Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթով անցնում են խոր անդունդը, իրարից ոչխար, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել է Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում է դիմացը եկած հայերին։ Նրա մարդիկ այդ սարերի ամենահռչակավոր գողերն են։ Մի իրիկնադեմ վրանում զրույց է անում իր հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ են։ Հյուրերից մեկը՝ մի քուրդ ասում է, որ հայերին կարելի է հեշտությամբ թալանել: Թուրքը պատասխանում է, թե հայերին թալանելն այնքան էլ հեշտ չէ և խորհուրդ է տալիս նրանց այդքան խեղճ չկարծել: Քուրդը թուրքի հետ մի ձիու վրա գրազ են գալիս: քուրդը խոստանում է այնպես անել, որ առավոտը հայերի կողմից ծուխ չբարձրանա:
Գիշեր: Քնած է հայերի բինեն։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ» կանչելով, իմաց են տալիս, որ հսկում են դեռ։ Գիշերով թմփթմփոց է անցնում վրանների մոտ։ Շները վրա են տալիս, ոչխարը խրտնում է, ձիերը փախնում են։ Հովիվները ձայն են տալիս և հանում հրացանները։
– Շունը տարա՜ն, բինեն պահեցեք հե՜յ,– գոռում է աժդահա հովիվ Չատին։
– Շունը տարա՜ն- ձայն են տալիս ամեն կողմից։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։ Գողերը մեկ կամ երկու հոգով վազում-ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից։ Այնուհետև խառնված, անշուն բինի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի մեջ քշում նրանց անասունները։ Հետևում է երկրորդ հարձակումը: Մթում ոչինչ չի երևում։ Աչքերը չեն կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց են տալիս, թե որ կողմից է հովիվների աղաղակը՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։ Այդ ձայներն էլ հետզհետե հեռանում են, նվազում, ու էլ ոչինչ չի լսվում։ Լուսադեմին տղերքը վերադառնում են։ Դեռ հեռվից լսվում է նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղը։ Ապրանքն անվնաս ետ են բերում սարվորին, հավաքվում հովիվ Չատի վրանը, որ հաց ուտեն։ Բերել են մի քրդի քոլոզ, վահան ու թուր։ Տարածվում է, թե տղերքը քուրդ են սպանել: Հետաքրքրած սարվորները գալիս են վրանի մոտ։ Չատիի մայրը սոված հովիվների համար կերակուր է շինում: Չատին պատմում է, թե ինչպես նեղը գցեցին գողերին և թե ինչպես նա երկու կես արեց քրդին: Դեպքից մի քանի շաբաթ անց մի պառավ քուրդ ձայն է տալի բինի ներքևից։ Չատիի վրանն է փնտրում: Բերում են չոբան Չատնի վրանը։ Հարցնում է, թե սպանել են արդյոք այստեղ մի քրդի:
– Սպանել են,- պատասխանում է հովիվը։
– Ասում են՝ դու ես սպանել։ Ես նրա հայրն եմ,- ասում է ծերունին։- Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․։ Երևի էդպես մահը մոտեցել էր: Արինը քեզ հալալ,- բացականչում է ծերունին,- միայն մայրը, գիտես, մայր է, չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։
Չատին բերում է, ծերունուն հանձնում արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն անում ու շներն անցկացնում, ճամփա դնում։
– Դե մնաս բարով, զավակս,- հրաժեշտ է տալիս ծերունի քուրդը։
– Գնաս բարով, քիրվա՛։