և ներկայացման սկիզբը սպասողների թվում են՝ Իլյա Շամրաևը՝ Սորինի կալվածքի կառավարիչը, նրա կինը՝ Պոլինա Անդրեևնան և դուստրը՝ Մաշան, Եվգենի Դորնը՝ բժիշկ, Սեմյոն Մեդվեդենկոն՝ ուսուցիչ: Սա անպատասխան սիրահարված է Մաշային, իսկ Մաշան՝ Տրեպլևին:

Գալիս է Զարեչնայան: Եկել է միայն կես ժամով: Զարեշնայան դուրս է գալիս բեմ: Սկսում է արտասանել բանաստեղծական տեքստ: Հանդիսատեսները զրուցում են միմյանց հետ: Տրեպլևը նրանց դիտողություններ է անում, իսկ հետո ընդհատում է ներկայացումը և հեռանում է: Մաշան շտապում է նրա ետևից, իսկ Արկադինան Տրիգորինին է ներկայացնում Զարեչնայային:

Պիեսը հավանել են միայն Մաշան և Դորնը:

Մի քանի օր անց: Գործողությունը տեղի է ունենում կրոկետի դաշտում: Նինայի հայրն ու մայրը մեկնել են գործերով, և դա նրան թույլ է տալիս երկար մնալ Սորինի կալվածքում: Արկադինայի և Շամրաևի միջև տեղի է ունենում վեճ, քանի որ վերջինս չի տրամադրում ձիեր և կառք քաղաք մեկնել ցանկացող դերսանուհուն: Պոլինա Անդրեևնան այդ ընթացքում սեր է խոստովանում Դորնին: Սակայն Նինայի հետ հանդիպումը ցույց է տալիս, որ Դորնը սիրահարված է Զարեչնայային:

Նինան զբոսնում է այգում և զարմանում է, որ նշանավոր գրողների և դերասանների կյանքը սովորական մարդկանց կյանքի նման է: Գալիս է Տրեպլևը և ցույց է տալիս Նինային սպանված մի ճայ՝ համեմատելով ինքն իրեն այդ ճայի հետ: Նինան ասում է, որ չի հասկանում նրա սիմվոլները և որ վերջերս առհասարակ դադարել է հասկանալ տղային: Կոնստանտինը ուզում է բացատրվել, բայց տեսնում է մոտեցող Տրիգորինին և հեռանում է:

Նինան և Տրիգորինը մնում են միայնակ: Տրիգորինը անվերջ գրառումներ է անում նոթատետրում: Նինան իր հիացմունքն է արտահայտում այն աշխարհին, որում ապրում են Տրիգորինը և Արկադինան: Տրիգորինը արտահայտվում է իր կյանքի մասին որպես տառապալից ընթացքի: Տեսնելով Տրեպլևի բերած ճային՝ գրանցում է նոր սյուժե աղջկա մասին, որի կյանքում հայտնվում է մարդ, որը չիմանալով, թե ինչ կարելի է անել նրա հետ, կործանում է այդ աղջկան:

Անցնում է մի շաբաթ: Սորինի տան սրահում Մաշան պատմում է Տրիգորինին, որ սիրում է Տրեպլևին և այդ սերը արմատախիլ անելու համար ամուսնանում է Մեդվեդենկոյի հետ: Տրիգորինը պատրաստվում է հեռանալ Մոսկվա Արկադինայի հետ: Արկադինան հեռանում է, որովհետև որդին ինքնասպանության փորձ է արել, իսկ հիմա մենամարտի է ուզում հրավիրել Տրիգորինին: Նինան ևս երազում է մեկնել, որովհետև ուզում է դերասանուհի դառնալ: Աղջիկը գալիս է հրաժեշտ տալու: Առաջին հերթին Տրիգորինին: Նվիրում է գրողին մեդալյոն, որի վրա փորագրված է տող նրա գրքից: Տրիգորինը ուզում է հետևել աղջկան՝ մտածելով, որ գուցե սա այն զգացմունքն է, որը նա փնտրել է ողջ կյանքում: Արկադինան իմանալով այս մասին՝ ծնրադիր խնդրում է չլքել իրեն: Տրիգորինը խոստանում է չանել դա, բայց գիշերով հանդիպում է նշանակում Նինային:

Անցնում է 2 տարի: Սորինն արդեն 62 տարեկան է: Հիվանդ է, բայց կենսառատ: Մաշան և Մեդվեդենկոն ամուսնացած են, ունեն երեխա, բայց Մաշան ատում է և´ ամուսնուն, և´ դստերը:

Տրեպլևը պատմում է Դորնին Նինա Զարեչնայայի ճակատագիրը: Փախել է տնից, միացել է Տրիգորինի հետ: Երեխա են ունենում, որը շուտով մահանում է: Տրիգորինը վերադարձել է Արկադինայի մոտ: Որպես դերասանուհի Նինան ևս չի կայանում: Միշտ նամակներ է գրել Տրեպլևին, բայց երբեք չի գանգատվել: Նամակները ստորագրում էր «Ճայ» մականունով: Հիմա քաղաքում է և խոստացել է գալ:

Նինան հայտնվում է շատ անսպասելի: Կոնստանտինը որերորդ անգամ նրան սեր է խոստովանում: Պատրաստ է ամեն բան ներել և կյանքը նվիրել Նինային: Բայց Նինան նրա առաջարկը չի ընդունում: Դեռ սիրում է Տրիգորինին: Պիտի մեկնի գավառական մի քաղաք՝ տեղի թատրոնում խաղալու: Երբ հանրահռչակ դերասանուհի դառնա, կհրավիրի Տրեպլևին դիտելու իր խաղը:

Նրա հեռանալուց հետո Տրեպլևը ոչնչացնում է բոլոր իր ձեռագրերը և գնում է իր սենյակը: Սրահում հավաքվում են Սորինը, Արկադինը, Դորնը, Տրիգորինը: Լսվում է կրակոց: Դորնը ասում է, որ հավանաբար պայթել է իր դեղորայքով անոթներից մեկը: Վերադառնալով՝ պատվիրում է Տրիգորինին հեռացնել Արկադինային, որովհետև նրա որդին՝ Կոնստանտին Տրեպլևը, ինքնասպանություն է գործել:

tarntercum