Թեոդոր Դրայզեր. «Ամերիկյան ողբերգություն» (1925 թ. համառոտ)

theodore-drayzer-american-tragedy-tragedyԿանզաս-Սիթի: Ամառային երեկո: Երկու մեծահասակներ և չորս երեխաներ երգում են և կրոնական բրոշյուրներ են բաժանում մարդկանց: Ավագ որդուն ակնհայտորեն դուր չի գալիս իրենց զբաղմունքը, սակայն ծնողները կրքոտ նվիրումով են վերաբերում իրենց գործին, որը տալիս է նրանց միայն բարոյական բավարարում: Էյսա Գրիֆիթսը՝ ընտանիքի   գլուխը, ոչ պրակտիկ մարդ է, և նրանք հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

Պատանի Քլայդ Գրիֆիթսը փորձում է դուրս պրծնել այս փոքրիկ քաղաքից: Նախ աշխատում է դեղատանը որպես վաճառողի օգնական, ապա որպես փոստատար հյուրանոցում: Աշխատակիցները ընդունում են նրան իրենց ընկերական շրջանակը, և նա սուզվում է նոր կյանքի մեջ: Ծանոթանում է գեղեցիկ երիտասարդ վաճառողուհի Հորտենզիա Բրիգսի հետ, որը չափազանց հաշվենկատ է: Ուզում է, օրինակ՝ ունենալ նոր ժակետ, որն արժե հարյուր տասնհինգ դոլլար, և Քլայդը չի կարողանում մերժել նրան:

Շուտով Քլայդը ընկերների խմբով ուրախ զբոսանքի է դուրս գալիս հրաշալի պակկարդով: Կանզաս-Սիթի վերադառնալիս եղանակը փչանում է և ձյուն է գալիս: Մեքենան գաղտնի իր հոր հարուստ տնօրենի ավտոտնակից էր վերցրել երիտասարդներից մեկը՝ Սպարսերը: Ընկերները խնդրում են Սպարսերին արագացնել ընթացքը, քանի որ ոմանք ուշանում են աշխատանքի: Սա, չկարողանալով կառավարել ղեկը, հարվածում է մի փոքրիկ աղջկա և փորձելով փախչել՝ շուռ է տալիս մեքենան: Վարորդը և աղջիկներից մեկը մնում են մեքենայի մեջ անգիտակից, մյուսները փախչում են:

Հաջորդ օրը թերթերը հայտնում են վթարի մասին: Աղջիկը մահացել է, իսկ կալանավորված Սպարսերը տվել է իր ընկերների անունները: Խուսափելու համար ձերբակալումից Քլայդը և մի քանի ուրիշներ լքում են Կանզաս-Սիթին: Երեք տարի Քլայդը ուրիշի անվան տակ թաքնվում է բոլորից փոքրիկ քաղաքում և անում է սև աշխատանք, որի համար ստանում է գրոշներ: Մի օր Չիկագոյում հանդիպում է իր ծանոթներից մեկին՝ Ռետերերին, որը ևս եղել է պակկարդում: Սա տեղավորում է Քլայդին Յունիոն ակումբում որպես փոստատար: Նա գոհ է իր նոր կյանքից: Սակայն մի օր ակումբում է հայտնվում նրա հորեղբայրը՝ Սեմյուել Գրիֆիթսը, որը ֆաբրիկա ունի Նյու-Յորք նահանգի Լիկուրգ քաղաքում: Նրան աշխատանք է խոստանում իր ֆաբրիկայում:

Սեմյուել Գրիֆիթսի որդին՝ Հերբերտը, սառն է ընդունում նոր ազգականին և տեսնելով, որ սա չունի մասնագիտություն, տալիս է ծանր ու անհեռանկար աշխատանք: Քլայդը սկսում է ամեն բան զրոյից:

Մի ամիս անց ավագ Գրիֆիթսը հետաքրքրվում է Հերբերտից, թե ինչպես է աշխատում Քլայդը: Հերբերտի գնահատականները զուսպ են: Նպատակասլաց չէ, չունի կրթություն, փափուկ է: Սակայն Քլայդը հրավեր է ստանում ընտանեկան ճաշի: Այստեղ ծանոթանում է երիտասարդ գեղեցկուհիներ Բերտինա Քրենսթոնի և Սոնդրա Ֆինչլիի հետ: Հոր կարգադրությամբ Հերբերտն ավելի բարձր ու հեշտ աշխատանք է գտնում Քլայդի համար: Նա զբաղվում է գրագրությամբ: Հերբերտը զգուշացնում է, որ հատկապես կանանց հետ հարաբերություններում Քլայդը պիտի իրեն զուսպ պահի:

