Դանիել Դեֆո. «Մոլ Ֆլենդերս» (1722 թ. համառոտ)

daniel-defo-mol-flendersՅոթանասունամյա Մոլ Ֆլենդերսը գրում է իր կյանքի պատմությունը: Ծնվել է 1613 թ. Նյուգեթի բանտում: Մորը բանտարկել են գողության համար և ծննդաբերությունից հետո աքսորում են գաղութ, իսկ 6 ամսեկան Մոլին հանձնում են ինչ-որ ազգականուհու: 3 տարեկանում հայտնվում է գնչուների խմբում: Հետո ետ է մնում նրանցից և Կոլչեստեր քաղաքի իշխանությունը հանձնում է նրան մի տիկնոջ: Սա սովորեցնում է որբերին կարդալ և կար անել: Մոլը գիտի, որ նրան սպասում է տան ծառայի ճակատագիրը: Սակայն նա ցանկություն ունի դառնալու տիկին: Մոլի տիրուհին մեռնում է, և նրա դուստրը վռնդում է Մոլին՝ յուրացնելով նրա դրամը: Մոլը հայտնվում է ուրիշ տիկնոջ մոտ, որտեղ ապրում է մինչև տասնյոթ տարեկան: Ընկերություն է անում տիկնոջ դուստրերի հետ, նվագել է սովորում, խոսում է ֆրանսերեն: Տան ավագ որդին հմուտ է կանանց հարցերում: Սիրահետում է Մոլին, նվերներ է մատուցում և այդկերպ հասնում է «բարձրագույն բարեհաճության»: Խոստանում է ամուսնանալ, երբ ժառանգություն ստանա: Սակայն Մոլին է սիրահարվում կրտսեր եղբայրը՝ Ռոբինը: Նա խնդրում է Բետտիի (այդպես են կոչում Մոլին) ձեռքը: Մոլը մերժում է նրան և բացատրություն է պահանջում ավագ եղբորից: Սա խորհուրդ է տալիս ընդունել եղբոր ամուսնական առաջարկությունը, քանի որ իրենց հայրը դեռ ամուր տղամարդ է, և հայտնի չէ, թե երբ նա կստանա իր ժառանգությունը: Ցնցված Մոլը հիվանդանում է և ապաքինվելուց հետո ընդունում Ռոբինի առաջարկությունը: Ավագ եղբայրը կաշառում է Մոլին՝ տալով նրան 500 փաունդ:

5 տարի անց Ռոբինը մահանում է: Երկու երեխաներին Մոլը թողնում է Ռոբինի ծնողներին և հեռանում է՝ ծրագրելով շահեկան ամուսնություն: Ամուսնանում է արկածախնդիր մեկի հետ, որը կես տարում մսխում է նրանց ունեցվածքը և փախչում է Ֆրանսիա: Մոլը թաքնվում է պարտապաններից Լոնդոնի Մինթ թաղամասում: Այդ ժամանակվանից ընտրում է իր համար Ֆլենդերս անունը:

Ամուսնանում է մի երիտասարդի հետ, որը տանում է նրան Ամերիկա, որտեղ կալվածք ունի: Այնտեղ է ապրում նրա մայրը, որը պատմում է, որ Անգլիայից Ամերիկա է արտաքսվել ինչ-որ հանցագործության համար: Այստեղ ամուսնացել է և ունեցել է որդի, որն էլ Մոլի այժմյան ամուսինն է: Մոլը գլխի է ընկնում, որ դա իր մայրն է: Հարաբերությունները եղբայր-ամուսնու հետ բարդանում են: Ընդ որում նրանք ունեն 2 զավակ, և Մոլը հղի է երրորդով: Ամեն բան պատմում է մորը և եղբորը: Վերջինս ծանր է տանում լուրը և նույնիսկ 2 անգամ փորձում է ինքնասպանություն գործել:

Մոլը վերադառնում է Անգլիա: Ծխախոտի պաշարը, որ նա մտադիր էր վաճառել, ճանապարհին անհետանում է, և նա սպասում է «երջանիկ առիթի»: Կապվում է մի պարոնի հետ, որն ունի հոգեկան հիվանդ կին: Ապրում է նրա հետ և երեք զավակ ունենում: Ողջ է մնում միայն մեկը: Նրանց համատեղ կյանքը տևում է 6 տարի: Հիվանդությունը խլում է պարոնի կյանքը, և Մոլը դարձյալ մնում է մենակ: Հեռանում է Լիվերպուլ: Ամուսնանում է իռլանդացի լորդի հետ, որը պարզվում է իրականում հարուստ չէ: Լորդը իր հերթին պարզում է, որ Մոլը նույնպես չունի հարուստ օժիտ: Նորաթուխ ամուսին Ջեմին թողնում է իրեն սիրող Մոլին և հեռանում է Իռլանդիա գործերը կարգավորելու: Մոլը երեխա է ունենում և հանձնում է նրան մի գյուղացի կնոջ: Այս ընթացքում նամակագրվում է բանկային մի ծառայողի հետ, որը նրան ամուսնություն էր առաջարկել: Որոշ ժամանակ կոտրատվելուց հետո Մոլը ընդունում է առաջարկությունը: Հյուրանոցում, որտեղ նրանք համաձայնության են գալիս, Մոլը իմանում է, որ իր նախկին ամուսինը՝ իռլանդական լորդը, զբաղվում է ավազակությամբ և ունի իր ջոկատը:

Երջանիկ ամուսնությունը բանկային ծառայողի հետ տևում է 5 տարի: Կորցնելով մեծ գումար՝ Մոլի այս ամուսինը մահանում է կաթվածից:  Մոլը արդեն 48 տարեկան է: Կորցրել է արտաքին գրավչությունը: «Սատանան» մղում է նրան դառնալու փողոցային գրպանահատ և գող: Վարպետանում է իր նոր «արհեստում» և անգամ կուտակումներ կատարում: Սակայն ի վերջո հայտնվում է Նյուգեթի բանտում: Քանի որ սա նրա առաջին դատվածությունն է, Մոլին աքսորում են Ամերիկա: Նախքան դա նա բանտում հանդիպում է լորդ Ջենիին՝ իր նախավերջին ամուսնուն, որին համոզում է մեկնել իր հետ:

Վիրջինիայում Մոլը հանդիպում է իր որդու՝ Գեմֆրիի հետ և ստանում է իր մոր կտակած ժառանգությունը: Զբաղվում է պլանտացիայի գործերով: Որոշ ժամանակ հետո ամուսնու հետ հարստացած Մոլը վերադառնում է Անգլիա, որպեսզի «կյանքի մնացյալ հատվածն անցկացնի զղջման մեջ»:

tarntercum