Ժան-Բատիստ Մոլիեր. «Միզանտրոպ» (1666 թ. համառոտ)

moler-mizantropԻր վարքով, հայացքներով և համազմունքներով Ալցեստը զարմացնում է բոլոր ընկերներին: Ահա իր մոտ ընկեր Ֆիլինտին հրաժարվում է ընկեր համարել այն բանի համար, որ սա չափազանց սիրալիր է խոսել մի մարդու հետ, ում հանդեպ իրականում ոչ մի հետաքրքրություն չի տածում: Դա Ալցեստի համոզմամբ երեսպաշտություն է: Հարկ է բոլոր պայմաններում և բոլոր մարդկանց հետ մնալ այնպիսին, ինչպիսին որ սեփական մտքերում ես:

Այսպես, Ալցեստը անձամբ իր խոսքերի օրինակն է: Նա հրաժարվում է հաճոյանալ դատավորին, որից կախված է իր համար էական գործի ելքը, իսկ իր սիրելիի՝ Սելիմենայի տուն եկել է, որպեսզի բարոյախրատական ճառ արտասանի և մաքրի աղջկա հոգին մեղքի կուտակումներից:

Ընկերների զրույցն ընդհատում է Օրոնտ անունով երիտասարդը: Նա նույնպես սիրում է Սելիմենային և երկու ընկերների դատին է հանձնում աղջկա պատվին հորինած սոնետը: Ֆիլինտը բարեկրթորեն գովում է ստեղծագործությունը, մինչդեռ Ալցեստը ազնիվ է և հիմնավոր քննադատության է ենթարկում այն՝ ձեռք բերելով թշնամի:

Սելիմենան սովոր չէ, որ իր երկրպագուները զբաղվեն իր քննադատությամբ ու փնթփնթան ամեն հարցի շուրջ: Ալցեստն իրեն հենց այդպես է պահում: Այս անգամ երիտասարդը իր բարոյախրատական ճառի թիրախ է դարձրել Սելիմենայի թեթևամտությունը, որը թույլ է տալիս բազմաթիվ երկրպագուների քարշ գալ նրա շուրջը և դատարկաբանել ու անիմաստ հաճայախոսություններ շռայլել: Աղջիկը փորձում է պաշտպանվել, սակայն նրա փաստարկները Ալցեստի համար համոզիչ չեն: Երբ գալիս են երկու երկրպագուները՝ մարկիզ Ակաստը և մարկիզ Կլիտանդրը, նա ուզում է հեռանալ, սակայն մնում է: Մարկիզները և Սելիմենան  գործի են անցնում և սկսում են անել հենց այն, ինչից Ալցեստն ամենից շատ է գարշում. բամբասում են բոլորին: Մեկը պարծենկոտ է, մյուսը՝ հիմար…

Սելիմենայի սուր լեզուն շարժում է մարկիզների հիացմունքը: Ալցեստը չի դիմանում և ասում է այն ամենը, ինչ մտածում է մարկիզների դատարկ հաճոյախոսության և բամբասանքի մասին: Ուզում է հեռանալ, սակայն գալիս է ժանդարմը և պատվիրում է Ալցեստին ներկայանալ վարչություն: Ֆիլինտը համոզում է Ալցեստին հնազանդվել. հավանաբար դա կապված է իր և Օրոնտի վեճի հետ, և վարչությունում ուզում են հաշտեցնել նրանց:

Փայլուն կավալերներ Ակաստը և Կլիտանդրը հավասարը չունեն սրտային հարցերում: Պայմանավորվում են, որ երկուսից նա, ում կհաջողվի ներկայացնել աղջկա բարեհաճության ավելի ծանրակշիռ ապացույց, կշարունակի պայքարել աղջկա սիրտը գրավելու համար. մյուսը նրան չի խանգարի:

Սելիմենային է այցելում նրա ընկերուհի համարվող Արսինոյան: Սելիմենան կարծում է, որ Արսինոյան բարեպաշտություն է խաղում, որովհետև զուրկ է ամեն հմայքից: Ընդունում է նրան սիրալիր:

Արսինոյան վկայակոչելով ընկերական պարտքը ասում է, որ եկել է խոսելու Սելիմենայի անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին: Նա ինքը չի հավատում դրանց, սակայն խորհուրդ է տալիս ընկերուհուն փոխել սովորությունները, որոնք այդպիսի զրույցների հիմք են տալիս: Սելիմենան ի պատասխան, իհարկե, նույնպես ընկերական պարտքի թելադրանքով, ասում է, որ Արսինոյան նույնանման ասեկոսեների զոհ է: Լինելով բարեպաշտ և եկեղեցու մշտական այցելու՝ նա ծեծեում է իր ծառաներին և չի վճարում ժամանակին: Խորհուրդ է տալիս հետևել նախ իրեն, իսկ հետո ուրիշներին: Ընկերուհիները սկսում են վիճել: Գալիս է Ալցեստը:

Սելիմենան հեռանում է՝ թողնելով Ալցեստին Արսինոյայի հետ, ով վաղուց անտարբեր չէ տղայի հանդեպ: Արսինոյան ցանկալով հաճոյանալ Ալցեստին ասում է, թե որքան հեշտ և արագ է սա դրականորեն իր հանդեպ տրամադրում մարդկանց: Այդպիսի տաղանդով նա կարող էր առաջ գնալ արքունիքում: Ալցեստը պատասխանում է, որ արքունի կարիերան իր համար չէ. ատում է շողոքորթությունը և երեսպաշտությունը:

Արսինոյան փոխում է թեման և սկսում է Ալցեստի աչքերում սևացնել Սելիմանային: Ասում է, որ Սելիմենան դավաճանում է իրեն և երբ Ալցեստը չի հավատում, խոստանում է ապացույցներ ներկայացնել:

Արսինոյան ճիշտ է նկատել Ալցեստի այն գիծը, որի օգնությամբ տղան բարեհաճություն է վայելում: Ալցեստի ուղղամտությունը և ազնվությունը անչափ դուր են գալիս Սելիմենայի զարմուհուն՝ Էլիանտային: Անգամ ասել է Ֆիլինտին, որ սիրով կդառնար Ալցեստի կինը, եթե տղան չսիրեր ուրիշին:

Ֆիլինտն իր հերթին չի կարողանում հասկանալ, թե ինչպես է Ալցեստը գերապատվություն տալիս կոկետուհի Սելիմենային և չի նկատում Էլիանտային: Այդուհանդերձ, եթե Ալցեստն ամուսնանա Սելիմենայի հետ, ինքը չի վարանի խնդրել Էլիանտայի ձեռքը: Ֆիլինտի սիրո խոստովանությունն ընդհատում է Ալցեստը, որը վերադառնում է զայրացած և վրդովված: Քիչ առաջ նրա ձեռքն ընկավ Սելիմենայի նամակը, որով բացահայտվում է աղջկա նենգությունը և անհավատարմությունը: Նամակը հասցեագրված էր Օրոնտին, որի հետ հազիվ էր հաշտվել: Ալցեստը որոշում է խզել կապերը Սելիմենայի հետ և ամուսնանալ Էլիանտայի հետ:

Էլիանտան խորհուրդ է տալիս Ալցեստին հաշտվել Սելիմենայի հետ, բայց վերջինս տեսնելով ներս մտած անհավատարիմ կոկետուհուն՝ հարձակվում է նրա վրա կշտամբանքով: Սելիմենան սկզբում պաշտպանվում է, ասելով, թե նամակը գրել է ընկերուհուն, իսկ հետո հայտարարում է, որ իսկապես գրել է Օրոնտին, որն ունի մի շարք փայլուն արժանիքներ:

Ներս է գալիս Ալցեստի վախեցած ծառան՝ Դյուբուան: Հայտնում է, որ դատավորը, որին Ալցեստը հրաժարվել էր սիրաշահել, անչափ անհաջող վճիռ է կայացրել նրա գործով և հիմա իրենք պատժից խուսափելու համար ստիպված են հեռանալ քաղաքից:

Ֆիլինտը փորձում է համոզել Ալցեստին բեկանել վճիռը, սակայն տղան հրաժարվում է՝ ասելով, որ հասարակության մեջ իշխում են սուտն ու կեղծիքը: Այժմ նրան մնում է միայն հայտնել Սելիմենային իր հետ կատարվածը և, եթե աղջիկն իսկապես սիրում է նրան, կուղեկցի իրեն, ուր էլ գնա, իսկ եթե ոչ, ապա…

Սելիմենայից վերջնական պատասխան է ակնկալում ստանալ նաև Օրոնտը: Հոգում աղջիկը ընդունել է որոշումը: Սակայն հայտնել այն հրապարակավ, նշանակում է նոր քննարկումների ալիք բարձրացնել: Գործը բարդացնում են նաև Ակաստն ու Կլիտանդրը, որոնք նույնպես պատասխանի են սպասում: Նրանց ձեռքին է Սելիմենայի նամակը՝ հասցեագրված Արսինոյային: Նամակի մեջ սուր խոսքեր կան իր երկրպագուների հասցեին: Այդ նամակն ընթերցելուց հետո Ակաստը, Կլիտանդրը, Արսինոյան և Օրոնտը վիրավորված հեռանում են: Ալցեստը վերջին անգամ փորձում է դիմել Սելիմենային և խնդրում է իր հետ հեռանալ խուլ մի վայր, հեռու արատավոր հասարակությունից: Սակայն այդպիսի ինքնուրացությունը աղջկա ուժերից վեր է:

Ֆիլինտին և Էլիանտային երջանկություն մաղթելով՝ Ալցեստը հեռանում է այնտեղ, ուր մարդ կարող է ապրել մինչև վերջ ազնիվ:   

   tarntercum