Թոմաս Ման. «Դոկտոր Ֆաուստուս» (1947թ. համառոտ)

Mann-FaustusՊատմությունը շարադրվում է փիլիսոփայության դոկտոր Սերենուս Ցայտբլոմի անունից: Ծնվելով 1883 թ., նա ավարտում է Կայզերսաշերն քաղաքի գիմնազիան, հետո համալսարանը, դառնում է դասական լեզուների ուսուցիչ և ամուսնանում է: Ադրիան Լևերկյունը երկու տարով կրտսեր է նրանից: Մանկությունը անցել է իր ծնողների կալվածքում, Կայզերսաշերնից ոչ շատ հեռու: Երկու զավակ ունեցող ընտանիքի կենսակերպը մարմնավորում է հավատարմություն ավանդույթին: Ադրիանի մեջ վաղ է ծնվում հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ: Նրան ուղարկում են գիմնազիա: Քաղաքում նա ապրում է հորեղբոր մոտ, որն ունի երաժշտական գործիքների խանութ: Չնայած ուսման մեջ փայլուն հաջողություններին, տղան առանձնանում է գաղտնապահությամբ և սիրում է մենությունը: 14 տարեկանում առաջին անգամ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության նկատմամբ: Վենդել Կրեչմարի մոտ դասեր է առնում: Ավարտելով գիմնազիան՝ Ադրիան Լևերկյունը ուսումնասիրում է աստվածաբանություն Հալլեի համալսարանում, ուր տեղափոխվում է նաև Ցայտբլոմը: Կրոնի հոգեբանության դասախոսը՝ Շլեպֆուսը, ներկայացնում է ուսանողներին մարդու կյանքում մոգության և դեմոնիզմի իրական ներկայության տեսությունը: Հետևելով Ադրիանին՝ նա համոզվում է տղայի յուրահատուկ օժտվածության մեջ: Լևերկյունը կապ է պահում Շլեպֆուսի հետ նաև այն ժամանակ, երբ սա տեղափոխվում է Լայպցիգի կոնսերվատորիա: Ինքն էլ տեղափոխվում է Լայպցիգ: Սակայն Կրեչմարը գտնում է, որ Լևերկյունի համար կոնսերվատորիան կարող է կործանարար լինել: Լայպցիգ ժամանելու առաջին օրը տղային պանդոկի փոխարեն տանում են հասարակաց տուն: Նշաձև աչքերով աղջիկը շոյում է նրա գլուխը, սակայն Լևերկյունը փախչում է հաստատությունից: Այդ օրվանից աղջկա պատկերը հետապնդում է նրան: Պատանին որոշում է գտնել աղջկան: Ստիպված է մեկնել նրա ետևից Բրատիսլավա: Երբ վերջապես գտնում է աղջկան, սա ասում է, որ հիվանդ է սիֆիլիսով: Այդուհանդերձ, Ադրիանը հակված է մերձենալ նրա հետ: Վերադառնալով Լայպցիգ՝ Ադրիանը շարունակում է երաժշտական պարապմունքները: Շուտով նա ստիպված է լինում դիմել բժկի օգնությանը: Չհասցնելով բուժումն իր ավարտին՝ բժիշկը մահանում է: Ուրիշ բժիշկ գտնելու փորձը անհաջողության է մատնվում. բժշկին ձերբակալում են: Երիտասարդը որոշում է չբուժվել: Նա տարված է երաժշտություն հորինելով: Այդ շրջանի նրա լավագույն ստեղծագործությունն է ռոմանտիկ պոետ Կլեմենս Բրենտանոյի բանաստեղծությունների հիման վրա երգերի շարքը: Լայպցիգում Լևերկյունը ծանոթանում է բանաստեղծ և թագմանիչ Շիլդկնապի հետ, որին համոզում է լիբրետտո գրել Շեքսպիրի «Սիրո անպտուղ ճիգեր» պիեսի թեմայով: 1910 թ. Կրեչմարը դառնում է Լյուբեկի թատրոնի գլխավոր դիրիժոր, իսկ Լևերկյունը տեղափոխվում է Մյունխեն, որտեղ սենյակ է վարձում սենատորի այրու՝ տիկին Ռոդդոի մոտ: Սա ապրում է իր մեծահասակ դստրերի՝ Ինեսի և Կլարիսի հետ: Այստեղ հաճախ են տեղի ունենում երեկույթներ: Լևերկյունը ծանոթանում է երիտասարդ ջութակահար Ռուդոլֆ Շվերդտֆեգերի հետ: Սա ուզում է ընկերանալ Լևերկյունի հետ և որ կոմպոզիտորն իր համար ջութակի կոնցերտ գրի: Մյունխեն է գալիս Շիլդկնապը: Ոչ մի տեղ հանգիստ չգտնելով՝ Լևերկյունը մեկնում է Իտալիա Շիլդկնապի հետ: Պալեստրինա գյուղակում նրան այցելում են Ցայտբլոմ ամուսինները: Լևերկյունը գրում է օպերա: Հենց այստեղ է նրա հետ պատահում դրվագը, որը մանրամասնորեն նկարագրված է ավելի ուշ հայտնաբերված նոտաների տետրակում: Նրան է հայտնվում սատանան և ասում, որ ինքն է հիվանդության պատճառը: Կանխատեսում է, որ Լևերկյունը մեծ դեր պիտի խաղա իր ազգի ճակատագրի և մշակույթի մեջ: Նա կբացի նոր դարաշրջանը, որը կոչվում է «բարբարոսության դարաշրջան»: Սատանան հայտնում է, որ գիտակցաբար վարակվելով վատ հիվանդությամբ, Լևերկյունը գործարք է կնքել իր հետ: 24 տարի անց սատանան կկանչի նրան իր մոտ: Կա մեկ պայման. Լևերկյունը պիտի մեկընդմիշտ հրաժարվի սիրուց:

