Գրիմ եղբայրներ. «Գեղեցկուհի Քաթրինելյեն և Պիֆ Պաֆ Պոլտրին»

The Brothers GrimmՄի օր Պիֆ Պաֆ Պոլտրին որոշեց այցելել հարևան ագարակ:

– Բարի օր, Հոլենտե հայրիկ:

– Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:

– Ես ուզում եմ ամուսնանալ ձեր աղջկա հետ: 

– Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ Պոլտրի, եթե Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը և գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ուզածը լինի:

– Իսկ որտե՞ղ է Մալկո մայրիկը:

– Գոմում կով է կթում:

– Բարի օր Մալկո մայրիկ:

– Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:

– Ես ուզում եմ ամուսնանալ ձեր աղջկա հետ:

– Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ Պոլտրի, եթե Հոլենտե հայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը և գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ասածը լինի:

– Հոհենշտոլց եղբայրը որտե՞ղ կլինի:

– Ցախանոցում փայտ է ջարդում:

– Բարի օր, Հոհենշտոլց եղբայր:

– Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:

– Ուզում եմ ձեր քրոջ հետ ամուսնանալ:

– Ես դեմ չեմ, եթե Հոլենտե հայրիկը, Մալկո մայրիկը, Քազեթրաուտ քույրիկը և գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ուզածը լինի:

– Հապա Քազեթրաուտ քույրիկը որտե՞ղ է:

– Պարտեզում խոտ է հնձում:

– Բարի օր, Քազեթրաուտ քույրիկ:

– Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:

– Ուզում եմ ձեր քրոջ հետ ամուսնանալ:

– Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ Պոլտրի, եթե Հոլենտե հայրիկը, Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը և գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ուզածը լինի:

– Իսկ որտե՞ղ է գեղեցկուհի Քաթրինելյեն:

-Նստած իր փողերն է հաշվում հարսնատեսից առաջ:

– Բարի օր, գեղեցկուհի Քաթրինելյե:

– Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:

– Ուզո՞ւմ ես ինձ հետ ամուսնանալ:

– Եթե Հոլենտե հայրիկը, Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը համաձայն են, ես էլ դեմ չեմ:

– Գեղեցկուհի Քաթրինելյե, դե ասա տեսնեմ՝ ի՞նչ օժիտ ունես:

– Տասնչորս պֆենիգ ձեռքիս ունեմ, երեք ու կես էլ՝ ստանալիք, մոտ կես ֆունտ տանձի չիր ունեմ, մի բուռ ընկույզ, մի բուռ էլ չորացրած արմտիք: Հը, ո՞նց է: Լավ օժիտ չէ՞: Պիֆ Պաֆ Պոլտրի, դո՞ւ ինչ արհեստ ունես: Երևի դերձակ ես, հա՞:

– Չէ´, ավելի լավ:

– Կոշկակա՞ր:

–  Չէ´, ավելի լավ:

– Հողագո՞րծ:

– Չէ´, ավելի լավ:

– Հյո՞ւսն:

–  Չէ´, ավելի լավ:

– Երևի դարբի՞ն:

– Չէ´, ավելի լավ:

– Դե ուրեմն՝ ջրաղացպան:

– Չէ´, ավելի լավ:

– Կա-չկա՝ ավլող-թափող ես:

– Հա~, հա´, գտար: Ի՞նչ է, վա՞տ արհեստ է:

tarntercum