Չարլզ Դիքենս. «Պիկվիկյան ակումբի հետմահու գրառումները» (1837 թ. համառոտ)

dikkens-pikvinski-klubՎեպը պատմում է որսորդական ակումբի անդամների զվարճալի արկածները: Ժամանակակից աշխարհի չարիքը շրջապատել է պիկվիկականներին: Վեպի գլխավոր սյուժեին ընդմիջարկված նովելներում պատմվում է անգութ աշխարհի մասին, որտեղ կործանվում են լավագույն երազանքները, անկեղծ սերը և բարեկամությունը, ստորացվում է իսկական մարդկությունը (մահամերձ դերասանը, երիտասարդ կալանավորը, խելագար միլիոնատիրոջ հետ բռնի ամուսնացված աղջիկը և այլն): Պիկվիկը և նրա ընկերները փոքր-քիչ տարօրինակ մարդիկ են, որոնք չեն գիտակցում իրենց շրջապատող աշխարհում տիրող չարիքը: Նրանք զբաղված են չնչին գործերով: Պիկվիկն ուսումնասիրում է գեղազարդ փշաձկնիկի գոյության վիճակը քաղաքային լճակներում, ծոցատետրում տեղեկություններ է գրի առնում քոնձռոտ ձիու մասին, որի պատճառով կառապանը նրան դնում է ոստիկանության լրտեսի տեղ: Արկածախնդիր Ջինգլը լկտի ու չարախինդ ծաղրի է ենթարկում Պիկվիկին, Թափմենին, Ուինկլին: Սակայն, վեպի տարօրինակ բնավորության տեր ու սահմանափակ հերոսը անսպասելիորեն հանդես է գալիս այլ լույսի տակ՝ որպես ճշմարտության մարտիկ, որը խոսքով ու գործով մշտապես պատրաստ է օգնել նրանց, ովքեր իր աջակցության կարիքն ունեն: Պիկվիկի և փաստաբաններ Դոդսոնի և Ֆոգի, որոնք ձգտում էին նրանից բռնագանձել խոշոր գումար՝ 700 ֆունտ (իբրև տանտիրուհու հետ ամուսնանալու Պիկվիկի տված խոստումը խախտելու տուգանք), միջև տեղի ունեցած բախման ընթացքում Պիկվիկն իրեն դրսևորում է որպես ճշմարտության ջատագով, որպես իսկական քաղաքացի, որը Մարշալսի բանտի խուցը նախընտրում է բանսարկու փաստաբանների առաջ նահանջելուց: Նրա ճշմարտասիրությունը, կեղծիքի ու չարիքի հանդեպ նրա անսահման ատելությունը նվաճում է Պիկվիկի կողմնակիցների և նրան նվիրված ու զինակից Սեմ Ուելերի համակրանքը: Պիկվիկի բարությունը հաճախ հակադրվում է հասարակության բարեկանոն նորմերին: Պիկվիկին, որն իր դյուրահավատության պատճառով հաճախ ընկնում է հիմար վիճակների մեջ, անվանում են անգլիական Դոն Կիխոտ, իսկ նրա հավատարիմ սպասավոր ժուժկալ Սեմ Ուելերին՝ Սանչո Պանսա: Սեմը քաղաքային ցածր խավի բնորոշ ներկայացուցիչն է: Նրա հնարամտությունը, ժամանակակից աշխարհի իրական հարաբերությունների խոր գիտակցումը օգնում են նրան պիկվիկականներին ազատվել փորձանքներից: Նա գիտի բազմաթիվ ժողովրդական բալլադներ ու զրույցներ:

Իր ժանրային հատկանիշներով «Պիկվիկյան ակումբի հետմահու գրառումները» մոտ են Ֆիլդինգի, Սմոլետի, Սթեռնի նախասիրած «մեծ ճանապարհի» վեպերին, որ թույլ է տալիս ազատորեն շարադրանք ներմուծել պատահական գործող անձանց և ֆաբուլայի հետ որևէ կապ չունեցող միջադեպեր: «Պիկվիկյան ակումբը» վեպ հակաուտոպիա է, վեպ-իդիլիա, որ դժվար է բնորոշել ռեալիստական արվեստի օրենքներով:

tarntercum