Մուրացան. «Անդրեաս երեց» (համառոտ)

muratsanՎիպակը սկսում է «Նախադրությամբ», որտեղ ներկայացվում է Հայաստանի վիճակը 16-րդ դարի առաջին կեսին, երբ երկրին ծանրացող թշվառությունները հասել են իրենց գագաթնակետին: Պատճառը պարսկական և օսմանական պատերազմներն են: 1596 թվականին պարսից Շահաբաս Ա. Թագավորը, որ նոր էր ժառանգել Խուդաբանդ հոր գահը, վախենալով օսմանցիներից, նրանց է տալիս հոր կողմից հափշտակած հայկական նահանգները, պատանդներ տալիս սուլթան Մուրադին, կնքում հաշտություն: Չափազանց ծանրանում է հարկերից առաջացած Աթոռի պարտքերը, որի արդյունքում Առաքել կաթողիկոսը հրաժարվում է գահից՝ հանձնելով այն Դավիթ Էջմիածնեցուն: Սա էլ չկարողանալով լուծել հարցը՝ փախչում է, ապա  Գառնեցի Մելիքսեթ եպիսկոպոսին ձեռնադրում է կաթողիկոս, իբրև իրեն օգնական (1593): Այս տառապանքների օրերում վրա է հասնում նաև մի սարսափելի սով, ավեր, ապականություն, ժանտախտ, որ ճարակում է երկրի բազմաթիվ գավառները: Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսները հրավիրում են Սրապիոն վարդապետին, որ իմաստուն և առաքինի մարդ է, հայրենական հարուստ ժառանգություններ ունի, և առաջարկում հանձն առնել կաթողիկոսությունը և իր հարստությամբ ազատել Աթոռը պարտքերից: Ապա ժողովուրդն ինքը Սրապիոնին տանում է Էջմիածին և կաթողիկոս օծում: Այսպես 1602 թվականին հայոց մեջ կային վեց օծյալ կաթողիկոսներ, որոնք նստում էին Արարատյան նահանգում, Աղթամարում, Կիլիկիայում՝ Ադանայում և Սիսում: Դրսից եկած նեղությունների հետ մեկտեղ ավելանում են ներքին խռովությունները: Երկիրը սկսում է հետզհետե բնակիչներից դատարկվել, սրան ավելանում են նաև ունիթոր կամ միաբանող կոչված պապական արբանյակների սխրագործությունները, որոնք 13-րդ դարի կեսից տարածվում են Հայաստանում և քրիստոնեություն քարոզելու փոխարեն նահատակ հայ ժողովրդի անդամներն են որսում, եկեղեցուց հեռացնում և միաբանող լինելու փոխարեն, պառակտող հանդիսանում: Այսպես մահմեդական հրեշների թողած պակասը նրանք են լրացնում, իսկ նպատակն այն է, որ պապի հոգևոր ստրուկների թիվը մի քանի հազարով ավելացնեն: Նրանք հաստատուն բնակավայր են ընտրել Սյունյաց նահանգը և նրա Ճահուկ, Երնջակ և Նախճվան գավառները գրեթե ամբողջապես իրենց ձեռքն են անցել: Սկսում են նույնիսկ սրբոց մասունքները հափշտակել: Այս ծայրահեղ թշվառությունները հերոսական ոգի են ներշնչում երեք տարագիր հայ հոգևորականների՝ Սաղմոսավանքի առաջնորդ Պարոն անվանյալ Սարգիս եպիսկոպոսին, Սյունեցի Մովսես վարդապետին և Տրապիզոնցի Կիրակոս երեցին, որոնք տարիներ առաջ հեռացել էին Հայաստանից և ճգնում էին Երուսաղեմում: Բայց նրանք գիտեն միայն մեկ միջոց, այն է՝ մարդկային ոգին տանջանքների և հալածանքների դեմ զորացնելը, մարդուն անձնվիրություն սովորեցնելը: Սյունիք գալով՝ հիմնում են Սյունյաց կամ Հարանց հռչակավոր անապատը, Ծղուկ գավառի Որոտնա ձորում, կազմում են բազմամարդ միաբանություն, որը կարող է դիմագրավել ամեն տեսակ նեղության, և սկսում են միջոցներ փնտրել ներկա թշվառություններից ազատվելու համար: Այս ընթացքում կաթողիկոսները, չլուծելով Աթոռի պարտքերի հարցը, որոշում են դիմել պարսից Շահաբաս թագավորին, որ նա գա Հայաստան երկիրը գրավելու և իրենց անվերջ հարկերից ու պարտքերից ազատելու: Շահաբասը ծանր զորքով գալիս է Հայաստան: Նա արշավում է Հայաստան 1603 և 1605 թվականներին: Առաջին անգամ գրավում է օսմանացիների՝ իր հորից խլած բոլոր գավառները, երկրորդ անգամ, նրանց հետապնդումից խուսափելով, Հայաստանի մի քանի նահանգներ դատարկում է բնակիչներից՝ քշելով նրանց Պարսկաստան: Ժողովրդի կեսը խեղդվում է Երասխի մեջ՝ գետից շտապով անցնելու ժամանակ: 1606 թվականին դարձյալ վերադառնում է, տիրում Նախիջևան, Երևան, Գանձակ և այլ քաղաքները՝ իր Ամիրգունա նախարարին նրանց վրա վերակացու նշանակելով: Մինչև 1620 թվականը 2 կամ 3 տարին մի անգամ արշավում է Հայաստան, օսմանցիների հետ պատերազմելու և ամեն անգամ մեծամեծ նեղություններ է պատճառում թե´ հայ ժողովրդին, թե´ Աթոռին: Այս տագնապալից ժամանակներում ժողովրդին օգնության է հասնում Սյունյաց անապատը կամ վարդապետարանը, որի գլուխ կանգնած է Սարգիս եպիսկոպոսը: Միաբանության մեջ փայլում են Մովսես վարդապետ Սյունեցին, Կիրակոս Վ. Տրապիզոնցին, Պողոս Վ. Մոկացին, Արիստակես Շամբեցին, Թովմաս եպ. Տաթևացին, Դավիթ եպ. Շամխորեցին, Կարապետ եպ. Էջմիածնեցին և այլոք: Նրանք իրենց աշակերտների հետ ցրվել են Հայաստանի զանազան կողմերը և գործում են: Քարոզչի պաշտոն ստանձնելով՝ հուսադրում ու մխիթարում են վհատյալ ժողովրդին, վառ պահում ազգային զգացումը, գաղթել ցանկացողներին հորդորում չընկճվել և չհեռանալ երկրից: Ոմանք քաղաքներում և գյուղերում դպրոցներ հիմնելով նորանոր առաքելությունների համար աշակերտներ են պատրաստում: Մովսես Սյունեցուն իբրև գործունեության միջավայր վիճակված է Գողթան գավառը: Նրա արած գործերից մեկն այն է, որ Աստապատ, Շոռոթ և Ագուլիս գյուղերում դպրոցներ է բացել: Մինչ այդ դպրոցներ կային միայն վանքերում: Ագուլիսում նա դպրոցի վերակացու է նշանակում Սյունյաց անապատի իր առաջադեմ աշակերտներից մեկին՝ Տեր-Անդրեասին՝ մի գործունյա, առաքինի և անձնվեր քահանա, որի հիշատակին է ահա հեղինակը նվիրում իր վիպակը:

1617 թվականի աշունն է: Օքուզ-Ահմեդ փաշան, հոգնած Երևան բերդի իր ապարդյուն պաշարումից, հեռանում է Կարին, զորքը գոնե սովից ազատելու համար: Շահաբասը նույնպես պատրաստվում է հեռանալ Երևանից, բայց Պարսկաստան գնալուց առաջ կամենում է մի երկու շաբաթ անցկացնել Նախիջևանում, հայերի հյուրասիրությունը վայելելու համար: Ամիրգունա նախարարը սուրհանդակներ է ուղարկում ամեն կողմ, որպեսզի նահանգի մեծամեծներն ու հարուստները գան Նախիջևան և ըստ սովորության, փառավոր ընդունելություն անեն շահին: Սակայն անակնկալ լուր է գալիս, որ Շահաբասը ցանկանում է անցկացնել այդ երկու շաբաթը Ագուլիսում, ուստի Սիսականի ժողովուրդը այդտեղ պետք է սպասի արեգակնափայլ շահին: Ամիրգունան նոր սուրհանդակներ է ուղարկում՝ զարմանալով, թե ինչու շահը պետք է ցանկանա այդպիսի հասարակ ավանում անցկացնել իր հանգիստը: Այդ մասին նա հարցնում է Շահռուխ-բեկին, որ շահի առաջին իշխանն է ու սենեկապանը: Սա ասում է, որ հենց ինքն է նրան այդ խորհուրդը տվել, քանի որ Ագուլիսում շատ գեղեցիկ աղջիկներ ու տղաներ կան: Ամիրգունան հասկանում է, որ շահը «մանկաժողով» է անելու: Խոջա-Անձրևը Ցղնայի քահանայից ստանում է ածուխով գրված նամակ, որը կաթողիկոսն է ուղարկել բանտից, որպեսզի վերջինս այն հասցնի տեղ: Մելիքսեդեկ կաթողիկոսին բանտ են նստեցրել Աթոռի պարտքերի պատճառով, և շահը պատրաստվում է այդպես շղթայակապ նրան տանել Պարսկաստան: «Մանկաժողովի» մասին նրան տեղեկացրել է հենց Ամիրգունան: Վերին Ագուլիսի Խցաձոր անվանյալ թաղի վերջում, գտնվում է ս. Հովհաննես անունով եկեղեցին: Այստեղ երեկոյան ժամերգություն է: Քահանաներն են Տեր-Սարգիսը, Տեր-Հովսեփը և Տեր-Անդրեասը: Տեր-Սարգիսը անընդհատ չարախոսում է Տեր-Անդրեասին, թեև ժողովուրդը նրան շատ է սիրում: Նրա ծնողները Նախիջևանի փախստյալների մեջ են եղել և հաջողացրել են մնալ երկրում՝ գալով և բնակվելով Ագուլիսում: Անդրեասը սովորել է Հարանց անապատում: Մտադիր էր կուսակրոնություն ընդունել, սակայն սիրահարվել և ամուսնացել է Վարդենի անունով մի գեղեցկուհու հետ: Այնուհետև քահանա է ձեռնադրվել և դարձել հովիվ Խցաձորի ս. Հովհաննես եկեղեցում: Նրա առաջին գործը դպրոցն է, ուր ուսման հետ մեկտեղ երեխաներին սովորեցնում է առաքինություն և հայրենասիրություն: Ժամերգությունից հետո նրան շրջապատում են ժամավորները՝ խոսելու և նրանք գնում են դպրատուն: Այստեղ է գալիս Խոջա-Անձրևը՝ բերելով կաթողիկոսի նամակը: Որոշում են թաքցնել գեղեցիկներին մոտակա տարբեր գյուղերում, իսկ կաթողիկոսին ազատելու համար Անդրեասն առաջարկում է նվերների մի մասը շահին տալ իբրև Աթոռի պարտք՝ կաթողիկոսին ազատելու դիմաց: Տանը Անդրեասը կազմում է երեխաների ցուցակները: Նրա կինը վատ երազ է տեսել և վախենում է կորցնել ամուսնուն: Նախքան ամուսնանալը նրան ցանկացել էր հափշտակել Շահռուխը՝ իբր շահի հարեմի համար, և Անդրեասը կանխել էր նրան և ապա ամուսնանալով Վարդենիի հետ, որին մինչ այդ սիրահարվել էր, խափանել էր Շահռուխի ծրագրերը: Անդրեասը, սակայն, չի կարողանում իր ծրագրերը ամբողջությամբ կատարել: Հայր սուրբը մեղադրում է նրան այդպիսի հանդուգն քայլերի համար և արգելում է թաքցնել երեխաներին: Նա վիրավորված է, որ Անդրեասը գործելուց առաջ նախ չի խնդրել իր՝ վարդապետի, առաջնորդի հաճությունը: Վարդապետի առաջ մինչ այդ չարախոսել էր նաև Տեր-Սարգիսը՝ ասելով, որ կաթողիկոսը նախ նրան էր ուղարկել նամակը: Վարդապետը կարդում է Ամիրգյունե խանի նամակը, ըստ որի ոչ մի «մանկաժողով» էլ չի լինելու, սակայն դա պաշտոնական