Նիբելունգների երգը (համառոտ)

nibelungՎորմսում՝ Բուրգունդացիների (Նիբելունգների) մայրաքաղաքում ապրում է արքայադուստր Կրիմխիլդը: Իր գեղեցկությամբ շատ դյուցազների կործանման պատճառ է դարձել: Ապրում է եղբայրներ Գունտերի, Գերնոտի և Գիզելխերի հետ: Գունտերը բուրգունդացիների թագավորն է: Հպատակ ասպետներից առանձնանում է Հագեն Տրոյենցին:

Կրիմխիլդը մի անգամ երազ է տեսնում, իբր լուսամուտից ներս է մտնում մի երիտասարդ բազե, որին հոշոտում են երկու արծիվներ: Մայրը բացատրում է, որ դա Կրիմխիլդի ապագա ամուսինն է, որին սպանում են Կրիմխիլդի եղբայրները:

Նիդեռլանդների արքան ունի որդի, որի անունն է Զիգֆրիդ: Լսելով Կրիմխիլդի գեղեցկության մասին` որոշում է գնալ և եղբայրներից խնդրել արքայադստեր ձեռքը: Երբ հասնում է Վորմս, Հագենը խորհուրդ է տալիս Գունտերին պատիվներով ընդունել հերոսին, որը նվաճել է նիբելունգների գանձերը, ձեռք է բերել անտեսանելի թիկնոցը և լողանալով իր սպանած վիշապի արյան մեջ` դարձել է անխոցելի:

Զիգֆրիդին իսկապես ընդունում են մեծ պատիվներով: Այդ ժամանակ բուրգունդացիների վրա են հարձակվում ռազմատենչ սաքսերը և դանիացիները: Զիգֆրիդը իր ջոկատով ընդառաջ է գնում նրանց և կոտորում է: Որպես պարգև Գունտերը թույլ է տալիս հերոսին հանդիպել Կրիմխիլդի հետ խնջույքի ժամանակ:

Իսլանդիայում թագավորում է գեղեցկուհի Բրյունհիլդը, որի մասին երազում է Գունտերը: Զիգֆրիդը պատրաստ է օգնել Գունտերին կնության վերցնել այդ կնոջը, սակայն փոխարենը խնդրում է Կրիմխիլդի ձեռքը: Գունտերը եղբայրների և Զիգֆրիդի հետ մեկնում է Իսլանդիա: Բրյունհիլդի հետ ամուսնանալու իրավունքը ենթադրում է երեք մրցություն, որոնք երեքն էլ Գունտերի փոխարեն հաղթում է Զիգֆրիդը:

Վերադառնում են Վորմս, որտեղ մեկ օրում տեղի է ունենում երկու հարսանիք՝ Գունտերի ու Բրյունխիլդի և Զիգֆրիդի ու Կրիմխիլդի: Գիշերը Գունտերը չի կարողանում մոտենալ Բրյունխիլդին, քանզի սա ուժեղ է և կախում է ամուսնուն մեխից: Թագավորը ստիպված է նորից դիմել Զիգֆրիդի օգնությանը: Սա, հագնելով անտեսանելի թիկնոցը, գիշերով մտնում է Բրյունխիլդի մոտ և զսպում է նրան: Այժմ իսլանդուհին դառնում է բոլոր կանանց նման և Գունտերը կարողանում է տիրանալ նրան:

Զույգերը երջանիկ են: Սակայն Բրյունխիլդը չի հասկանում, թե ինչու է Զիգֆրիդի՝ իր ամուսնու հպատակի կինը այդքան վերամբարձ ու գոռոզ իր նկատմամբ: Կանայք վիճում են: Բրյունխիլդը հպատակ է կոչում Կրիմխիլդին, իսկ սա կոչում է Բրյունխիլդին իր ամուսնու՝ Զիգֆրիդի հարճը: Չէ՞ որ նա գիտի, թե ինչպես է անցել Գունտերի առաջին ամուսնական գիշերը: Երբ Գունտերը իմանում է կնոջից այս ամենի մասին, բացատրություն է պահանջում Զիգֆրիդից: Սա երդվում է, որ ոչինչ չի ասել իրենց գաղտնիքի մասին: Ամեն դեպքում Գունտերի պատիվը անարգված է և Հագեն Տրոյենցին համազում է նրան վրեժ լուծել Զիգֆրիդից:

Հագենը խորամանկությամբ իմանում է Զիգֆրիդի խոցելի տեղը: Վիշապի արյան մեջ լողանալիս Զրգֆրիդը չէր նկատել մեջքին կպած տերևը: Այդ տեղը թիրախ է դառնում որսի ժամանակ նրան դավադրաբար սպանող Հագեն Տրոյենցու համար:

Կրիմխիլդը մեծ վշտի մեջ է: Նրանից անգամ խլում են Զիգֆրիդի ամուսնական նվերը՝ նիբելունգների գանձը: Տասներեք տարի անց Կրիմխիլդը ամուսնանում է հոների արքա Էտցելի հետ: Հիմա նրա հերթն է վրեժխնդիր լինել եղբայրներից իր ամուսնու սպանության համար:

Նա կարոտը առնելու պատրվակով եղբայրներին կանչում է հոների մայրաքաղաքը: Այստեղ նա Էտցելի ձեռքով կոտորել է տալիս նրանց բոլորին, իսկ Գունտերին և Հագենին սպանում է վերջում անձամբ: Ցնցված Էտցելը սպանել է տալիս իր խենթացած կնոջը: Այդպես կործանվում են նիբելունգները:

tarntercum