Լև Տոլստոյ. «Հաջի Մուրադ» (1896 թ. համառոտ)

tolstoy- xadji murad1851 թ. Հաջի Մուրադը՝ իմամ Շամիլի նաիբը, մուտք է գործում չեչենական գյուղ: Չեչեն Սադոն ընդունում է նրան իր տանը, չնայած որ Շամիլը հրաման է տվել սպանել ապստամբ նաիբին: Նույն գիշերը Մախքեթ է ուղևորվում սպա Պանովը, որին ուղեկցում են 3 զինվոր: Նրանցից մեկն է խոսկան Ավդեևը: Հաջի Մուրադի դեսպաններին Ավդեևը ուղեկցում է իշխան Վորոնցովի մոտ: Վորոնցովը ապրում է կնոջ և կնոջ փոքրիկ որդու հետ:

Նույն գիշերը Մախքեթի բնակիչները փորձում են Շամիլի աչքերում արդարանալու համար որսալ Հաջի Մուրադին: Սա իր ընկեր Էլդարի հետ կարողանում է փախչել անտառ, որտեղ նրան սպասում են մյուս ընկերները՝ Խանեֆին և Գամզալոն: Այստեղ Հաջի Մուրադը սպասում է, թե ինչ կպատասխանի Վորոնցովը ռուսներին միանալու իր առաջարկին: Վերադարձած դեսպանը հայտնում է, որ Վորոնցովը պատրաստ է ընդունել Հաջի Մուրադին որպես թանկ հյուրի:

Վորոնցովի գնդի երկու ջոկատ առավոտյան գնում են անտառը փայտ կտրելու: Քննարկում են գեներալ Սլեպցովի մահը մարտի ժամանակ: Հաջի Մուրադին ուղեկցող Ավդեևին Մախքեթի չեչենները հասցրել էին վիրավորել: Սա մահանում է հոսպիտալում՝ չհասցնելով կարդալ նամակն այն մասին, որ իր կինը լքել հեռացել է տանից:

Հաջի Մուրադը, Վորոնցովի ճոխ ընդունելությանը արժանանալով, պահանջում է, որ իրեն ընդունի նաև Թիֆլիսում նստող ավագ Վորոնցովը: Հանդիպումը Թիֆլիսում տեղի է ունենում: Ավագ Վորոնցովը հասկանում է, որ Հաջի Մուրադի ոչ մի խոսքին հավատալ չի կարելի, և որ սրտի խորքում Հաջի Մուրադը ռուսների թշնամի է: Հաջի Մուրադը հասկանում է, որ ծեր իշխանը հրաշալի տեսնում և զգում է իրեն: Ամեն դեպքում խոստանում է ծառայել ռուսաց թագավորին և հանել ողջ Դաղստանը Շամիլի դեմ: Միայն թե հարկավոր է, որ ռուսները Շամիլից ետ գնեն իր ընտանիքը: Վորոնցովը խոստանում է մտածել այդ մասին:

Հաջի Մուրադը ապրում է Թիֆլիսում: Այցելում է թատրոն և պարահանդեսներ: Իրեն կցված ադյուտանտ Լորիս-Մելիքովին պատմում է իր կյանքի պատմությունը: Լորիս Մելիքովը, ուսումնասիրելով Հաջի Մուրադի մարդկանց, համոզվում է, որ սրանք վստահելի չեն և ատում են ռուսներին:

Հաջի Մուրադի Թիֆլիսում եղած ժամանակ կայսր Նիկոլայ Առաջինի հրամանով Չեչնյայի վրա հարձակում է տեղի ունենում: Դրան մասնակցում է երիտասարդ սպա Բուտլերը: Մախքեթը ավերված է, սպանված է մի անչափահաս տղա, իսկ մզկիթը պղծված է: Բնակիչները օգնության խնդրանքով դիմում են Շամիլին:

Հաջի Մուրադը Գրոզնիում է: Նրա ընտանիքը պահվում է Վեդենո ամրոցում: Շամիլը պահանջում է Հաջի Մուրադից, որ սա հանձնվի, հակառակ դեպքում կկուրացնի նրա որդի Յուսուֆին և անարգանքի կմատնի մորը:

Մեկ շաբաթ Հաջի Մուրադը ապրում է մայոր Պետրովի տանը: Պետրովի հետ ապրող Մարյա Դմիտրևնան համակրանքով է լցվում Հաջի Մուրադի հանդեպ, ով նման չէ անվերջ հարբած և կոպիտ ռուս սպաներին: Սպա Բուտլերը ընկերանում է Հաջի Մուրադին: Ամենից շատ Բուտլերին դուր է գալիս անխուսափելի վրեժի մասին Հաջի Մուրադի երգը:

Ընտանիքը վերադարձնելու մասին բանակցությունները հաջողություն չեն ունենում: Հեռանում է Նուխու փոքրիկ քաղաքը՝ հույս ունենալով խորամանկությամբ ետ խլել Շամիլից իր ընտանիքը: Համարվում է, որ նա ծառայում է ռուս կայսրին և ստանում է օրական 5 ոսկի: Տեսնելով, որ ռուսները չեն շտապում օգնել իրեն, հավատարիմ մարդկանց հետ որոշում է արագ թափանցել Վեդենո և փախցնել տնեցիներին: Սպանում է իրեն մշտապես ուղեկցող կազակներին, սակայն հետապնդողները մահացու վիրավորում են նրան: Հիշում է իր մանկությունը, երիտասարդությունը… Կռվում է մինչև վերջին շունչը:

Հաջի Մուրադի կտրված գլուխը ցուցադրում են ամրոցում: Գրոզնիում այն ցույց են տալիս Բուտլերին և Մարյա Դմիտրիևնային: Սրանք տեսնում են, որ Հաջի Մուրադի դեմքը պահպանել է մանկական բարի արտահայտություն:

Հաջի Մուրադի կյանքը նման է այն ծաղկին, որ մարդիկ տրորել են վարած դաշտում:    

tarntercum