Ռոզաբելվերդե դիցանուշը՝ ծաղիկների տիրուհին, մի օր փոշոտ ճանապարհին տեսնում է քնած գեղջկուհի Լիզային: Ցախի կողովն ուսին Լիզան վերադառնում էր անտառից՝ նույն կողովի մեջ տանելով իր այլանդակ գաճաճ որդուն՝ Ցախեսին: Խղճալով փոքրիկին՝ դիցանուշը երկար սանրում է նրա մազերը և խորհրդավոր ժպտալով անհետանում: Լիզան արթնանում և շարունակում է ճանապարհը: Նրան հանդիպում է տեղի քահանան: Չգիտես ինչու, սա գերվում է փոքրիկ գաճաճով, ասելով, որ տղան ուղղակի հրաշք է և որոշում է դառնալ նրա խնամակալն ու դաստիարակել նրան: Լիզան, իհարկե, ուրախ է: Միայն չի հասկանում, թե ինչով է իր այլանդակը գերել քահանային:
Կերպեսի համալսարանում սովորում է երիտասարդ բանաստեղծ Բալտազարը, որը սիրահարված է իր պրոֆեսոր Մոշ Տերպինի դստերը՝ չքնաղ Կանդիդին: Բալտազարը ռոմանտիկական միայնակության ջատագով է: Հեռու է մնում աղմկոտ հասարակական կյանքից, խնջույքներից, զբոսնում է միայնակ: Կանդիդը կենսուրախ է և Բալտազարն իր տաօրինակ մեկուսիությամբ դուր է գալիս աղջկան:
Եվ ահա համալսարանական միջավայր, որտեղ ուսանողները, տիպիկ լուսավորիչները, տիպիկ ռոմանտիկները և տիպիկ հայրենասերները մարմնավորում են գերմնական ոգու հիվանդությունները, մուտք է գործում գաճաճ Ցախեսը, որն օժտված է մարդկանց գրավելու կախարդական ուժով: Հայտնվելով Մոշ Տերպինի տանը՝ նա գերում է ինչպես Կանդիդին, այնպես էլ Մոշ Տերպինին: Հիմա նրան կոչում են Ցիննոբեր: Բավական է, որ մեկը նրա ներկայությամբ բանաստեղծություն կարդա կամ որևէ սրամտություն անի, բոլորը համոզված են, որ դա Ցիննոբերի վաստակն է: Իսկ եթե ինքը Ցիննոբերը մլավում կամ վայր է գլորվում, ապա դրանում մեղավոր է ուրիշը: Բոլորը հիանում են նրանով և միայն Բալտազարն ու իր ընկերն են նկատում գաճաճի ողջ այլանդակությունը և չարությունը: Ցիննոբերին հաջողվում է գրավել նախ արտաքին գործերի էքսպեդիտորի, ապա հատուկ հարցերով գաղտնի խորհրդականի պաշտոնը: Նա հասնում է դրան՝ յուրացնելով ուրիշների ծառայությունները:
Պատահում է այնպես, որ Կերպես է ժամանում ինկոգնիտո ճանապարհորդող մոգ Պրոսպեր Ալպանուսը: Բալտազարն իսկույն ճանաչում է մոգին, իսկ նրա ընկերը՝ Ֆաբիանը, որին փչացրել է լուսավորությունը, սկսզբում կասկածում է: Սակայն Ալպանուսն ապացուցում է իր զորությունը՝ ցույց տալով Ցիննոբերին մոգական հայելում: Պարզվում է, որ գաճաճը ո´չ թզուկ է, ո´չ էլ կախարդ և որ նրան օգնում է ինչ-որ կախարդական ուժ: Ալպանուսը բացահայտում է այդ ուժի ակունքը և Ռոզաբելվերդե դիցանուշը շտապում է այցելել նրան: Մոգը հաղորդում է դիցանուշին, որ կազմել է գաճաճի հորոսկոպը և պարզել, որ սա կարող է կործանել ոչ միայն Բալտազարին և Կանդիդին, այլև ողջ դքսությունը: Դիցանուշը ստիպված է տեղի տալ և հրաժարվել Ցախեսին հովանավորելուց, մանավանդ որ կախարդական սանրը, որով նա սանրում էր իր հովանավորյալի մազերը, Ալպանուսը խորամանկորեն կոտրել է:
Բանն այն է, որ այդ սանրով սանրելուց հետո գաճաճի գլխին գոյացել են երեք ոսկե մազեր: Կախարդանքի պատճառը հենց դրանք են. հրե մազերը մարդկանց ստիպում են Ցախեսին վերագրել ուրիշների նվաճումներն ու ստեղծագործությունները: Դրանք անհրաժեշտ է պոկել ու այրել, ինչը Բալտազարը և ֆաբիանը հասցնում են անել արդեն այն ժամանակ, երբ Մոշ Տերպինը նախապատրաստում է Ցիննոբերի և Կանդիդի ամուսնությունը: Կախարդանքի ուժն անցնում է և բոլորը տեսնում են գաճաճին այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում: Նրան սկսում են հարվածել, ինչպես գնդակը, հրմշտել և ի վերջո դուրս են հանում տանից: Փախչում է իշխանից ստացված իր շքեղ դղյակը: Սակայն ժողովուրդը ալեկոծման մեջ է: Բոլորը լսել են նախարարի փոխակերպության մասին: Խեղճ գաճաճը մեռնում է լռվելով սափորի մեջ, որում ուզում է թաքնվել: Դիցանուշը վերջին բարեգործությունն է անում նրա մորը՝ գեղջկուհի Լիզային: Սրա այգում սկսում է աճել այնպիսի սոխ, որ Լիզան դառնում է լավագույն արքունի սոխի մատակարարը: Իսկ Բալտազարը և Կանդիդը ապրում են երջանիկ կյանք: Մոգ Ալպանուսը օրհնում է նրանց: