Երվանդ Օտյան. «Ընկ. Բ. Փանջունի» (համառոտ)

otyan-panjuniԵրգիծավեպը եռագրություն է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի աղետալի հետևանքների են հանգեցնում խելացնոր արարքները մի ազգային քաղաքական գործչի, որ ասպարեզ է նետվում և ճամարտակում մեծ գաղափարների անունից՝ դրանց էությունից ոչինչ չհասկանալով: Առաջին մասը կոչվում է «Ընկ. Բ. Փանջունի. ի Ծապլվար»: Նախ ներկայացվում են կենսագրական նոթեր Փանջունու մասին: Տրապիզոնցի մի ընտանիքի կրտսեր զավակն է՝ ծնված 1875 թ.: Մայրը մահացել է, նրան կերակրել են այծի կաթով, ուստի նրա ունայնամտությունն ու թեթևությունը կարելի է վերագրել այդ նախնական սնունդին: Սկսում է խոսել շատ ուշ, ու այլևս չի լռում: Հայրն անգամ բժշկի է դիմում, որպեսզի մի դարման գտնեն նրա համար, բայց բժիշկը, երեխային լավ զննելուց հետո, գալիս է այն եզրակացության, որ Փանջունու հիվանդությունն անբուժելի է, նա միշտ խոսելու է: Ընդ որում, նա բառերը միշտ հակառակ նշանակությամբ է կիրառում: Օրինակ, կոտրում է տան իրերը և ասում, թե շինել է: Այդպիսի արկածներ նա ունենում է նաև դպրոցում՝ ընկերոջը համոզելով, որ 5 անգամ 5 հավասար է 50-ի և ոչ թե 25-ի: Հոր մահից հետո Փանջունին ավագ եղբորից պահանջում է իր բաժին ժառանգությունը և հեռանում: Պոլիսում 3 տարվա մեջ վատնում է ողջ գումարը, Տրապիզոն նամակ գրում եղբորը, ճանապարհածախս ուզում հայրենիք վերադառնալու համար: Գալով՝ տեսնում է, որ եղբայրը իր աշխատասիրության շնորհիվ քաղաքում առաջնակարգ դիրք է գրավել ու կրկնապատկել ունեցվածքը, մինչդեռ ինքը ոչինչ չունի: Այս երկու տեսողությունները իրար է մոտեցնում, քննում, տարրալուծում և այդ քիմիական գործողություններն իր մեջ ծնում են ընկերվարությունը: Ըմբռնում է, թե ինչ դժոխային անարդարություն է կապիտալիզմը և թե ինչ հրամայական պահանջք է հարստության հավասար բաժանումը: Ու այսպես սկսում է սրճարաններում ողջ օրը խոսել, որոտալ ընկերային անիրավության դեմ, այնքան, որ եղբայրը որոշում է նրան ուսման ուղարկել Մարսիլիա վաճառականական դպրոցը, որպեսզի վերադառնա և իր հետ իր գործն անի: Փանջունին գնում է: Սակայն համալսարան հաճախում է ընդամենը 5 անգամ և նրան արտաքսում են և անունը ջնջում ուսանողների արձանագրության տետրակից: Որոշ ժամանակ ապրում է եղբոր ուղարկած գումարով, սակայն 96-ի ջարդերի պատճառով եղբայրը, ամեն բան թողնելով, կնոջ ու երեխաների հետ հեռանում է Տրապիզոնից և Փանջունուն այլևս չի կարողանում օգնել: Փանջունին նրան կեղտոտ արարած է անվանում: Նրան որոշում է օգնել իր ուսանող բարեկամներից մեկը, որ հեղափոխական և խմբագիր է՝ առաջարկելով նրան հեղափոխական գործիչ շինել: Այսպես Փանջունին գնում է Բուլղարիա, Հունաստան, Եգիպտոս, Պարսկաստան և Կովկաս՝ «կենաց բանը» քարոզելու: Այդ ընթացում լուր է ստանում, թե «Սահմանադրությունը հռչակված է Թուրքիո մեջ, բանտարկյալներու ընդհանուր ներում եղած է, մամուլի ազատություն տրված է և թե ամեն մարդ ազատորեն կրնա Թուրքիա մտնել»: Թվում է, թե սա խոչընդոտ է գործի համար, մինչդեռ բուն գործը հիմա պիտի սկսեր: Կուսակցությունները խելահեղ արշավանք են սկսում «Բյուզանդիոնի» վրա և Փանջունին գնում է Պոլիս: Վճռում է գավառը հեղափոխել ու լուսավորել, քանի որ Պոլիսում տեղերը արդեն բռնված են: Գնում է Արաբկիր, ապա Ծապլվար, որտեղ հաստատում է իր գործունեության կենտրոնը, որոնց մասին հաղորդվում է նամակներում: Այստեղ նախևառաջ հեղինակը նշում է, որ այդ նամակները իրեն են հասել «Բյուզանդիոնի» միջոցով, ապա ներկայացվում է 13 նամակ՝ թվագրված 1908 թ. սեպտեմբերից մինչև 1909 թ. փետրվարը, Ծապլվարից, վերջինը՝ Մաշկերտից: Ծապլվար գյուղում Փանջունու համախոհներն են դառնում Խև Ավոն, Սմենց Վարդանը, դպրոցական միության նախագահ Կարոն և նրա մայրը՝ Սառան, որ մի խելոք պառավ կին է և բոլորովին խուլ, Կոլոշենց Սեդոն, քուրդ Հասոն՝ Կարլ Մարքս կլուբի քարտուղարը: Նամակներում իր սիրելի ընկերներին պատմում է, թե ինչպես է բացում գյուղացիների աչքերը, որոնք սովոր են ստրկության և չեն հասկանում, որ պետք է հեղափոխություն, որն առանց արյունահեղության չի կարող լինել: Դժվար է նրանց ստիպել գործադուլ անել: «Խեղճերը թաղված են տգիտության մեջ, բայց համբերություն և ամեն բան իր տեղը կընկնի»,- գրում է Փանջունին և ամեն նամակի վերջում փող ուզում իր բարեկամներից: Պետք է դասակարգային որոշ բաժանումներ անել և կռվի պատրաստել տգետ գյուղացիներին, որը հեշտ գործ չէ: Գյուղի բուրժուազիան ներկայացնող Րես Սերգոն և ծեր քահանա Տեր Սահակը ոչ մի կերպ չեն կարողանում հաշտ հարաբերություններ ստեղծել Փանջունու հետ: Երբ գալիս է նոր բացվող դպրոցի նոր ուսուցիչը, սա իր խմբով գնում է իբր դիմավորելու, բայց հարձակում է գործում, ապա փակվում դպրոցում: Տեր Սահակը և Րես Սերգոն ամեն կերպ փորձում են խաղաղեցնել Փանջունուն, չէ՞ որ լավ է, երբ մարդիկ խաղաղ են ապրում, նրանք համաձայն են բոլոր պայմաններին, անգամ դպրոցի տնօրեն են ուզում նշանակել Փանջունուն, բայց սա ոչ մի կերպ չի համաձայնում, զարմանում է, որ Սերգոն լավ համբավ ունի մարդկանց մոտ: Ի վերջո գալիս են ոստիկանները, և Փանջունին խմբի հետ գնում են իրենց տները, սակայն ոստիկանները բռնում են քուրդ Հասոյին որպես նախկին հանցագործի: Դրանից հետո Փանջունին մի թռուցիկ է բաժանել տալիս գյուղի մեջ, որով հայտնում է, թե կղերականությունը մեռած է, կապիտալիզմը մեռած է և Ծապլվարի վրա բարձրանում է գիտակից պրոլետարիատը: Կոչ է անում ժողովրդին պատժել դավաճաններին՝ Սըհո Ջան, Փրենց Հարո, Րես Սերգո: Արդյունքում Խև Ավոն ծեծում է Րես Սերգոյին, Սմենց Վարդանը՝ Սըհո Ջանին, իսկ Քոմրաշեն քուրդ գյուղի բնակիչները, բարկացած Հասոյի բանտարկությամբ, սպառնում են հարձակվել Ծապլվարի վրա, եթե նրանք 40 ոսկի չտան իրենց: Գյուղը չի կարողանում վճարել և քրդերը հարձակվում են գյուղի վրա: Փանջունին փախչում և թաքնվում է եկեղեցու խորանի հետևի մի նկուղում և 24 ժամ անց, երբ Ծապլվարը ոչնչացած է, իսկ գյուղացիները՝ մեռած, դուրս է գալիս թաքստոցից և իր պաշտոնը ավարտած համարելով, խղճի հանդարտությամբ սպասելով իրենց ջանքերի պտուղին, մեկնում է Մաշկերտ և նամակով այս ամենը հայտնում բարեկամներին: Երկրորդ մասը կոչվում է «Ընկ. Բ. Փանջունի. ի Վասպուրական»: Հեղինակը դարձյալ ներկայացնում է Փանջունու 14 նամակները` գրված Վանից, 1909 թ. մայիսի 20–ից 1911 թ. մարտի 3-ի ընթացքում: Վանում Փանջունին դիմում է «ջոջ աղաներին», զենքի պահանջով, որ պետք է նրանց պաշտպանելու համար: Բայց աղաները կվճարեն զենքի համար, եթե դրան համաձայն են նաև մյուս կուսակցությունները՝ Արմենական, Հնչակյան… Սակայն համաձայնության չեն գալիս՝ ներկայացված աբսուրդային պայմանների պատճառով և Փանջունին դիմում է թուրք Համուտ Աղենց Հասանին, որ սա մի փոքր, աննշան ջարդ կազմակերպի հայերին սարսափ տալու համար: Դա համոզիչ փաստ պիտի ծառայեր զենքի համար դրամ տալու հարկավորության մասին: Թուրքը մերժում է, քանի որ ժամանակը հարմար չէ, բայց հարմար պահին միշտ պատրաստ է: Այսպես զենքի հարցը ժամանակավորապես մի կողմ է դրվում: Փանջունուն հայտնում են, որ նրանց դեմ հոսանք կա ստեղծված և հարկ է կռվել, որ այն չստանա ընդհանուր հանգամանք: Դասախոսություններ է անում և բոլորին սովորեցնում ազատ արտահայտվել, բայց հենց որ մի մարդ իր կարծիքն է հայտնում, թե պետք է քուրդ հարստահարիչների դեմ կռվել և ոչ թե իրար մեջ, նրան ծեծում են: Վանում Փանջունուն գաղափարակից է դառնում ընկեր Սարսափունին, «որ շատ ճիշտ կերպով դիտել տվավ մարտ 31-ի դեպքերը սա անգնահատելի օգուտը ունեցան որ ծնունդ տվին հայ հետադիմական և շերիաթճիական որոշ տիպին»: Նրանք փորձում են եկեղեցում բռնի կերպով քաղաքական ամուսնություն կատարել տալ, հետո մի քանի ժամ անց, ամուսնալուծություն, ապա նորից ամուսնություն՝ իբրև ազատ սիրո դրսևորում, բայց նախագիծը չի հաջողվում: Ապա գավառացիներին լարում են պոլսեցի հայերի դեմ և արդյունքում կազմում են գիտակից երիտասարդների մի խումբ «Գավառացի մարտախումբ» անունի տակ՝ կռվելու համար պոլսահայերի դեմ: Կայծակ անունով մի երեխա մանկապարտեզում գժտվում է իրեն տարեկից մի ուրիշ տղայի հետ, քանի որ սա իրեն գաղափարակից չէ: Ուսուցիչը սաստում է նրան, և Կայծակը մելանի ամանը տալիս է վարժուհու քթին: Առիթից օգտվելով Փանջունու խումբը գնում է մանկապարտեզ: Սարսափունին դասախոսություն է կարդում երեխաներին, ստիպում են վարժուհուն ներողություն խնդրել Կայծակից, ինչը նա մերժում է և ի վերջո հեռանում: Մանիֆեստ են գրում բոլոր դպրոցականներին, հրավիրում «միթինկի»: «Չպետք է խեղդել ըմբոստացումի ոգին մատաղ սերուդի մեջ, քանզի դրա վրա է հիմնվում բուն հեղափոխությունը»: Դպրոցականների համակրանքը շահելուց հետո նրանք անցնում են Մակար Միկոյանի ջուլհակի գործարանին: Սա մի թուրք բեկի պատվերով իրեր պետք է պատրաստեր նրա որդու հարսանիքի համար և դրա համար պարտքով գումար էր վերցրել: Բանվորուհիներին ստիպում են գործադուլ անել ցածր աշխատավարձի պատճառով, բայց արդյունքում, քանի որ հնարավոր չէր, որ աշխարհի բոլոր գործավորներն ընդդիմանային աշխարհի բոլոր գործարանատերերին, ծրագիրը խափանվում է, բանվորուհիները մնում են առանց աշխատանքի, գործարանը փակվում է, իսկ տերը՝ Մակարը, ինքն է դառնում աշխատող մեկ այլ ջուլհականոցում: Այսպես ամենուր անախորժություններ ստեղծելով, մարդկանց հրահրելով իրար դեմ, կանանց համար տղամարդկանց կողքին հավասար լինելու մասին դասախոսություններ կարդալով, որը վերջանում է Սարսափունու ծեծով, քանի որ դա տեղի էր ունեցել եկեղեցում Խթումի օրը, գիշերով և դիտվել էր որպես հակակրոնական քայլ, նրանք Գիժ Մակարի խորհրդով գնում և բռնագրավում են Ս. Վարդանա վանքը, արտաքսում են 3 վարդապետներին, 2 մշակներին, պառավ կնոջն ու նրա թոռանը, վաճառում են ողջ գույքը և անասուններին, որի գումարը տրվում է Սարսափունուն Պարսկաստան գնալու ճանապարհածախսի համար, վերանվանում են վանքը հեղափոխական գաղափարի մեծ ներկայացուցչի՝ Քրոպոտկինի անունով և այս ամենը անում են իբր թե օրենքով, Օրենսդիր ժողովի որոշմամբ, որի բոլոր պաշտոններն իրականում պատկանում են միայն Փանջունուն: Վերջին նամակում Փանջունին գրում է իր բարեկամներին, որ նրանց հրահանգով գնում է Պոլիս: Երրորդ մասը կոչվում է «Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ: Իմ աշխարհայացքները»: Նախաբանում հեղինակը բացատրում է իր ընթերցողին, թե ինչու այսքան ժամանակ չի կատարել նրանց խնդրանքը՝ գրել Փանջունու մասին: Բանը նրանում է, որ Փանջունին ինքն էր իրեն դա խնդրել, երբ նրանք միասին գրեթե երկու տարի Թարսուսում (Տարսուն-քաղաք Կիլիկիայում) տարագրության մեջ էին: Հետագայում հեղինակը իմանալով, որ Փանջունին Երևանում է, նամակով խնդրում մոռանալ իր խոստման մասին, և թույլ տալ գրել պատահածը, որին ինքն էլ է մասամբ մասնակից եղել: Փանջունին պատասխանով թույլ է տալիս հեղինակին գրել: Առաջին անգամ հանդիպել էին Պուսերայում, որտեղից Փանջունին Մուհամեդ անունով մի մարդու միջոցով փախել էր եզիտների մոտ՝ Պարսկաստան, ապա Կովկաս գնալու մտադրությամբ: Ապա հանդիպում են Թարսուսից քիչ հեռու գտնվող վրանների տակ, որտեղից տարագիրներին պետք է տանեին Օսմանիա: Փանջունին այժմ այլ գաղափարներով է տոգորված: Կարծում է, որ յուր. հայ իր մեջ կրում է ողջ հայությունը, և զուտ իրեն փրկելով՝ փրկում է ողջ հայությունը: Այժ ինքն է իր կուսակցությունը և միայն իր փրկության մասին է մտածում: Դա կոչվում է «ուլթրա ապակենդրոնացում»: Նրանք կարողանում են փախչել Թարսուս: Սակայն Թարսուսում Փանջունին անմիջապես մոռանում է իր նոր գաղափարները և դարձյալ փնտրում գաղափարակից ընկերեր, որպեսզի իրագործի իր նպատակները: Գումար են հավաքում տեղի հայերից և խմբով գնում են Մերսինի շրջակա ծովափնյա անտառը, որտեղ պիտի լաստ սարքեն և դրանով գնան Կիպրոս: Ազատ հողի վրա էլ կմտածեն հետագա ծրագրերի մասին: Բայց այս ամենը խափանվում է, քանի որ խմբի անդամները ճանապարհին աստիճանաբար լքում են Փանջունուն և վերադառնում Թարսուս, մնում է միայն մի մարդ՝ Քափթան Համբարը, որն էլ, սակայն, թալանում է Փանջունուն, անհետանում, և սա անտառում մնում է մենակ՝ քաղցած, առանց փողի: Այս ամենը Փանջունին պատմում է հեղինակին, երբ նրանք դարձյալ հանդիպում են և միասին գնում Իսլահիե, ապա բաժանվում և նորից հանդիպում Հալեպում: Այստեղ Փանջունին դարձյալ դասախոսություններ է կարդում խեղճ մարդկանց, որոնք ավելի շուտ հացի կարիք ունեն: Հետո հեղինակն ու նա ճաշակում են Հալեպի «պաքլավա» և «քեպապ», ապա հեղինակը մեկնում է Համա, իսկ Փանջունին մնում է Հալեպում: Վերջում ներկայացված են Փանջունու աշխարհայացքները՝ «Պարոն պատրիարքի ընթացքը», «Ստոր ինսինուացիաներ», «Սանասարյան անոմալիան», «Հայ ազնվաբուրժուազիական մի կոլոսալ եղեռնագործություն», «Եփրեմ խան Ֆոնդ», «Ընտրական զեղծումներ, նրանց սկզբնապատճառը նրանց դարմանը», «Ե՞րբ կը գա խոսելու րոպեն», «Մի քանի առողջ թելադրություններ», «Կուսակցական և անհատական հանգամանքներու թեորիան» վերնագրերով: Սրանք դասախոսություններ են, որոնք Փանջունին հրապարակել է «Բյուզանդիոն» թերթում:

tarntercum