Միսթըր Ջոնսը ագարակ ունի Ուիլլինգթոն քաղաքի մոտակայքում: Ծեր խոզ Մայորը գիշերը հավաքում է բոլոր անասուններին ամբարում: Ասում է, որ իրենք ապրում են աղքատության մեջ, որովհետև մարդը յուրացնում է իրենց աշխատանքի պտուղները: Ապստամբության կոչ է անում: Երգում է «Անգլիայի գազաններ» երգը: Անասունները միանում են նրա երգին: Ապստամբության պատրաստությունը հանձնվում է խոզերին, որովհետև սրանք ամենախելացի կենդանիներն են համարվում: Նրանց մեջ առանձնանում են Նապոլեոնը, Ձնագնդին և Զռռանը: Մայորի կոչերը նրանք վերածում են փիլիսոփայական կոնցեպցիայի, որը կոչում են անիմալիզմ: Առաջադեմ աշակերտներն են ձիերը՝ Դմբուզը և Երեքնուկը: Ապստամբությունը տեղի է ունենում ավելի շուտ, քան սպասվում էր, քանի որ Ջոնսը հարբեցողության է տրվել, իսկ աշխատողները չեն կերակրում կենդանիներին: Անասունները քշում են մարդկանց, Ջոնսի տունը վերածում են թանգարանի, իսկ ագարակը կոչում են Անասնաֆերմա:
Անասնաֆերմայի պատվիրանները յոթն են:
- Բոլոր երկոտանիները թշնամիներ են:
- Բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամներ են:
- Կենդանիները հագուստ չեն կրում:
- Կենդանիները չեն քնում անկողնում:
- Կենդանիները չեն խմում ալկոհոլ:
- Կենդանիները չեն սպանում կենդանիներին առանց պատճառի:
- Բոլոր կենդանիները հավասար են:
Ձիերը աշխատում են բոլորից շատ: Խոզերը չեն աշխատում. նրանք առաջ են քաշում որոշումները և երգացնում են բոլորին իրենց հիմնը՝ «Անգլիայի գազանները»:
Ջոնսը և իր մարդիկ հարձակվում են Անասնաֆերմայի վրա: Սակայն կենդանիները կարողանում են պաշտպանվել: Նրանք ոգևորվում են և շքանշաններ են հանձնում Ձնագնդին և Դմբուզին:
Նապոլեոնը և Ձնագունդը վիճում են: Վերջինս ուզում է Անասնաֆերմայում էլեկտրականություն անցկացնել: Երբ Ձնագունդը ժողովի ժամանակ համոզում է մյուս կենդանիներին, որ էլեկտրականությունը անհրաժեշտ է, Նապոլեոնը ներս է կանչում յոթ կատաղած շների, որոնք հարձակվում են Ձնագնդի վրա: Սա փախչում է, և նրան այլևս չեն տեսնում: Նապոլեոնը վերացնում է ժողովները: Ամեն բան որոշում է ինքը և խոզերի կոմիտեն: Դմբուզն ասում է. «Նապոլեոնը միշտ ճիշտ է»:
Նապոլեոնը հայտարարում է, որ էլեկտրականությունը անհրաժեշտ է: Նա միշտ էլ այդ կարժիքին էր, պարզապես Ձնագունդը յուրացրել էր իր գաղափարը: Հետագայում շինարարության ժամանակ առաջացած վթարը նա կոչում է Ձնագնդի վրեժ, և այդ պատրվակով նրան մահավճիռ է սահմանում: Նոր ժողով է հրավիրում և իրեն երբեմնի հակաճառած կենդանիներին մեղադրում է Ձնագնդի հետ դավադրության մեջ: Շները կրծում են այդ կենդանիների կոկորդը:
Հարևան ագարակի տերը՝ Ֆրեդերիկը, իր մարդկանց հետ հարձակվում է Անասնաֆերմայի վրա: Նրանք սպանում և վիրավորում են շատ կենդանիների: Ծանր աշխատանքը, ի վերջո, սպանում է Դմբուզին: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի քիչ են մնում այն կենդանիները, որոնք հիշում են ագարակի կյանքը նախքան ապստամբությունը: Թեպետ Զռռանը տարբեր հաշվարկների միջոցով ապացուցում է, որ կյանքը ագարակում դառնում է ավելի լավը, կենդանիները քաղցած են, ձմռանը մրսում են, քնում են բաց հողի վրա… Սակայն կենդանիները հպարտ են, որ ապրում են միակ ագարակում, ուր բոլորը հավասար են:
Այդ ընթացքում խոզերը տեղափոխվում են միսթր Ջոնսի տունը և քնում են նրա անկողիններում: Խոզերը առևտուր են անում մարդկանց հետ, խմում են վիսկի և գարեջուր: Նրանք փոխում են վերջին պատվիրանը:
Բոլոր կենդանիները հավասար են, սակայն խոզերը ավելի հավասար են: Ի վերջո, խոզերը սկսում են հագնել Ջոնսի հագուստը և քայլում են երկու ոտքի վրա: Խոզերին հյուր են սկսում գալ հարևան ագարակների մարդիկ: Կենդանիները, պատուհանից ներս նայելով, տեսնում են, որ խոզերը և մարդիկ գարեջուր են խմում և թուղթ են խաղում: Նապոլեոնը ցույց է տալիս փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ ագարակը պատկանում է խոզերին և կոչվում է Մենոր: Հետո վեճ է ծագում, բոլորը բղավում ու կռվում են, այնպես որ անհնար է հասկանալ, թե որ մեկն է խոզ, իսկ որ մեկն է մարդ: