Նիկոլա Բուալո-Դեպրեո. «Քերթողական արվեստ» (1674 թ. համառոտ)

poeticheskoe-iskusstvoՌասինի և Կոռնեյլի դրամատիկական պրակտիկան իր ամփոփումն է ստանում ֆրանսիական կլասիցիզմի քննադատ և տեսաբան Նիկոլա Բուալոյի «Քերթողական արվեստ» չափածո տրակտատում, որը Պուշկինը կոչում է ֆրանսիական կլասիցիզմի «հուրան»: Տրակտատը ազդված է Արիստոտելի «Պոետիկայից» և Հորատիուսի «Ars Poetica»-ից:

Բուալոն համակարգում է ֆրանսիացի կլասիցիստների տասնամյակներ շարունակ մշակած դրույթները: Պոեզիան պիտի ղեկավարվի բանականությամբ, քանզի բանականությունն է գտնում ճշմարիտը և գեղեցիկը բնության մեջ, իսկ արվեստի խնդիրը հենց բնությանը նմանակելն է: Բանաստեղծին պիտի հուզեն ոչ թե մասնավոր, այլ համընդհանուր երևույթները: Արվեստը պիտի մաքրվի հրապարակայինից, գռեհիկից և ցածրաճաշակից: Ժողովրդական պոեզիա և թատրոն գոյություն չունի: Առակը տեղ չունի գրականության մեջ, ահա ինչու Լաֆոնտենը և իր առակները Բուալոյի կողմից պարզապես չեն հիշատակվում: Անընդունելի է նաև ֆարսը, ահա ինչու Մոլիերից կարելի է պահել միայն այն գործերը, որոնք զուրկ են ֆարսից: Ուսուցանելի են պալատական և ազնվական միջավայրի բարքերը: Գյուղացու կենցաղը արվեստի առարկա չէ:

Հարկ է նմանակել անտիկականությանը և պահպանել անտիկականությունից ժառանգված հիմնական գրական ժանրերը՝ էպիկան, քնարերգությունը և դրամատուրգիան: Հուզականությունը պիտի վերահսկիվի բանականությամբ, այնպես ինչպես դա տեղի ունի Ռասինի պիեսներում: Ողբերգության հեղինակը պիտի հետևի որոշ սկզբունքների: Հարկավոր է պահպանել տեղի, ժամանակի և գործողության  միասնության օրենքը: Հերոսների բնավորությունները պիտի լինեն հակասական և բարդ: Ձևը և բովանդակություն պիտի ներդաշնակ լինեն, իսկ ոճը՝ բարձր, սակայն միաժամանակ՝ պարզ:

Բուալոյի առաջադրած սկզբունքներին իդեալականորեն համապատասխանում են Ժան Ռասինի ինտելեկտուալ ստեղծագործությունները: Կենցաղայինը, պատահականը, մասամբ հենց կյանքայինը Ռասինի պիեսներում ենթարկվում են բանական մշակման: Կերպարները դառնում էին իդեալականացված, գաղափարները՝ վերացական: Շեքսպիրի ստեղծագործական մեթոդի համեմատությամբ Ռասինի մեթոդը նշանակում է ռեալիզմի էական նեղացում և սահմանափակում, անջատում ժողովրդական արմատներից:

Խաղալով իր որոշակի առաջադիմական դերը, Բուալոյի պոետիկան հետագայում հայտնաբերում է իր պահպանողական կողմը: Այն խանգարում է կյանքի և արվեստի մերձեցմանը: Տասնութերորդ դարի գրեթե բոլոր առաջադեմ թատերական գործիչները, տեսաբաններն ու գրողները պայքարում են բուալոյական ավանդույթների դեմ:   

tarntercum