Խնկո Ապեր. « Հազարան Բլբուլ »

atabek-xnkoyan

Ժամանակով լինում է, չի լինում, մի շատ հարուստ, բայց անգութ թագավոր է լինում: Մի շատ գեղեցիկ տաճար է կառուցում: Ճարտարապետը, շինող վարպետը, երբ տաճարը շինում, դուրս են գալիս, տաճարից ձայն է լսվում. – Ապրած մնա թագավորը, տաճարը գեղեցիկ է, բայց մի բան պակաս է, – ասում է ու անհետանում: Թագավորը զարմացած է մնում: Հրամայում է, որ տաճարը քանդեն և նրա տեղը նորից մի փառավոր տաճար կանգնեցնեն, առաջինից տասն անգամ գեղեցիկ: Վարպետը, երբ ավարտում է, դարձյալ հայտնվում է այն մարդը և ասում. -Ապրած մնա թագավորը, տաճարը առաջինից տասն անգամ շքեղ ու գեղեցիկ է, բայց մի բան պակաս է, — ասում է ու անհետանում: Թագավորը հրամայում է, որ այդ տաճարն էլ քանդեն, և նրա տեղը այնպիսի մի տաճար կանգնեցնեն, որ առաջվանից տասն անգամ շքեղ ու գեղեցիկ լինի: Նորից քանդում են տաճարը և նրա տեղը կանգնեցնում մի նոր տաճար: Երբ վերջացնում են, երևում է այն մարդը ու թագավորի ներկայությամբ ասում. – Ապրած մնա թագավորը, գահը ամուր լինի, թուրը կտրուկ, հրաշալի, չտեսնված տաճար շինեց, բայց էլի մի բան պակաս է: Եթե թագավորը կարողանար Հազարան Բլբուլը բերել տալ ու տաճարում կախել, տաճարը պակասություն չէր ունենա, – ասում է ու անհետանում: Թագավորը երեք կտրիճ տղա ուներ: Ասում են. – Թագավորն ապրած մնա, մենք ինչի՞ համար ենք, որ դու տխրես: Կընկնենք աշխարհե աշխարհ, Հազարան Բլբուլը կբերենք: Գնում-հասնում են խաչաձև ճամփին: Այդտեղ հանգստանում ու խորհուրդ են անում: Որոշում են յուրաքանչյուրը մի կողմ վրա գնա, հարցուփորձ անելով Հազարան Բլբուլի տեղն իմանա: Մեծ եղբայրը գնում է աջ, միջնեկը՝ ձախ, փոքր եղբայրը՝ ուղիղ: Մեծ եղբայրը հասնում է անծանոթ թագավորի քաղաք, մտնում է այդ թագավորի մոտ ծառայության, մոռանում է, որ եկել է Հազարան Բլբուլը տանելու: Միջնեկ եղբայրը պատահում է մի հսկա արաբի: Արաբը հարցնում է, թե՝ դու այստեղ ի՞նչ ես անում: Թագավորի տղան էլ պատասխանում է, թե Հազարան Բլբուլի տեղն եմ փնտրում: – Լավ, — ասում է արաբը, — հիմա տեղը կասեմ: — Ասում է, ու ձեռքի սև ճիպոտով խփում, թագավորի տղան իսկույն ևեթ քար է դառնում: Փոքր եղբայրն էլ տեսնում է ծառի տակ ընկած մի վիրավոր աղավնի, որ շունչը փչելու վրա է: Թագավորի տղան վերցնում է վիրավոր աղավնուն, աղբյուրի ջրով լվանում, տաքացնում է իր կրծքի վրա, հացի փշրանք է տալիս: Աղավնին ուժի է գալիս, լեզու է առնում ու ասում է. — Ինչպես որ դու ինձ լավություն արիր, ես էլ ուզում եմ քեզ լավություն անել: Գիտեմ, դու գնում ես, որ Հազարան Բլբուլը բերես քո հոր շինած տաճարի համար: Էսպես շարունակ կգնաս դեպի արևելք, կհասնես Հազարան Բլբուլի տիրոջ երկիրը: Մի գեղեցիկ հուրի – փերի աղջիկ է, իր երկրի ջուրն ու հողը, ծառն ու ծաղիկը ամեն ինչ կախարդել է, որ չլինի թե գան, Հազարան Բլբուլը իրենից խլեն տանեն: – Բա ինչպե՞ս բերեմ Հազարան Բլբուլը: – Էդ ես չեմ կարող ասել, թե ինչպես: Միայն կասեմ, որ բարի մարդու գործը միշտ կհաջողվի: Ինձանից քեզ հիշատակ վերցրու թևիցս մի փետուր: Նեղն ընկնելիս՝ հանի փետուրը և համբուրիր: Աղավնին հեռանում է: Թագավորի տղան վերցնում է աղավնու փետուրը ու գնում է: Հասնում է մի աղբյուրի: Մի լավ խմում է ու ասում. – Այ սառնորակ աղբյուր, ակդ միշտ անսպառ մնա, սիրտս հովացավ: – Այ ճամփորդ, ինչո՞ւ ես ասում ակդ միշտ անսպառ մնա, չէ՞ որ ջուրս դառն է ու լեղի, – ասում է աղբյուրը: – Ճիշտ է, ջուրդ դառն է, բայց քո ունեցածն էլ էդ է, հո չես կարող ինձ համար ջուրդ քաղցրացնել: Եթե քո դառը ջուրը չլիներ, ես ծառավից կմեռնեի: – Գնա, բարի ճամփորդ, ես քեզ վնաս չեմ տա: Թագավորի տղան դարձյալ գնում է, մտնում է մի հովիտ: Տեսնում է խնձորենի, վրան շատ խնձոր: Մոտենում է ծառին, խնձոր է պոկում, կծում, տեսնում, որ շատ դառն է, ինչպես օձի կաթը: Հյութը կուլ է տալիս ու ասում. – Դալար մնաս այ խնձորենի, բերանս ցամաքել էր, խնձորդ սիրտս հովացրեց:  – Այ ճամփորդ, ոչ ոք ինձ չէր ասել, թե դալար մնաս, այ խնձորենի, դու ինչո՞ւ ասիր, չէ՞ որ իմ խնձորը թթու ու լեղի է օձի կաթի պես: – Ճիշտ է, խնձորդ թթու ու լեղի է, բայց ունեցածդ էդ է. Շեն ես ու շեն մնաս: – Գնաս բարով, բարի տղա, որ դու էդպես բարի ես, իմ խնձորի թույնը քեզ վնաս չի տա: Թագավորի տղան հասնում է կախարդ աղջկա պալատին: Տեսնում է, որ պալատի դռան առաջ, աջ կողմը կապած է գայլը՝ խոտը առաջին, ձախ կողմը ղոչը՝ միսը առաջին: Միսը դնում է գայլի առաջ, խոտն էլ՝ ղոչի առաջ: Գայլն ու ղոչը ասում են. – Գնա, թագավորի տղա, որ դու էդպես լավություն արիր մեզ, մենք քեզ վնաս չենք տա: Թագավորի տղան ներս է մտնում պալատի դռնից, տեսնում է, որ դռան մի թևը բաց է, մյուսը՝ վրան դրած: Բացած փեղկը վրա է դնում, դրածը բաց է անում ու մտնում պալատ: Դռան փեղկերն ասում են. – Գնա, բարի տղա, քեզ վնաս չենք տա: Պալատով մտնում է կախարդ աղջկա պարտեզը: Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները այստեղ են երգում: Այն ծառը, որի վրայից կախված է Հազարան Բլբուլը իր ոսկե վանդակով, զուտ ոսկի է: Ծառի տակ քնած է Հազարան Բլբուլի տեր կախարդ աղջիկը: Տղան Բլբուլի վանդակը վերցնում – փախչում է: Փնտրում է եղբայրներին: Մի տարի արդեն լրացել է: Եղբայրները պայման էին դրել, որ մի տարուց հետո հանդիպեն բաժանման տեղում: Թագավորի տղան Հազարան Բլբուլը ձեռին հասնում է այնտեղ, որտեղ արաբը իր եղբորը քար էր դարձրել: Արաբը դուրս է գալիս և այդ եղբոր առաջ, ուզում է, որ նրան իր ձեռքի սև ճիպոտով խփի ու քար դարձնի, բայց Հազարան Բլբուլը երգում է իր գեղեցիկ երգը: Արաբը այդ երգը լսում է թե չէ՝ ընկնում է ու քար դառնում, իսկ բոլոր քարացած մարդիկ և թագավորի միջնեկ տղան նորից շունչ են առնում ու մարդ դառնում: Թագավորի քարացած տղան հասնում է ու իր եղբորը փաթաթվում: Նրանք գնում են այն ճամփաբաժանը, իրենց մեծ եղբորը սպասում: Տեսնում են, որ իրենց մեծ եղբայրը չի գալիս, գնում են քաղաքից քաղաք, գտնում են նրան ու երեքով միասին գնում են իրենց հոր երկիրը: Ճանապարհին հասնում են մի անապատ տեղ, որտեղ մի կաթիլ ջուր չկա: Տեսնում են մի ջրհոր: Մեծը թե՝ ես վախենում եմ, միջնեկը թե՝ ես էլ եմ վախենում: Փոքրն է մտնում: Մեծ եղբայրները նախանձում են փոքր եղբորը, թոկը կտրում, եղբորը գցում են հորը, իրենք Հազարան Բլբուլն առնում-գնում: Հասնում են իրենց քաղաքը, ներկայանում թագավորին:

— Ո՞ւր է ձեր եղբայրը, — հարցնում է հայրը: — Չգիտենք, հայր, գնաց ու չեկավ: Հազարան Բլբուլը կախում են տաճարի մեջ, բայց նա չի երգում: Թագավորի որդին ջրհորի մեջ հիշում է, որ աղավնին իրեն մի փետուր է թողել: Երեք անգամ համբուրում է այն և ասում. — Սիրուն աղավնի, նեղ տեղն եմ, հարազատ եղբայրներս ինձ հորի մեջ թողին: Մեկ էլ երկնքում անթիվ, անհամար աղավնիներ են երևում: Ամեն մի աղավնի կտցով մի ծառի ոստ է բերում: Նրանք ծառի ոստերը գցում են հորը, այլ լցվում է և թագավորի տղան դուրս է գալիս:

Իսկ կախարդ աղջիկը զարթնում և հայտնաբերում է Հազարան Բլբուլի կորուստը: Գալիս հասնում է Հազարան Բլբուլը տանողի հոր քաղաքը: Գալիս է թագավորի մոտ, ասում է, որ Հազարան Բլբուլն իրենն է: Թագավորի մեծ տղան ասում է, թե ես եմ բերել Հազարան Բլբուլը: Թե որ դու ես բերել, — ասում է աղջիկը, — դե ասա, ինչ տեսար իմ պալատում: Սա լռում է: Միջնեկ տղան ասում է, թե ես եմ բերել: — Դե որ դու ես բերել, ասա ինչ տեսար ճամփին: Սա էլ ոչինչ չի կարողանում ասել: Այդ ժամանակ գալիս է փոքր եղբայրը, ու ասում է, թե ես եմ բերել Հազարան Բլբուլը: — Եթե դու ես բերել, — ասում է կախարդ աղջիկը, — ի՞նչ տեսար ճանապարհին: — Ես տեսա քո կախարդած աղբյուրը, խնձորենին, տեսա պալատիդ պահապան գայլին ու ղոչին, տեսա բաց արած դռները, տեսա քո անմահական այգին: — Այո, հիմա հավատում եմ, որ դու ես բերել իմ Հազարան Բլբուլը, իմ այգու զարդը: Բայց մինչև հիմա որտեղ էիր, եղբայրներդ ինչո՞ւ են ասում, թե իրենք են բերել Հազարան Բլբուլը: — Իմ եղբայրներն շատ նախանձոտ և ապերախտ մարդիկ դուրս եկան: Եվ փոքր տղան պատմում է եղբայրների արածի մասին: Այդ ժամանակ հանկարծ երգում է Հազարան Բլբուլը: Թագավորը հրամայում է, որ ապերախտ եղբայրներին պատժեն, բայց փոքր եղբայրը խնդրում է ներել նրանց: Այդ ժամանակ հայտնվում է տաճարում այն մարդն ու ասում. — Թագավորն ապրած կենա, հիմա տաճարը ոչ մի պակաս չունի: Քանի Հազարան Բլբուլը կերգի, եկեղեցին կանգուն է: Որ օրը Հազարան Բլբուլը լռեց, եկեղեցին շեն չի, թեկուզ նրա շենքը մեր աչքին երևա պատերը արծաթից, սյուներն ու գմբեթը ոսկուց:

Թագավորն հասկանում է այդ խոսքի իմաստը ու այնուհետ սիրով կառավարում է իր երկիրը: Երկրի ամեն մի կողմից թշվառներն ու հիվանդները գալիս են տաճար մխիթարություն ու բժշկություն գտնելու: Եվ երբ թագավորը անարդար բան է բռնում, Հազարան Բլբուլը օրերով լռում է և չի երգում: Կախարդ աղջիկը էլ չի հեռանում իր Հազարան Բլբուլից, դառնում է թագավորի փոքր որդու նշանածը:

tarntercum