«Աորայ» երկկայմանավը մեղմ քամու օգնությամբ առաջ է ընթանում և մոտենում կղզուն: Կղզու մուտքն այնքան նեղ է, որ առևտրական երկկայմանավը չի կարող ծովալճակ մտնել: «Աորայից» շտապ ծով է իջնում մի մակույկ և կարմիր կոնքակապով վեց թխամորթ նավաստիներ նստում են նրա մեջ: Ղեկի մոտ կանգնած է սպիտակ զգեստով, պոլինեզական ծագումով Ալեքսանդր Ռաուլը`մեծահարուստ խառնածին Մերի Ռաուլի որդին: Նա մակույկից ցատկում է սպիտակ ավազի վրա և ձեռքով բարևում մի բարձրահասակ սևամորթի, որը կղզու բնիկներից է: Սա, քանի որ հանդիպել է շնաձկանը, որի մասին վկայում է կտրված ձեռքը, մարգարտի որսը թողնելով, բանսարկություններ հյուսող մի պորտաբույծ է դարձել: Նա Ալեքին ասում է, որ Մապուհին մի մարգարիտ է գտել, այնպիսի մի մարգարիտ, որ ոչ ոք չի որսացել ո´չ Հիքուերուում, ո´չ Պաումոտյան կղզիներում, ո´չ էլ ամբողջ աշխարհում: Խարհուրդ է տալիս գնել մարգարիտը: Ալեքը գնում է Մապուհու մոտ: Մարգարիտը հմայում է նրան: Դա աղավնու ձվի մեծությամբ և անթերի կլորությամբ մի մարգարիտ է: Մապուհին ասում է, որ դրա դիմաց ինքը ցանկանում է մի տուն, որը պետք է ունենա երեսունվեց ոտնաչափ երկարություն, ցինկով ծածկված տանիք, ճոճանակավոր ութանկյուն մի ժամացույց, և շրջապատված լինի սյունազարդ պատշգամբով: Տան կենտրոնում պետք է լինի մի խոշոր սենյակ, մեջտեղում` կլոր սեղան, իսկ պատին` ութանկյուն ժամացույցը….
Ռաուլը սրտանց ծիծաղում է, ապա մտքում հաշվում այդ ամենի գումարը` քսան հազար ֆրանկ: Հետո մտածում, որ դա մեծ գումար է, և ինքը չգիտի մարգարտի արժեքը: Մապուհուն առաջարկում է տալ գումարը` հազար չիլիական դոլլար և հարյուր չիլիական դոլլարի վարկ: Մապուհին համաձայն չէ, նրա հետևից ևս երեք գլուխներ բացասական շարժում են անում` մայրը, կինը և դուստրը: Գործարքը տեղի չի ունենում, նրանք տուն են ուզում` իրենց նկարագրած ճշգրտությամբ: Նույն պահին մի սև ամպ ծածկում է արևը, մթնում է: Նավապետը մարդ է ուղարկում հաղորդելու, որ անհրաժեշտ է շտապ հեռանալ, բարոմետրը իջել է քսանինը և յոթանասունի:
Գալիս է նոր երկկայմանավը`«Օրոհենան», որը պատկանում է Տորիկին: Միձեռանի Հուրու-Հուրուն սրան էլ է հայտնում մարգարտի մասին, և հիշեցնում, որ Մապուհին պետք է Տորիկին վճարի նախորդ տարում վարկով գնած ապրանքի արժեքը: Տորիկը գնում է Մապուհու մոտ և ձեռքից վերցնում մարգարիտը` ասելով, թե դրանով մարված է վերջինիս պարտքը:
Հետո գալիս է մի այլ երկկայմանավ`«Հիրան»: Այն պատկանում է Լեվի անունով մի գերմանացի հրեայի: Հուրու- Հուրուն սրան էլ է նույնը հաղորդում, և սա մարգարիտը գնում է Տորիկից քսանհինգ հազար ֆրանկով, որը Ֆրանսիայում կծախի հարյուր հազարով: Ռաուլը վերադառնում է, որ գնի Մապուհուց մարգարիտը, բայց արդեն ուշ է:
Բարոմետրը ավելի ու ավելի է իջնում: Անհողմությունը շարունակվում է, բայց ծովում ալիքները գնալով ավելի են խոշորանում: Շուտով սկսում է փոթորիկը: Նավապետ Լինչը շշմել է: Մարդիկ բարձրանում են հնդընկուզենիների վրա, պարաններով կապում իրենց ծառերի բներին: Մրրիկի կատաղությունը տևում է գիշերվա ժամը տասնմեկից մինչև երեքը: Առավոտյան թափը կոտրվում է: Կղզում ապրող հազար երկու հարյուր հոգուց միայն երեք հարյուրն է ողջ մնացել: Մապուհու ընտանիքը ողջ է մնում, Միայն մայրը` Նաուրին, չկա, սակայն նա ևս ողջ է: Նա հայտնվել է Թակոկոտա կղզում, որը բնակչություն չունի: Ծովը բազմաթիվ դիակներ է գցում ափ: Դրանց թվում է գերմանացի Ղեվիի դիակը, որի գրպանավոր կաշվե գոտու վերջին գրպանում գտնում է այն միակ մարգարիտը, որը վաճառականը գնել էր իր վերջին ուղևորության ընթացքում: Մարգարտի գեղեցկության մեջ ծեր կինը տեսնում է այն տունը, որ իր ընտանիքը երազում է ունենալ: Մեծ դժվարություններով Նաուրին հասնում է Հիքուերու կղզի, ճանապարհի կեսը գնալով նավակով, որը ճեղք ունի, մյուս մասը` լողալով, որի ընթացքում շնաձուկը պոկում է նրա մորթը արմունկից:
Ընտանիքը նրան մեռած է համարում, և սկզբում կարծում է, թե սա ուրվական է, բայց երբ համոզվում են, որ նա իրական մարդ է, ներս են թողնում նրան: Նաուրին պատվիրում է որդուն առավոտյան մարգարիտը ծախել Ռաուլին: Հետո ուտելիք է ուզում, որից հետո առաջարկում է քննել իրենց տան հարցը: