Մելվիլ. «Մոբի Դիկ կամ սպիտակ կետաձուկ» (1851 թ.համառոտ)

herman-melvileԲիբլիական անունով երիտասարդ ամերիկացին՝ Իսմայելը, միջոցների սղությամբ և արկածախնդրությամբ դրդված որոշում է կետորսական նավով դուրս գալ ծով: Որոշում է անդամագրվել Նանթաքեթում՝ կետորսության երբեմնի նավահանգիստ-կենտրոնում:

Հյուրանոցում ծանոթանում է կետորս-վայրենու՝ Քվիկեգի հետ: Նրանք ընկերանում են և որոշում են միասին գրանցվել նավի մատյանում: Նավը «Փեկոդն» է: Այստեղ Իսմայելն իմանում է, որ նավի նավապետն է փորձառու Աքաաբը (այսպես է բիբլիական անօրեն թագավորի անունը), որը նախորդ նավարկության ժամանակ կռվելով կետի հետ կորցրել է ոտքը: Լուրեր են պտտվում, որ այդ ճամփորդությունից նա վերադարձել է խելահեղ: Նավապետը տախտակամածի վրա հայտնվում է միայն ծով դուրս գալուց մի քանի օր հետո: Իսմայելը ցնցված է նրա մռայլ տեսքից, որը պայմանավորված է ներքին անհայտ մի ցավով: Կայմերին նստած դիտորդներին հրամայված է հորիզոնում փնտրել սպիտակ կետին: Նա հիվանդագին կերպով ինքնամփոփ է և իր հրամաններն ու արարքները հրաժարվում է բացատրել նույնիսկ իր մոտ օգնականներին:

Իսմայելը ծանոթանում է նավաստիների նավային կենցաղին: Փոքր գլուխներում, որոնցից բաղկացած է ողջ վեպը, նկարագրվում են կետորսության գործիքները, կանոնները, հմտությունները, ինքը կետը, նրա մարմնի մասերը:

Մի օր Աքաաբը հավաքում է ողջ անձնակազմը: Կայմին է մեխում էկվադորյան ոսկե դուբլոնը, որը բաժին կհասնի սպիտակ կետին առաջինը տեսնողին: Այդ կետին նավաստիները կոչել են Մոբի Դիկ: Սա խորամանկ և արյունարբու ծովային հսկա է, որն իր մարմնի վրա կրում է կետորսական նիզակների բազմաթիվ սպիներ: Հենց Մոբի Դիկն է ոտքից զրկել Աքաաբին: Հիմա Աքաաբի հերթն է վրեժխնդիր լինել, ահա ինչու նա պատրաստ է փնտրել գազանին մոլորակի բոլոր ջրերում: Զուր է առաջին օգնական Սթարբեկը կոչ անում նրան թողնել հանգիստ անբան էակին, որը ենթարկվում է լոկ իր բնազդներին: Աքաաբն ասում է, որ ամեն դիմակի տակ թաքնված է բանական սկզբունքը և եթե վիճակված է հարվածել, ապա հարկ է հարվածել առաջինը: Երեք տեգավորները իրենց տեգերի մեջ ներկառուցված թասերից խմում են Մոբի Դիկի կործանման համար:

Երբ «Պեկոդը» հանդիպում է առաջին կետերին, հայտնվում են հինգ թխամորթ ուրվականակերպ տեգավորներ: Սրանց բերել է իր հետ Աքաաբը Հարավային Ասիայից: Մինչ այս պահը թաքցնում էր նրանց իր խցում: Նրանց առաջնորդն է Ֆեդալլան:

Չնայած որ Աքաաբի նպատակը Մոբի Դիկին գտնելն է, նա չի կարող արգելել անձնակազմին որսալ մյուս հանդիպող կետերի և լցնել տակառները սպերմացետով:

Հանդիպում են անգլիական նավի, որի նավապետը փորձել է որսալ Մոբի Դիկին, բայց անհաջող: Այդ որսի ընթացքում նա կորցրել է ձեռքը: Աքաաբը բարձրանում է նավի վրա իր բախտակցի հետ զրուցելու համար: Աքաաբն իմանում է ուղղությունը, որով պետք է գնա, եթե ուզում է գտնել Մոբի Դիկին: Դարձյալ Սթարբեկը զուր փորձում է համոզել նրան հրաժարվել այդ խելահեղ գաղափարից:

Խոնավ նավամբարում հիվանդացած Քվիգեկը խնդրում է նավի դարբնին իրեն դագաղ պատրաստել: Հետագայում, երբ Քվիգեկը լավանում է, այդ դագաղ-մակույկը կապում են նավախելից և այն զարմացնում է հանդիպող նավերի նավաստիներին:

Սթարբեկը, որը համոզված է, որ Աքաաբը կործանման է տանում նավը, փորձում է սպանել նավապետին, սակայն հետո մտափոխվում է և ենթարկվում է ճակատագրին:

«Փեկոդը» հանդիպում է «Ռաքելին», որը նախորդ օրն է հետապնդել Մոբի Դիկին: «Ռաքելի» նավապետը խնդրում է Աքաաբին իրենց հետ որոնել որսի ժամանակ կորած նավակին, որի մեջ իր տասներկուամյա որդին է, սակայն մերժում է ստանում: Հանդիպում է ևս մի նավ: Նրա վրա էլ թաղում են Մոբի Դիկի զոհերին:

Ի վերջո Աքաաբը մի օր ինքն է տեսնում սպիտակ կետի ջրից դուրս ցցված սապատը: Երեք օր նավը հետապնդում է կետին: Վերջապես, երբ վելբոտները մոտենում են կետին, սա ժանիքներով ջարդուփշուր է անում Աքաաբի վելբոտը և սկսում է պտտվել Աքաաբի շուրջ, որպեսզի նավը չկարողանա փրկության հասնել: Երբ նավին հաջողվում է հեռացնել Մոբի Դիկին և ջրից հանել Աքաաբին, սա տեգ է պահանջում: Սակայն մթնում է և մարտն այսպիսով դադարում է:

Առավոտյան դարձյալ հանդիպում են կետին: Սա փշրում է երկու վելբոտներ և գրոհում է Աքաաբի վեբոտը՝ ջարդելով այն տակից: Երբ մարտն ավարտվում է, և փրկվածներին նավ են դուրս բերում, Աքաաբը նկատում է, որ Ֆեդալլան չկա:

Երրորդ օրը կետը, որը կատաղել է ստացած վերքերից, ինքն է նետվում «Փեկոդի» վրա: Վելբոտները նորից ջուր են իջնում: Նրանցից մեկի վրա է Իսմայելը: Նավաստիները տեսնում են տեգերի պարաններով գազանի իրանին փաթաթված Ֆեդալլայի մարմինը: Մոբի Դիկը չի փնտրում հանդիպում Աքաաբի հետ, սակայն նավապետի նավը հետապնդում է նրան: Կետը գրոհում է նավը և ճեղքում այն: «Փեկոդը» սկսում է սուզվել ջրապտույտի մեջ քաշելով նաև նավապետի վելբոտը: Աքաաբը հասկանում է, որ սա վերջն է և տեգով վերջին հարվածն է հասցնում կետին: Տեգին կապված թոկը քաշում- տանում է Աքաաբին: Վելբոտից դուրս ընկած Իսմայելը նույնպես քշվում է դեպի ջրասույզ եղած նավի ջրապտույտը: Բայց նա չի խորտակվում, քանի որ ջրապտույտը դադարում է, իսկ ջրի մակերեսին է հայտնվում Քվիկեգի համար պատրաստված դագաղը: Մեկ օր Իսմայելը մնում է այդ դագաղ-մակույկի մեջ, մինչև որ անցնող նավը փրկում է նրան: Դա «Ռաքելն» է, որը փնտրելով իր նավապետի որդուն գտնում է ուրիշին:     

tarntercum