1624 թ.: Գարուն: Շվեդ թագավորի բանակը զինվորներ է հավաքագրում նոր արշավանքի համար: Ֆելդֆեբելը և հավաքագրողը պատերազմն են համարում քաղաքակրթության կարգն ու կանոնը: Այնտեղ, ուր չկա պատերազմ, չկա նաև բարոյականություն: Չկան հրամաններ, ամեն ոք գնում է, ուր ուզում է, անում է, ինչ ուզում է:
Երկու երիտասարդներ հրում են Ֆինլանդական երկրորդ բանակի պարենավաճառուհի Կուրաժ մայրիկի սայլը: Երգում է: Ծագումով Բավարիայից է, անունը՝ Աննա Ֆիրլինգ: Կուրաժ մականունը ստացել է ամենավտանգավոր ռազմական իրադրության մեջ իր պարենով լեցուն սայլը երբեք չլքելու համար: Նրա զավակները պատերազմի զավակներ են՝ երկու տղա և մի համր աղջիկ: Նրանց հայրերը տարբեր ազգության զինվորներ են, բոլորը սպանվել են:
Զինվորագրողը հարցնում է Կուրաժ մայրիկին իր որդիների մասին: Սակայն կինը չի ուզում, որ որդիները ծառայեն բանակում: Նա ուզում է կերակրվել պատերազմի միջոցով, սակայն պատերազմին չվճարել տուրք: Սկսում է գուշակություն անել և որպեսզի վախեցնի զավակներին, անում է այնպես, որ յուրաքանչյուրը սև խաչով նշան ստանա: Այդ մանր խաբեությունը դառնում է մարգարեական: Զինվորագրողը տանում է նրա ավագ որդուն: Ոչինչ անել չես կարող: Երկու մնացած երեխաները օգնում են նրան տանել սայլը առաջ շարժվող բանակի ետևից:
1625 -1626 թթ.: Կուրաժ մայրիկը շրջում է Լեհաստանում՝ հետևելով շվեդական բանակին: Ահա աքաղաղ է բերել հրամանատարի խոհարարին և հաջող գին է առաջարկում: Այդ ժամանակ հրամանատարն իր վրանում ընդունում է Էյլիֆին՝ նրա ավագ որդուն, որն աչքի է ընկել կռվի ժամանակ: Մի քանի ցուլ է խլել թշնամուց: Էյլիֆը երգում է, թե ինչ են ասում զինվորներն իրենց կանանց պատերազմի հեռանալուց առաջ: Կուրաժ մայրիկը երգում է, թե ինչ են կանայք ասում պատերազմ գնացող ամուսիններին: Մայր և որդի ուրախ են, որ հանդիպել են:
Պատերազմը ձգվում է ևս երեք տարի: Ֆինլանդական բանակին գրոհում է կայսերական զորքը: Կուրաժ մայրիկը հայտնվում է գերության մեջ: Սակայն նա հասցնում է հանել լյութերական դրոշը և իր սայլին ամրացնել կաթոլիկականը: Այստեղ հայտնված քահանան փոխում է իր զգեստը և հագնում է պարենավաճառուհու օգնականի շոր: Կայսերական զինվորները հասցնում են բռնել և տանել Կուրաժ մայրիկի երկրորդ որդուն՝ Շվայցերկասին: Պահանջում են, որ իրենց հանձնի իրեն վստահված բանակային գանձարանը: Ազնիվ Շվայցերկասը չի կարող հանձնել այն և պիտի գնդակահարվի: Նրան փրկելու համար պետք է վճարել երկու հարյուր գուլդեն: Դրա համար Կուրաժ մայրիկը պիտի վաճառի իր սայլը: Ուզում է սակարկել: Չի՞ կարող փրկել որդուն հարյուր հիսուն կամ հարյուր երեսուն գուլդենով: Ոչ: Պատրաստ է հրաժարվել իր սայլից, բայց արդեն ուշ է: Զիվորները բերում են նրա որդու մարմինը և Կուրաժ մայրիկը ստիպված է ասել, որ չի ճանաչում նրան:
Անցնում է երկու տարի: Պատերազմն ընդլայնվում է: Առանց հանգստանալու և դադարի Կուրաժ մայրիկն իր սայլով անցնում է Լեհաստանը, Մորավիան, Բավարիան: 1631 թ. Մագդեբուրգի մոտ տեղի ունեցած ճակատամարտը արժենում է նրան չորս սպայական վերնաշապիկ, որոնք նրա աղջիկը պատռում է վիրավոր զինվորներին վիրակապեր դնելու համար:
1632 թ. թաղում են կայսեր հրամանատարին՝ Թիլլիին: Հարբած դիակապտիչ զինվորները այլանդակում են նրա դստեր դեմքը:
Սակայն նրա առևտուրը ծաղկում է: «Դուք չեք համոզի, որ պատերազմը կեղտ է»:
Նույն տարում Լյուտցենի ճակատամարտում սպանվում է շվեդ թագավորը: Խաղաղություն է հայտարարված, և դա լուրջ խնդիր է: Ավագ որդի Էյլիֆը շարունակում է կողոպտել և սպանել գյուղացիներին: Զինվորը մեռնում է ինչպես ավազակը: Խաղաղությունը հեղհեղուկ էր: Կուրաժ մայրիկը նորից ճանապարհ է ընկնում իր սայլով:
Արդեն տասնվեց տարի է, ինչ շարունակվում է պատերազմը հավատի համար: Երբեմնի ծաղկուն երկրներում սով է: Գայլերն են շրջում այրված քաղաքներում:
1634 թ. Կուրաժ մայրիկը Գերմանիայում է: Գործերը վատ են: Կուրաժ մայրիկը և խոհարարը երգում են Սոկրատի և Հուլիոս կեսարի մասին, որոնց իմաստնությունը չօգնեց իրենց:
1636 թ. կայսերական զորքը սպառնում է բողոքական քաղաք Հալլեին: Կուրաժ մայրիկը գնացել է քաղաք, որպեսզի ինչք հայթայթի քաղաքացիներից: Գրոհող բանակը մոտենում է քաղաքին գիշերով, որպեսզի մորթ իրագործի: Քեթրինը՝ Կուրաժ մայրիկի դուստրը, չի ուզում հանդուրժել դա: Բարձրանում է կտուրը և թմբուկ է զարկում: Կայսեր զինվորները սպանում են նրան: Սակայն կանայք և անմեղ երեխաները փրկված են:
Կուրաժ մայրիկը օրորոցային է երգում սպանված դստերը: Ահա պատերազմը տարավ նրա բոլոր զավակներին: Անցնող զինվորների ետևից բղավում է, որ իրեն էլ վերցնեն իրենց հետ: Գնում է նրանց ետևից և քարշ է տալիս իր սայլը: