Ջոն Ապդայկ. «Վազիր, ճագար» (1960 թ. համառոտ)

jon-updayk-rabbit-run

Կնոջ հետ հերթական վեճից հետո նստում է մեքենա և հեռանում: Սակայն հասնելով Արևմտյան Վիրջինիա, Ճագարը չի դիմանում և ետ է շրջում մեքենան: Չցանկանալով գնալ տուն, այցելում է միսթր Տոտերոյին՝ իր նախկին մարզչին և գիշերում է նրա մոտ: Հաջորդ օրը Տոտերոն ծանոթացնում է նրան Ռութ Լենարդի հետ, որի հետ Ճագարի մոտ սկսվում է հարաբերություն, որը դժվար է կոչել սեր առաջին հայացքից:

Այդ ընթացքում ամուսնու բացակայությունից անհանգստացած Ջենիսը հեռանում է ծնողների մոտ: Մայրը պնդում է, որ հարկ է դիմել ոստիկանություն, սակայն հայրը և դուստրը դեմ են: Օգնության է գալիս քահանա Ջեք Էքլզը: Սա մտադիր է ոչ միայն ընտանիք վերադարձնել Ճագարին, այլև օգնել նրան գտնել ինքն իրեն: Հրավիրում է երիտասարդին գոլֆ խաղալու: Հարցնում է կյանքի, հետաքրքրությունների մասին: Առաջարկում է նրան այգեպանի կողմնակի աշխատանք իր այցելուներից մեկի մոտ:

Ռութի և Ճագարի հարաբերությունները խորանում են: Սակայն Ճագարն իմանում է, որ Ջենիսը հիվանդանոցում է և ուր որ է, պիտի ծննդաբերի: Ճագարը հայտնում է Ռութին կնոջ մոտ վերադառնալու իր որոշման մասին: Դա ծանր հարված է Ռութի համար: Ջենիսը աղջիկ է ունենում և ընտանիքը վերամիավորվում է: Սակայն ընտանեկան իդիլիան երկարատև չէ: Հիվանդանում և մեռնում է միսթր Տոտերոն և Ճագարի կյանքը դատարկվում է: Վեճերը Ջենիսի հետ չեն դադարում և Ճագարը նորից հեռանում է տանից:

Որոշ ժամանակ Ջենիսը թաքցնում է դա ծնողներից: Սակայն երկար ժամանակ դա անել չի հաջողվում: Նորից վերադառնում է ալկոհոլին: Հարբած ժամանակ ձեռքից վայր է գցում երեխային և սա խեղդվում է լոգարանում: Ճագարը վերադառնում է տուն՝ թաղման արարողությանը մասնակցելու համար:

Հերթական ամուսնական վեճը տեղի է ունենում գերեզմանոցում և Ճագարը դիմում է իր սովորական միջոցին՝ փախչում է: Վերադառնում է Ռութի մոտ, բայց սա չի ուզում իրեն տեսնել: Պարզվում է, որ նա հղի է: ճագարը համոզում է նրան թողնել երեխային: Սակայն Ռութը հարցնում է նրան, իսկ պատրաստ է արդյոք ամուսնանալ իր հետ: «Հաճույքով»,- պատասխանում է Ճագարը: Սակայն Ռութի հարցերը շփոթեցնում են նրան: Չգիտի, ինչպես վարվել Ջենիսի և որդու՝ Նելսոնի հետ: Ռութն ասում է, որ կթողնի երեխային միայն այն դեպքում, եթե իրենք ամուսնանան, իսկ եթե շարունակեն խղճալ բոլորին, ապա ամեն բան կորած է:

Ճագարը թողնում է Ռութին կատարյալ անորոշության մեջ: Նա հասկանում է, որ պետք է ինչ-որ քայլ ձեռնարկել: Բայց դա իր ուժերից վեր է: Նա քայլում է քաղաքում և հանկարծ սկսում է վազել: Նա ասես փախչում է իրեն հետապնդող խնդիրներից, տառապանքից…

Վազում ու վազում է…

tarntercum