Գաբրիել Սունդուկյան. «Վարինկի վեչերը» (1877 թ. համառոտ)

gabriel-sundukyanՄակակոն «մե խիղճ մարթու կնիկ էր»: Կարուհի է, իսկ ամուսինը «մե խեղճ փեշաքար», և միասին հազիվ կարողանում են հոգալ ընտանիքի ապրուստը:

Մակակոյի ամուսնու եղբայրը՝ Ալեքոն, յուրացրել է հոր ամբողջ հարստությունը, հիմա նրա տունը քաղաքի ամենաբարեկեցիկ տներից է: Այդ արարքը խզել էր եղբայրների կապը: Տարիներ անց Ալեքոյի կինը՝ Վարինկեն, փորձում է հաշտություն հաստատել եղբայրների միջև: Այդ նպատակով «վեչերի» է հրավիրում Մակակոյին: Մակակոն շոյվում է այդ քայլից: Նա էլ արժանի է լինել բարձր հասարակության մեջ: Սակայն ունի ընդամենը 3 ռուբլի: Ծիծաղելի գումար: Տխրում է: «Ինչի՞ է ինքը խեղճ ու ուրիշը չեն… ինչի պիտի ձալոն կարծի թե լոտոյի փող չուներ ու էնդուր չգնաց»:

Հրավերի գայթակղությունը հաղթում է: Գրավ է դնում իր թանկարժեք զարդը և գնում «վեչերի»: Մակակոն ներքին արժանապատվությամբ ելնում է տանից և հասնում Սոլոլակ թաղամաս: Ապշահար է հարուստների թաղամասի շքեղությունից: Մտածում է, որ այդ ամենը ունեն Աստծուն դուրեկան լինելու պատճառով, իսկ ոչինչ չունեցողները մեղավորներ են: Իր դժվախտությունը տեսնում է Սեյիբաթի թաղում ծնված լինելու մեջ:

Մտնում է Ալեքոյի ապարանքը և զարմանքից քար կտրում: Փառավոր սենյակներ են, ոսկեզօծ պատեր, մեծադիր հայելիներ, գույնզգույն վարագույրներ, ընտիր կահույք՝ մի իսկական դրախտ: Իրեն տանջող հարցը մեկն է. եթե բախտը այցելում է արդարներին, ապա ինչով արդար չեն ինքը և իր ամուսինը:

Սկսվում է լոտոյի պարտիան և դրա հետ մեկտեղ նաև բամբասանքի ալիքը: Տիկնանց (դամաների) պատմածները լսող Մակակոն «մազերը բիզ-բիզ էր անում դրուստ»: Մտածում է, որ հիրավի դժբախտ է նա, ով կընկնի սրանց ճանկը: Հիմա արդեն մտածում է ժամ առաջ ազատվել սրանց ներկայությունից:

Տեղի է ունենում սարսափելին: Բարձրաշխարհիկ այդ տիկնանց ականջն է ընկել Մակակոյի զարդը գրավ դրած լինելու փաստը: Սկսում են ծաղրել նրան, ծիծաղել: Արժե՞ր արդյոք զարդը միայն բարձր աշխարհում  երևալու համար ծախել… Մակակոն սարսափելի ճնշված է…

Ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ «վեչերը», որի հրավերից այդքան հուզվել ու ոգևորվել էր, այդքան վատ կզարգանա: 

tarntercum