թուղթ է, իսկ «մանկաժողովի» մասին ինքը Ամիրգյունեն է հայտնել հայրապետին: Ինչու պետք է պարսիկ խանը չկամենա հայ զավակներին շահի դուռը տանել, իսկ վարդապետը՝ ոչ: Նրանք համաձայնության չեն գալիս, և Անդրեասը հեռանում է: Նույն օրը Տեր-Անդրեասին այցելում է հայր Մատթեոս Երազմոսը՝ Հռոմի պապից կարգված ընդհանրական առաջնորդն և արքեպիսկոպոսը: Նա առաջարկում է Անդրեասին Ագուլիսի բոլոր ընտանիքների անունները, որոնք ունեն գեղեցիկ երեխաներ, ցուցակագրել և հանձնել իրեն, որպեսզի նա Շահաբասին հայտնի, թե նրանք ունիթորներ են, պատկանում են իր հոտին: Սրբազան պապի գերապայծառ նվիրակը՝ հայր Պողոս Մարիա-Չիտտագինին, խոսել է կաթողիկոսի հետ, պապի նամակն է բերել շահին, որում պապը Շահաբասին ներկայացրել է երեք խնդիր՝ «պարսկի փոխարեն՝ հայ ունիթոր կարգել վերատեսուչ այն գավառների վրա, ուր ապրում են վերջինները, «Մանկաժողով» չանել  Հռովմա գահին հավատարիմ բոլոր հայերի մեջ, վերադարձնել սրբազան սպասները, որոնք հափշտակել են պարսիկները»: Շահաբասը այդ երեք խնդիրներն էլ կատարել է: Սակայն Անդրեասը հրաժարվում է հայերին պապական, այն է՝ կաթոլիկ հռչակելուց, թեև առաջնորդը համաձայնել էր, պայմանով, որ Անդրեասն էլ կհամաձայնի, քանի որ նա մեծ հեղինակություն ունի և բոլորը կհետևեն նրան: Շահին դիմավորելու պատրաստությունները արվում են և Անդրեասին հրամայվում է նշանակված օրը գտնվել Որտուատում իր բոլոր աշակերտներով: Աշակերտների ծնողները ներկայանում են առաջնորդին, և նրանցից մեկն առաջարկում է աշակերտներին տգեղացնել, սափրել գլուխները, ինքը, քանի որ վարսավիր է, գիտի մի դեղ, որը գոնջի պես վերք է գոյացնում: Շահը, նման երեխաների տեսնելով, իհարկե, չի ցանկանա նրանց իր հետ տանել: Անդրեասն այս մասնին ուշ է իմանում և շատ տխրում է, քանի որ շահը դա անմիջապես կնկատի և այդպես էլ լինում է: Շահաբասը շատ գոհ է հայերի ընդունելությունից, բայց հանկարծ նկատում է սափրած գլուխներով, հիվանդոտ երեխաներին և դա որպես անարգանք է ընդունում: Քննությունը բացահայտում է, որ հիվանդությունը արհեստական է, և շահը չափազանց բարկանում է, հրամայում խոստովանել, թե ով է կազմակերպողը: Տեր-Անդրեասը մեղքը իր վրա է վերցնում՝ փրկելով բազմաթիվ երեխաների ու հայերի: Շահաբասը նրա առաջ պայման է դնում՝ դառնալ մահմեդական կամ սպանվել: Անդրեասի քաջ ու անվրդով պահվածքից շահն ավելի է կատաղում և այլևս ոչ ոք չի կարողանում նրա գութը շարժել, որքան էլ որ նվերներ են տալիս, բարեխոսներ գալիս: Անգամ Խոջա-Անձրևի կին Սառա-խաթունը, որին շահը մայր էր անվանում, չի կարողանում մեղմել իրավիճակը: Շահը տեսնում է գեղեցկուհի Վարդենիին, որը խնդրում է ազատել ամուսնուն, սակայն շահը կանանց էլ է մերժում՝ առաջնորդվելով Շահռուխի խորհուրդներով: Անդրեասին ամեն օր հանում են հրապարակ, գանահարում և տանում: Երիտասարդ երեցը, սակայն, դիմանում է տանջանքներին, և նրա հոգին չի նվաղում: Այս հանգամանքից փորձում են օգտվել ունիթորները և պապի անունով ազատել Անդրեասին: Դա մեծ հնարավորություն է նրանց համար, որպեսզի, այնուհետև ժողովուրդը գնա նրանց հետևից: Վերջին վայրկյանին, երբ պատրաստվում են կախել երեցին, գալիս են շահի հեծյալներ՝ բերելով շահի ներման հրովարտակը: Սակայն Անդրեասը տխուր է ի զարմանս բոլորի: Նա հեռվից տեսել է Երազմոսին և Չիտտագինիին և հասկացել, թե ինչու է շահը ներել իրեն: Հրովարտակի ընթերցումից հետո Անդրեասը խնդրում է, որ իրեն թույլ տան խոսել: Նա հայտնում է, որ նախորդ օրը իրեն այցելել է հայր Երազմոսը՝ առաջարկելով ունիթոր դառնալ, հպատակել պապին, նա մերժել է նրան, քանի որ դա նույնն է, ինչ դառնալ մահմեդական: Եթե կաթողիկոսը կապված է շղթաներով,, ինչու նրա սպասավորը պետք է շրջի: Անդրեասը իր երկար խոսքից հետո պատռում է հրովարտակը: Դահճապետը դաշույնով իսկույն խոյանում է նրա վրա: Այնուհետև նրան կախում են գլխիվայր, որպես մեծ ոճրագործի, որպեսզի նրա տանջանքները երկար տևեն: Փորոտիքը դուրս թափված՝ Անդրեասը սոսկալի տանջանքների մեջ հոգին ավանդում է արևը մայր մտնելու մոտ: Եղելությունը իմանալով՝ կատաղած շահը հրամայում է չամփոփել նրա դիակը, և այն հինգ օր մնում է դաշտում հսկողության տակ, որ հայերը չմոտենան: Այս ընթացքում շահը հրամայում է հարեմ բերել տեր-Անդրեասի կնոջը: Շահռուխը դա փորձում է անել մի պառավ թրքուհու միջոցով: Վարդենին իր մտքում որոշել է վրեժ լուծել Շահռուխից՝ հասկանալով, որ այս ամենը նրա պատճառով է, և պառավին ասում է, որ ինքը կգնա, միայն թե թող իրեն մի ձեռք զինվորական հագուստ ուղարկեն, որպեսզի ծպտյալ դուրս գա տնից, որ ազգակիցները չքարկոծեն նրան: Երբ հասնի Շահռուխ բեկի մոտ, այնուհետև նա թող իրեն ներկայացնի շահին ինչ ձևով որ կկամենա: Այսպես հիմարացնելով նրանց՝ Վարդենին գնում է Շահռուխի մոտ և դաշույնը խրում հեշտասեր պարսիկի կուրծքը՝ անմիջապես սպանելով վերջինիս: Շահռուխի սպանության լուրը սարսափեցնում է շահին: Քննություն է սկսում: Վարդենին ներկայանում է Ամիրգյունա խանին, խոստովանում իր արածը և ցույց տալիս զինվորական հագուստն ու արյունոտ սուրը: Խանի խորհրդով նրան տանում են Ցղնա և պատսպարում Խոջա-Անձրևի տանը: Խանը այս մասին հայտնում է շահին և խորհուրդ է տալիս նրան չգրգռել ժողովրդին, քանի որ եթե մի թույլ կին սպանել է այդ հսկա Շահռուխին, շատ քաջ հայրեր ինչե~ր կարող են անել: Շահը լսում է նրան և ոչ միայն ներում մանկամարդ տիրուհուն, այլև հրաման տալիս ամփոփել նահատակի մարմինը, որ ժողովրդի հուզումը դադարի: Խոհեմ համարելով չհայտնել իրական սպանողին՝ ասում են, որ Շահռուխին սպանել է նրա թիկնապահներից մեկը, որն այժմ փախել է: Իսկ Տեր-Անդրեասին հանդիսավորությամբ ամփոփում են ս. Հովհաննես եկեղեցու ս. Ստեփաննոս կոչվող խորանի տակ, ձախակողմյան ավանդատանը: Նրան համարում են սուրբ, իսկ նրա շիրիմը ծածկված է մի պարզ տապանաքարով:

tarntercum