Ժան Պոլ Սարտր. «Ճանճերը» (1943 թ. համառոտ)

jan-pol-sartr-muhiԱրգոսի գլխավոր փողոցում կանգնած է ճանճերով ծածկված Յուպիտերի արձանը: Ճանճերին քշելով ներս է մտնում Օրեստեսը: Դղյակից լսվում են ճիչեր:
Տասնհինգ տարի առաջ Կլիտեմնեստրան՝ Օրեստեսի և Էլեկտրայի մայրը,  իր սիրեկանի՝ Էգիսթի հետ սպանել է նրանց հորը: Էգիսթը ցանկացել է սպանել նաև Օրեստեսին, սակայն տղան կարողացել է փախչել: Եվ ահա օտար ափերում հասունացած Օրեստը վերադարձել է ծննդավայր:

Ներս է գալիս հագուստները փոխած Յուպիտերը: Բացատրում է Օրեստեսին, որ այսօր մեռածների օրն է և ճիչերը նշանակում են, որ արարողությունը սկսվել է. քաղաքի բնակիչները թագավորի և թագուհու գլխավորությամբ զղջում են և խնդրում են մեռածներին ներել իրենց:

Քաղաքում լուրեր են շրջում, թե Օրեստեսը ողջ է: Յուպիտերն ասում է Օրեստեսին, որ այս քաղաքի բնակիչները մեծ մեղսագործներ են, սակայն բռնել են մաքրագործման ուղին: Թող նրանց հանգիստ թողնի և հեռանա:

Օրեստեսը չգիտի, ինչ անել: Նա տեղ չունի այդ քաղաքում և որոշում է հեռանալ: Հայտնվում է Էլեկտրան: Օրեստեսը սկսում է զրուցել նրա հետ: Քույրը պատմում է Կլիտեմնեստրայի և Էգիսթի հանդեպ իր ատելության մասին: Սակայն ապրում է հույսով և սպասում է մի մարդու:

Գալիս է Կլիտեմնեստրան և ասում, որ սև հագնելու ժամն է: Սկսվում է արարողությունը: Էլեկտրան հեգնաբար ասում է Օրեստեսին, որ հրապարակավ զղջալը արգիվացոց ազգային սպորտաձևն է: Թագուհու հանցագործությունն առհասարակ ընկած է պետական կարգի հիմքում:

Էլեկտրան հեռանում է: Գալիս է Յուպիտերը: Իմանալով, որ Օրեստեսը ուզում է հեռանալ, ձիեր է առաջարկում: Օրեստեսն ասում է, որ փոխել է միտքը:

Ժողովուրդը հավաքվել է քարանձավի առաջ: Հայտնվում են Էգիսթը և Կլիտեմնեստրան: Շրջում են քարանձավի առաջ դրված քարը և Էգիսթը դիմում է մեռածներին: Գալիս է Էլեկտրան սպիտակ զգեստով: Կոչ է անում մարդկանց թողնել վիշտը և ապրել ամենօրյա ուրախություններով: Ամբոխն ուզում է հաշվեհարդար տեսնել սրբապիղծ աղջկա հետ, բայց Էգիսթը կանգնեցնում է նրանց: Այսօր չի կարելի պատժել:

Օրեստեսն ու Էլեկտրան մնում են երկուսով: Էլեկտրան տենչում է վրեժ: Բացահայտելով իրեն՝ Օրեստեսը սկսում է համոզել քրոջը հրաժարվել վրեժից և հեռանալ քաղաքից իր հետ:

Սակայն Էլեկտրան անհողդողդ է: Այդժամ Օրեստեսը վճռում է անձամբ կատարել վրեժի գործողությունը և փրկել քաղաքի բնակիչներին:

Գահանիստ սրահում կանգնած է Յուպիտերի արնաշաղախ արձանը: Արձանի տակ թաքնված են Էլեկտրան և Օրեստեսը: Շուրջը ճանճերի պարսեր են: Գալիս են Էգիսթը և Կլիտեմնեստրան: Հոգնել են իրենց իսկ հորինած արարողությունից: Կլիտեմնեստրան հեռանում է, իսկ Էգիսթը խնդրում է Յուպիտերին իրեն հանգիստ շնորհել: Օրեստը դուրս է գալիս թաքստոցից և սպանում է Էգիսթին: Նետվում է մոր սենյակը: Էլեկտրան զուր փորձում է պահել նրան:

Էլեկտրան նայում է Էգիսթի դիակին և զարմանում. մի՞թե նա սա էր ցանկանում: Էգիսթը մահացավ: Մահացավ նաև իր ատելությունը:

Ճիչ է լսվում Կլիտեմնեստրայի սենյակից: Վերադառնում է Օրեստեսը: Նրա ձեռքերն արյան մեջ են: Նա ուրախ է, քանի որ ազատել է քաղաքը: Նա պատրաստ է կրել սպանության լուծը, քանի որ այդ լծի մեջ է իր ազատությունը:

Ճանճերը շրջապատում են Օրեստեսին և Էլեկտրային: Սրանք Էրինիսներն են՝ խղճի խայթի դիցուհիները:

Առավոտյան արթնանալով և տեսնելով քրոջը՝ Օրեստեսը տեսնում է, որ սա զարմանալիորեն նման է դարձել Կլիտեմնեստրային: Քույրը սկսում է զղջալ և տառապել: Նրան շրջապատել են ճանճերը: Օրեստեսը հայտարարում է, որ ամբողջ մեղքը վերցնում է իր վրա: Միայն այդկերպ նա կարող է իրեն կատարելապես ազատ զգալ:

Գալիս է Յուպիտերը: Նա չի ուզում պատժել մեղսավորներին: Նրան հարկավոր է զղջում: Իսկ եթե Օրեստեսն ու Էլեկտրան հրաժարվեն հանցագործությունից, ապա իրենց գահ կնստեցնի: Օրեստն ասում է, որ ինքը առանց այդ էլ գահաժառանգ է: Յուպիտերն ասում է, որ Արգոսի բնակիչները պատրաստ են սպանել Օրեստեսին: Պահանջում է, որ ընդունի իր մեղքը: Սակայն Օրեստեսը չի ընդունում, որ դա մեղք է: Եթե Յուպիտերը թույլ է տվել, որ ինքը սպանություն գործի, ուրեմն անզոր է որոշել այդ արարքի բարին և չարը:

Ազատությունը Օրեստեսի համար աքսորն է: Օրեստեսը համաձայնում է: Յուպիտերը լուռ հեռանում է:

Էլեկտրան լքում է Օրեստեսին: Նրա վրա հարձակվում են ճանճերը: Նա զղջում է և Յուպիտերը հեռացնում է ճանճերին:

Օրեստեսը դուրս է գալիս ժողովրդի մոտ: Ասում է, որ իր վրա է վերցնում սպանության մեղքի պատասխանատվությունը: Ճանճերը պիտի որ հանգիստ թողնեն արգիվացոց: Հիմա դրանք իր ճանճերն են: Թող քաղաքի բնակիչները նոր կյանք սկսեն: Իսկ նա հեռանում է և իր ետևից է տանում ճանճերին: 

Ճանճերը հարձակվում են նրա վրա:

tarntercum