Ֆաբրիկան նոր պատվերներ է ստանում և ստիպված է ընդլայնել աշխատակազմը: Աշխատանքի է ընդունվում երիտասարդ Ռոբերտա Օլդենը, որի հմայքին Քլայդը չի կարող դիմանալ: Նրանք սկսում են հանդիպել և Ռոբերտան դժվարությամբ է պահում իր կուսական բարեպաշտությունը: Այդ ընթացքում Քլայդը սկսում է հանդիպել նաև Սոնդրա Ֆինչլիի հետ: Սա հարուստ օժիտով հարսնացու է, որը մեծ հետաքրքրություն է տածում Քլայդի հանդեպ և անգամ հրավիրում Լիկուրգի երիտասարդ վերնախավի երեկույթներից մեկին: Նոր տպավորությունների ֆոնի վրա Ռոբերտայի հմայքը Քլայդի աչքերում սկսում է խամրել: Հենց այդ ժամանակ Ռոբերտան, զգալով, որ Քլայդը սառում է նրա նկատմամբ, տրվում է նրան:

Սակայն Սոնդրա Ֆինչլին չի կորչում նրա կյանքից: Նա շարունակում է ծանոթացնել Քլայդին իր միջավայրի հետ: Ռոբերտան տառապում է խանդից և բացի այդ պարզվում է, որ հղի է: Քլայդը կորցնում է գլուխը, երբ իմանում է դրա մասին: Դեղերը չեն օգնում ազատվել պտուղից, իսկ բժիշկը հրաժարվում է վիրահատություն անել:

Ամուսնանալ Քլայդը չի ուզում: Ռոբերտան մտադիր է պատմել ամեն բան Քլայդի հորեղբորը, բայց դա կնշանակի նրա համար ամեն կարիերայի ավարտ: Քլայդը խոստանում է կամ բժիշկ գտնել, կամ ամուսնանալ նրա հետ:

Քլայդի աչքով է ընկնում թերթի մի հոդված, որը պատմում է դժբախտ պատահարի մասին: Վարձու նավակով լճային զբոսանքի գնացած զույգը չի վերադառնում: Գտնվում է միայն շուռ եկած նավակը և կնոջ մարմինը: Քլայդի վրա այս պատմությունը ուժեղ ազդեցություն է թողնում, մանավանդ, որ նա ստանում է Ռոբերտայի հերթական նամակը, որտեղ սա սպառնում է այցելել իր հորեղբորը և ամեն բան պատմել:

Հրավիրում է աղջկան լճային զբոսանքի, որից հետո նրանք կամուսնանան: Նրան տանջում են մտքերը: Մի բան է որոշել և այլ բան է իսկապես սպանել:

Նրանք նավակի մեջ են: Քլայդի մռայլ տեսքը վախեցնում է Ռոբերտային: Երբ աղջիկը մոտենում է նրան և հարցնում, թե ինչ է եղել, Քլայդը հարվածում է նրան ֆոտոխցիկով և հրում: Ռոբերտան ընկնում է: Նավը շրջվում է և հարվածում Ռոբերտայի գլխին: Ռոբերտան բղավում է և խնդրում է Քլայդին փրկել իրեն, բայց տղան ոչինչ չի ձեռնարկում: Լողալով դուրս է գալիս ափ առանց Ռոբերտայի:

Շրջված նավակը և Ռոբերտայի մարմինը արագ գտնում են: Քննիչ Հեյթը և դատախազ Մեյսոնը դուրս են գալիս Քլայդի հետքի վրա: Փորձառու դատախազը արագ բացահայտում է ամեն բան: Քլայդին կալանավորում են և հիմա նրան սպասում է դատ:

Սեմյուել Գրիֆիթսը ապշած է և լավ իրավաբաններ է վարձում: Նրանք գործի են դնում բոլոր հմտությունները, բայց Մեյսոնը չի զիջում նրանց: Երկարատև դատն ավարտվում է մահավճռով: Հարուստ ազգականները դադարում են օգնել Քլայդին, և միայն նրա մայրն է շարունակում փորձել ինչ-որ բան անել նրա համար: Բայց այդ փորձերն ապարդյուն են: Հասարակության հետաքրքրությունը այդ գործի հանդեպ սառում է, և արդարադատության մեքենային ոչինչ չի խանգարի ավարտի հասցնել այն:  

tarntercum