Առաջին աշխարհամարտի թեժ տարիներն են: Գերմանիան արդեն կռվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի և Ամերիկայի դեմ: Պաուլ Բոյմերը, որի անունից պատմվում են վեպի իրադարձությունները, ներկայացնում է իր զինակիցներին՝ գյուղացիներին, դպրոցականներին, ձկնորսներին և արհեստավորներին:
Ջոկատը հանգստանում է թշնամու հրետակոծությունից հետո: Զոհերը շատ են և զինվորները ստանում են կրկնակի կերակուր: Մյուլլերը, Պաուլը և Կրոպը գնում են իրենց վիրավոր համադասարանցու մոտ: Ընկերները նույն ջոկատում են հայտնվել տրվելով իրենց ուսուցչի՝ Կանտորեկի հայրենասիրական համոզումներին: Այդպիսի հարյուրավոր կանտորեկներ հիմարացնում են երիտասարդությանը: Ընկերները գտնում են Ֆրանց Կիմերիխին, որի ոտքը հեռացրել են: Բայց նա մեռնում է իրենց աչքի առաջ: Ճնշված ընկերները վերադառնում են ճամբար: Այստեղ Կրոպը ներկայացնում է պատերազմի ընթացքի սեփական տեսությունը: Թող կռվեն գեներալները: Չէ՞ որ նրանք են որոշում, ով ում հետ պատերազմի: Ցերեկը նորակոչիկներ են բերում, որոնց փորձառու Կատչինսկին սովորեցնում է ձայնից տարբերել պայթող արկերը և թաքնվել նրանցից: Պաուլը մտածում է զինվորների բնազդային վարքի մասին, երբ նրանք լսելով պայթյունը փորձում են պառկել հողին և կառչել նրանից: Այդ ժամանակ հողը նրանց միակ ընկերն է, եղբայրը, մայրը:
Ինչպես ենթադրում էր Կատչինսկին, գիշերը սկսվում է գնդակոծությունը: Հարվածում են քիմիական զենքով: Դիմակները չեն օգնում: Պետք է բարձրանալ խրամատից, սակայն վերևում սուլում են գնդակները:
Տղաները հաշվում են, թե քանի հոգի են իրենց դասարանից ողջ մնացել: Յոթին սպանել են, մեկը հոգեբուժարանում է: Չորսը մնացել են: Խոսում են այն մասին, թե ինչով կզբաղվեին, եթե չլիներ պատերազմը: Զորամաս է գալիս Հիմելշտոսը, որը վարժեցնում է նրանց և որին նրանք բոլորը չեն սիրում:
Պատրաստվում են գրոհի: Խրամատներում բազմացել են առնետները: Գրոհում են ֆրանսիացիները, սակայն նրանց ետ են շպրտում: Սկսվում է հակագրոհը, և տղաները վերադառնում են պահածոների և խմիչքի պաշարով: 150 հոգանոց ջոկատից կենդանի են մնում 37 հոգի:
Պաուլին կանչում են գրասենյակ և տալիս են արձակուրդային փաստաթղթերը: Ահա նա տանն է: Մայրը հիվանդ պառկած է: Հայրը ուզում է բոլորին ցույց տալ իր որդուն, սակայն Պաուլը ոչ ոքի չի ուզում տեսնել: Նա հանգիստ է փնտրում սրճարաններում, որտեղ կարող է գարեջուր խմել: Այստեղ հայրենասեր ուսուցիչները խոսում են այն մասին, թե ինչպես կարելի է «ծեծել ֆրանսիացիներին»: Խոսում են նաև Բելգիան, Ֆրանսիայի արևմուտքը և Ռուսաստանի շատ տարածքներ գրավելու մասին:
Պաուլը լինում է Կիմերիխի մոր մոտ, որին ասում է, որ իր որդին մեռել է սրտին դիպած գնդակից: Մայրը հավատում է նրան: Պաուլը լինում է զորամասում, որտեղ անցել են զորավարժությունները: Կողքին ռուս գերիների մեծ ճամբարն է: Պաուլը հսկում է այդտեղ: Նայելով այդ մարդկանց՝ մտածում է, թե ինչու մանկական դեմքերով ու մորուքներով այդ մարդիկ դարձան թշնամի: Նրանք ամեն օր թաղում են մահացածներին և երգում:
Պաուլին ուղարկում են հին զորամասը, որտեղ նա հանդիպում է ընկերներին: Գալիս է կայզերը, բայց դա տպավորություն չի թողնում զինվորների վրա: Նորից վիճում են այն մասին, թե ում են պետք պատերազմները: Լուրեր են պտտվում, որ իրենց ուղարկելու են Ռուսաստան, բայց նրանք հայտնվում են կռվի բոհում: Գիշեր, կրակոցներ և հրթիռներ: Պաուլը մոլորվում է առաջնագծում և չգիտի, թե որ ուղղությամբ շարժվի: Նա մի օր անցկացնում է ականափոսում, ջրի ու ցեխի մեջ: Ատրճանակը կորցրել է: Ունի միայն դանակ: Փոսում է հայտնվում ֆրանսիացի զինվոր: Պաուլը հարձակվում է նրա վրա: Գիշերը նա վերադառնում է յուրայինների մոտ: Նա մարդ է սպանել… նրան, ով իրեն ոչինչ չի արել:
Մի ամսից նա նորից առաջնագծում է: Ընկնելով թշնամու կրակահերթի տակ՝ հայտնվում է հոսպիտալում: Ապաքինվելով նորից ուղարկվում է ճակատ: Ամերիկյան, անգլիական և ֆրանսիական զորքերը հարձակվում են հյուծված գերմանացիների վրա: Մյուլլերին սպանում են ազդանշանային հրթիռով: Կատչինսկին նույնպես ծանր վիրավորվելով մեռնում է: Դասարանցիներից ողջ է մնացել միայն Պաուլը:
Նրան սպանում են 1918 թ. հոկտեմբերին: Այդ օրը թերթերը հաղորդում են. «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»: