Հեսիոդոս. «Աշխատանք և օրեր» (համառոտ)

HesidosԱշխատանք և օրեր» պոեմը գրված է բարոյախրատական-դիդակտիկ ոճով: Հեղինակը՝ Հեսիոդոսը դիմում է եղբորը՝ Պերսեսին, որը դատական գործ է հարուցել իր դեմ հորից ստացած ժառանգության համար և կեղծարարությունների ու կաշառքների գնով անօրենաբար շահել է դատը: Այսպես, ստեղծագործության հիմնական մոտիվն է համոզել եղբորը, որն ուզում է նոր դատ սկսել, հրաժարվել կեղծիքից և հարստանալու իր տենչը բավարարել աշխատանքի մեջ: Այս ինքնակենսագրական դրվագը միայն տեղային առիթ է ծավալելու համար շատ ավելի մեծ նշանակության և ընդգրկման կտավը:

Հեսիոդոսի աշխարհայացքը հոռետեսական ու դաժան է: Բեովտիայի՝ իր հայրենիքի ժողովուրդը տառապում էր սակավահողությունից, սակայն դրան գումարվում է նաև մարդկային բնության մեծագույն արատը՝ ժլատությունը:

Նախանձը մարդկային բնության բնական որակներից է, քանզի «բրուտագործը չարությամբ է նայում բրուտագործին, հյուսնը՝ հյուսնին, երգիչը՝ երգչին»: Էրիս աստվածուհին՝ վեճի այդ տարերքը, երկդիմի է՝ չար և բարի: Առաջինը խթանում է թշնամություն և պատերազմ, երկրորդը՝ մրցակցություն աշխատանքի մեջ: Աշխատանքը, սակայն, ըստ Հեսիոդոսի, աստվածների կողմից մարդկանց առաքված պատիժ է: Չէ՞ որ աստվածները թաքցրել են մարդկանցից սննդի անվճար աղբյուրները:

Կյանքի պայմանները վատթարանում են: Եվ չնայած Պրոմեթևսը գողացել է մարդկանց համար հուրը նրանց կյանքը հեշտացնելու համար, սակայն Զևսի կողմից մարդկանց մոտ ուղարկված Պանդորան բացել է դժբախտությունների արկղը և դրանք նոր թափով են համակել մարդկանց կյանքը: Ժամանակը ոչ միայն պայմանների, այլև մարդկային ցեղի որակների աստիճանական վատթարացում է: Մարդկանց առաջին սերունդը Հեսիոդոսը կոչում է «ոսկե», քանզի սա չգիտեր, ինչ բան է աշխատանքը, դառնությունը: Առաջին սերնդին հերթով փոխարինում են արծաթե, պղնձե, հերոսական (Տրոյական պատերազմի ժամանակը) և երկաթե սերունդները: Վերջին սերունդը շարժվում է դեպի կործանում: Կործանումը վրա կհասնի, երբ բոլոր բարոյական սկզբունքները կփոխարինվեն հակառակ սկզբունքներով:

Ազնիվ կենցաղավարության ուղիներ, սակայն, կան: Դրանք աշխատանքի մեջ են: Տղամարդը պիտի ամուսնանա երեսուն տարեկանում երիտասարդ աղջկա հետ, որին հեշտ է բարեպաշտություն սովորեցնել: Լավ է ունենալ միայն մեկ որդի, որպեսզի հարկ չլինի բաժանել ունեցվածքը:

Հողագործությունը հարստանալու ամենահիմնական եղանակն է: Սակայն հողագործը պիտի կարողանա կանոնակարգել աշխատանքի ռիթմը: Հարկ է իմանալ տարվա եղանակները (օրերը) և բնության տարբեր օրինաչափությունները, որ կապված են այդ եղանակների հետ:

Հարստանալու մյուս լավ միջոցը ծովային առևտուրն է: Այստեղ ևս հարկ է իմանալ նավարկության համար բարենպաստ ժամանակը:

Պոեմը չունի սյուժե և թեմաների շարադրման խիստ հետևողականություն: Խրատներին հետևում են առակները, առակներին՝ մարդկանց առօրյա կենցաղի նկարագրությունները, միֆական պատմությունները:

Խրատները ամենաընդհանուր բարոյական սկզբունքներից հասնում են մինչև մասնավոր կյանքի ամենաանշան թվացող դրվագները. ինչպես կենակցել կնոջ հետ, ինչպես լողանալ, ինչպես աղոթել, ինչպես անցնել գետը:

Պոեմի վերջում տրվում է ամենատարբեր գործերի համար բարենմպաստ և ոչ բարենպաստ օրերի ցանկը:

Պոեմը, ինչպես և Հոմերոսի պոեմները, գրված է հոնիական բարբառով և հեքսամետրով:

tarntercum