Հայնրիխ Հայնե. «ԵՐԳԵՐԻ ԳԻՐՔ»

Henrix Hayne11812-ին լույս տեսավ Հայների «Պատանեկան տառապանքներ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը հետագայում նրա այլ բանաստեղծական շարքերի («Քնարական ինտերմեցո», «Վերադարձ», «Հյուսիսային ծով») հետ կազմեց հանրահայտ «Երգերի գիրքը» մեծածավալ քնարական երկը: Հայնեն այստեղ հանդես է գալիս որպես ռոմանտիկական գրականության ավանդույթների շարունակող: Դա հատկապես ուժեղ է հնչում «Պատանեկան տառապանքներ» առաջին շարքում: Երիտասարդ բանաստեղծն օգտագործում է ժողովրդական երգերի, իսպանական ռոմանսների, բալլադների տարրեր: «Երգերի գրքի» գլխավոր թեման սերն է: Պատանեկան տառապանքների պատճառը ուրախություն չբերող անպատասխան սերն է: Բանաստեղծի սիրտը մաշվում է վշտից: Սերը ստանում է ճակատագրական բնույթ: Միայն զգացմունքի վրա ուշադրության ծայրաստիճան սևեռումը ոչնչացնում է իրականության և երազների միջև գոյություն ունեցող սահմանները: Բաժիններից մեկը կրում է «Երազներ» խորագիրը: Բանաստեղծը երազում տեսնում է գերեզմաններ, դագաղներից դուրս եկող ննջեցյալներ: Նա երազում է մահվան մասին, հուսալով նրանում գտնել հանգստություն: Պատանի բանաստեղծի ավանդական-ռոմանտիկական աշխարհզգացողության մեջ մուտք են գործում նոր երանգներ: «Երազում տեսնում եմ պճնամոլին» բանաստեղծության մեջ առաջ է գալիս պճնամոլ երիտասարդի կերպարը, որ բանաստեղծի սիրած աղջկան տանում է ամուսնական տաճար: Աշխարհի հետ բանաստեղծի անմիաբանությունը ոչ միայն ռոմանտիկական վեհ հոգու հնամենի յուրահատկություն է, նրա արմատները թաքնված են հասարակական կառուցվածքի հիմքում:

Իր հաջորդ՝ «Քնարական ինտերմեցո» և «Վերադարձ» շարքերում Հայնեն լիովին ձեռք է բերում սեփական անկրկնելի գրելաոճը: Նա հանդես է գալիս որպես սիրային հակիրճ բանաստեղծության վարպետ, որն իր զգացմունքներն արտահայտում է ոչ թե հուզումնալից արտասանության միջոցով, այլ կարծես տողամիջում: Հոգեկան ապրումների խորությունը վերարտադրվում է արտաքին աշխարհի նախանշանների միջոցով, ինչպես, օրինակ, «Հնչում են նբագախմբի փողերը» պարզ ու թախծոտ բանաստեղծության տողերում.

Նվագում են փող ու ջութակ

Եվ շեփորները էլի,

Ու հարսնեպար է շարունակ

Պարում իմ սիրելին:

(Թարգմ.՝ Վ. Նորենցի)

Զուսպ խոսքերը, զուգորդվելով փողի ու թմբուկի որոտի հետ, քառյակն օժտում են թախծալի երանգով: Անպատասխան սերը դառնում է աշխարհի հետ բախման, ներդաշնակության երազանքի և այն նվաճելու անհնարինությունն արտահայտելու միջոց: Բանաստեղծի սերը աշխարհի վշտերի առանցքն է, այդ աշխարհը թշնամի է բանաստեղծին:

Ինձ տանջեցին

Դարձրին դալուկ ու խեղճ,

Ոմանք սիրով, ոմանք

Ատելությամբ իրենց

Սա իրական ռոմանտիկական բախում է: Ռոմանտիկ բանաստեղծի համար սերը ամենաբարձր կատարելությունն է: Բայց այդ բարձր իդեալը չի համընկնում իրականությանը: Երազանքների և իրականության բախումը ծնում է հայնեական հայտնի հեգնանքը: Հեգնանքը տապալում է ռոմանտիկական իդեալը, իրական կյանքի օգնությամբ ճշտում այն, փլուզում բանաստեղծական վեհ աշխարհի կեղծ ներդաշնակությունը: Կասկածի տակ է առնում սիրո առարկան, զգացմունքների անկրկնելիությունը, անգամ սիրահարի վիճակը:

Ով որ սիրում է առաջին անգամ

Թեկուզ անհաջող, նա աստված է մի,

Բայց ով որ երկրորդ անգամ է սիրում,

Անհաջող սիրով, մի տխմար է նա:

(Թարգմ.՝ Գ. Սարյանի)

Սերը կորցնում է հոգիների ռոմանտիկական միաբանության հատկությունը: Սիրո առարկան դադարում է իդեալական երազանքների մարմնացում լինել: Սիրուհին կարող է վատ բնավորության տեր լինել, բայց նրա համբույրը ուրախություն է պատճառում: «Երգերի գրքի» իրար հաջորդող շարքերում երևում է, թե ինչպես է սերը հետզհետե դադարում քնարական հերոսի կյանքի կենտրոնը լինել և դառնում նրա բազմաթիվ երևույթներից մեկը: Հաղթահարվում է ռոմանտիկական սուբյեկտիվությունը, և Հայնեի ստեղծագործության մեջ մուտք է գործում ոչ միայն բանաստեղծի հոգու կենսագրությունը, այլև արտաքին կյանքի և, առաջին հերթին, բնության պատկերը: Վերջին շարքը՝ «Հյուսիսային ծովը», պատկերում է փոթորկող ծովը, բոցավառ մայրամուտը, գիշերային աստղերով ողողված երկինքը: Սակայն բանաստեղծի նպատակը բնապատկերներ նկարագրելը չէ. նա ստեղծում է փիլիսոփայական քնարերգության վեհ օրինակ, որտեղ բնությունը հարաբերակցում է մարդու հետ, և մարդկային կյանքը չափվում է տիեզերական մասշտաբներով: «Ծովային տեսիլ» ոտանավորում բանաստեղծը ալեկոծվող ծովի ալիքներում նշմարում է սիրած կնոջ կերպարանքը, նա իրեն պատրաստ է նետել ծովը, որպեսզի փրկի իր սիրուհուն: Սակայն բանաստեղծության անսպասելի հեգնական վերջավորությունը ոչնչացնում է նրա ռոմանտիկ պաթոսը.

Բայց ճիշտ պահին

Ոտս բռնեց նավապետը

Եվ ինձ քաշեց նավի եզրից

Եվ գոչեց սուր ծիծաղելով, դժկամած,

«Դոկտոր, ինչ է, սատանա՞ն է մեջդ մտել»:

(Թարգմ.՝ Վ. Նորենցի)

Վեհ բնության հայեցողությունը հեռացնում է բանաստեղծին սուբյեկտիվ խորասուզումից, նրա առաջ դնում կյանքի առեղծվածը. «Ասացեք, թե մարդը ի՞նչ է նշանակում: Որտեղի՞ց է եկել և գնում է ո՞ւր: Եվ այնտեղ ոսկեղեն աստղերի վրա ո՞վ, այն ո՞վ է բնակվում»:

tarntercum