1912 թ. աշնանը ընկերները վերադառնում են Իտալիայից և Ադրիանը սենյակ է վարձում  Շվայգեշտիլների կալվածքում, Մյունխենից ոչ հեռու: Ավարտելով օպերան՝ Լևերկյունը նորից տարվում է վոկալ պիեսների գրությամբ: 1914 թ. գրում է «Տիեզերքի հրաշքները» սիմֆոնիան: Սկսվում է Առաջին աշխարհամարտը, որը ոչ մի կերպ չի դիպչում Լևերկյունին: Սկսում է գրել «Հայտնություն» օրատորիան: Իր դիվային երաժշտությամբ նպատակ ունի ցույց տալ այն կետը, որին մոտենում է: Վերջապես կոնցերտ է գրում Շֆերդֆեգերի համար: Ցյուրիխում ծանոթանում և սիրահարվում է թատերական նկարչուհի Մարի Գոդեին: Բայց նրան խնդրում է իր հարսնախոսը դառնալ Շվերդֆեգերը: Մի քանի օրից բոլորը գիտեն ջութակահարի և Մարիի նշանադրության մասին: Սակայն ջութակահարին սպանում է նրա նախկին սերը՝ Ինես Ռոդդեն:

Լևերկյունը հղանում է «Դոկտոր Ֆաուստուսի լացը» կանտատը: 1928 թ. Լևերկյունի մոտ Պֆայֆերինգ են բերում կրտսեր ազգականին՝ Նեպոմուկ Շնայդեվայնին: Ադրիանը ողջ սրտով կապվում է նրան: Սակայն 2 ամսից երեխան հիվանդանում և մահանում է:

1930 թ. մայիսին նա հավաքում է ընկերներին և բարեկամներին լսելու իր նոր ստեղծագործությունը: Այստեղ էլ խոստովանում է, որ իր ամբողջ ստեղծագործությունը սատանայի արգասիքն է: Սիրելու նրա բոլոր փորձերն ավարտվում են սիրելիների մահով: Ահա ինչու նա համարում է իրեն ոչ միայն մեղսավոր, այլև մարդասպան: Բոլորը հեռանում են: Լևերկյունը սկսում է դաշնամուր նվագել, բայց հանկարծ վայր է ընկնում, իսկ երբ ուշքի է գալիս, առաջ են գալիս խելագարության նշանները:

Երբ 1935 թ. Ցայտբլոմը գալիս է Լևերկյունի ծնողական տուն, որպեսզի շնորհավորի իր ընկերոջ հիսնամյակը, վերջինս չի ճանաչում նրան: 5 տարի անց հանճարեղ կոմպոզիտորը մահանում է:

Պատումն ընդմիջվում է հեղինակի ժամանակակից Գերմանիայի, որպես «Հրեշավոր պետության» մասին մտքերով: Նա կանխասում է ազգի անխուսափելի կրախը: Նա անիծում է իշխանությունը, որը բարգավաճման լոզունգներով առաջնորդում է սեփական ժողովրդին դեպի կործանում: 

tarntercum