Գործողությունը տեղի է ունենում 1850-1853 թթ.: Երգչախումբը պատմում է քաջարի ավազակ Խոակին Մուրյետայի մասին, որի ուրվականը մինչ այժմ սավառնում է Կալիֆորնիայի վրա: Ազտարար չիլիացին գտել է իր վախճանը օտարության մեջ: Թերթ վաճառող տղաները բղավում են, որ Կալիֆորնիայում ոսկե տենդ է: Վալպարաիսոյի նավահանգիստ են գալիս մարդիկ երկրի բոլոր ծայրերից: Նրանց ձգում է ապահով կյանքի հեռանկարը: Բեմի վրա նավ է կառուցվում: Մաքսավոր Ադալբերտո Ռեյեսը Եռամատ Խուանից պահանջում է բազում փաստաթղթեր: Սակայն Մուրյետան համոզում է նրան իրենց միանալ և Կալիֆորնիայում ոսկի փնտրել:
Երգչախումբը պատմում է, թե ինչպես ճանապարհին Խոակին Մուրյետան կարողանում է շահել Թերեսայի բարեհաճությունը: Հենց նավի վրա էլ տեղի է ունենում նրանց հարսանիքը: Խնջույքի ընթացքում նավասենյակից լսվում է սիրահարների զրույցը: Հետագա բեմական գործողության ողջ ընթացքում Մուրյետան և Թերեսան չեն հայտնվում բեմում: Երբեմն երևում է Մուրյետայի ստվերը:
Երևում է Սան Ֆրանցիսկոն: Երգչախումբն ասում է, որ չիլիացիները առաջինն են ժամանում փողի, հարստության և ոսկու երկիր: «Իրարանցում» պանդոկում քիչ է մնում լուրջ վեճ ծագի չիլիացիների և ամերիկյան ռենջերների միջև: Երբ յանկիները հեռանում են, հայտնվում է սև ձիավորը, որն ասում է, իբր Սակրամենտոյում յանկիները սպանել են չիլիացիների և մեքսիկացիների: Նրանց վերաբերում են ինչպես նեգրերի և չեն ճանաչում նրանց իրավունքները: Սակայն չիլիացիները շատ չեն տխրում: Շուտով խնջույքը շարունակվում է, աղջիկները սկսում են ստրիպ-շոուն: Աճպարարը ցույց է տալիս ֆոկուսներ և արդյունքում չիլիացիները մնում են առանց ժամացույցների և դրամապանակների:
Երգչախումբը նկարագրում է ոսկի փնտրողների ծանր աշխատանքը: Խոակինը երազում է շատ ոսկի գտնել և վերադառնալով հայրենիք, բաժանել այն աղքատներին: Սակայն սպիտակամորթների հրոսակախումբը նրանց դեմ ահաբեկչություն է ծրագրում: Հարձակումներից մեկի ժամանակ նրանք բռնաբարում և սպանում են Թերեսային: Կնոջ դիակի վրա Մուրյետան երդվում է լուծել վրեժը և այդ օրվանից դառնում է ավազակ:
Ձիու վրա նստած Մուրյետան ահ է սփռում շուրջ բոլորը: Նա սպանում է անիրավ գրինգոներին: Նրան են միանում նաև Ռեյեսը և Եռամատը: Միանում են նաև ուրիշները: Կազմվում է ջոկատ: Ավազակները հարձակվում են սայլակառքի վրա, որի յոթ ուղևորներից երեքը կանայք են: Խլում են նրանցից ոսկու պարկերը և բաժանում տեղաբնակներին:
Երգչախումբը պատմում է հուլիսյան ողբերգական երեկոյի դեպքերը: Մուրյետան ծաղիկներ է բերում կնոջ գերեզմանին: Իսկ սպիտակամորթների ջոկատը դարան է մտնում: Խոակինը անզեն է: Նրան սպանում են, իսկ հետո կտրում գլուխը, որ հարություն չառնի: Նրա գլուխը դրվում է շուկայի կենտրոնում և այն տեսնելու համար մարդիկ մանրադրամ են վճարում:
Չիլիացի տղամարդիկ որոշում են գողանալ Մուրյետայի գլուխը և թաղել Թերեսայի կողքին:
Շարժվում է թաղման թափորը: Եռամատը և Ռեյեսը տանում են Մուրյետայի գլուխը: Գլուխը ցավ է հայտնում, որ հաջորդ սերունդներին չի հասնի իր մասին ողջ ճշմարտությունը: Նա շատ չարիք է գործել, թեպետ գործել է նաև բարի գործեր: Սպանված կնոջ կարոտն էր ստիպում նրան շրջել երկրով մեկ և իր պատիվը աստղ էր իր գլխավերևում: Երգչախումբը եզրակացնում է, որ Մուրյետան շատ խիզախ է ապրել: Սակայն նա դատապարտված էր: Սլանում է հեծյալը հորինվածքի և իրականության արանքով: