Ռիչարդ Բախ. «Լիվինգսթոն անունով ճայը» (1970 թ. համառոտ)

richard-bach-named-livingston-seagullՁկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար: Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան Լիվինգստոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ: Նա խախտում է խմբի բոլոր չգրված օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում: Փորձում է կատարելության հասցնել թռչելու իր արվեստը:

Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը: Ծնողներն անհանգստացած են, որովհետև որդուց միայն փետուրներն են մնացել: Սկզբում զիջում է ծնողների համոզումներին, սակայն հետո նորից վերադառնում է իր վարժանքներին: Փորձում է կառավարել թռիչքը բարձր արագության վրա: Նրա մոտ ոչինչ չի ստացվում: Մի օր մեծ բարձրությունից սուրալով ցած՝ նա ուժեղ բախվում է ջրին և կորցնում է գիտակցությունը: Հետագայում նա հասկանում է, որ արագությունը կարելի է կառավարել սեղմելով թևերը: Վարժանքները շարունակվում են:

Ճայերի ժողովը որոշում է աքսորել Ջոնաթանին Հեռավոր Ժայռեր, որովհետև նա արհամարհում է իրենց օրենքներն ու սովորույթները:

Իր կյանքի մնացած մասը Ջոնաթանը անցկացնում է Հեռավոր Ժայռերում, շարունակում է կատարելագործել իր թռիչքը և չի կարոտում ճայերի խմբին:

Ջոնաթանը ծերանում է: Մի օր նկատում է, որ կողքից թռչում են երկու ճայեր, որոնք սավառնելու վարպետությամբ չեն զիջում իրեն: Նրանք ասում են, որ իր խմբից են և կանչում են ետ: Սակայն Ջոնաթանը բարձրանում է վեր դեպի երկինքը, անցնում է ամպերից այն կողմ: Հայտնվում է ուրիշ աշխարհում և որոշում է, որ դա Դրախտն է: Այստեղ սկսում է մոռանալ իր նախորդ կյանքի մասին:

Այստեղ էլ կա ճայերի խումբ: Նրանք բոլորը կատարելագործում են իրենց թռիչքը: Նրանք ձգտում են կատարելության: Նրանց ուսուցիչը՝ Սալլիվանը, ասում է, որ Ջոնաթանի պես ճայերը բացառություն են: Սովորաբար ճայերը այլաշխարհ են տեղափոխվում բոլորովին չփոխված, ահա ինչու ամեն հաջորդ աշխարհ քիչ է տարբերվում նախորդից: Ջոնաթանի նման դառնալու համար մյուս ճայերը պիտի ապրեն տասնյակ հազարավոր կյանքեր: Ճայերի ավագը բացատրում է Ջոնաթանին, որ իրենց աշխարհը դրախտ չէ, այլ կատարելության ձեռքբերումն ինքը: Ջոնաթանը կհասնի կատարելության, երբ սովորի թռչել մտքի արագությամբ: Ավագն արդեն կարողանում է այդպես թռչել և Ջոնաթանը խնդրում է սովորեցնել իրեն:

Որոշ ժամանակ անց Ջոնաթանը հասկանում է, որ ստեղծված է կատարյալ և որ իր կարողություններն անսահման են: Նա տեղափոխվում է երկու արեգակ ունեցող մոլորակը: Հիմա նա սովորում է տեղափոխվել ժամանակի մեջ: Ավագի փետուրներն այդ ընթացքում դառնում են արծաթագույն և նա անհետանում է՝ հասցնելով պատգամել Ջոնաթանին փորձել հասկանալ, թե ինչ է սերը:

Ջոնաթանը մտածում է իր խմբի մասին, որ այդ խմբում կարող էր հայտնվել ճայ, որը կուզեր իր պես պոկվել այդ աշխարհից: Ջոնաթանն ուզում է երկիր վերադառնալ: Մի օր նա վերադառնում է և գտնում է Ֆլեթչեր անունով ճային, որին դատապարտել են աքսորի: Սա դառնում է Ջոնաթանի առաջին աշակերտը:

Ֆլեթչեր Լինդը իդեալական աշակերտ է: Երեք ամիս հետո Ջոնաթանն ունի ևս 6 աշակերտ: Նրանց միավորում է «թռիչք հանուն թռիչքի» տարօրինակ գաղափարը: Երեկոյան Ջոնաթանը փորձում է սովորեցնել նրանց ազատության գաղափարը, սակայն հոգնած աշակերտները քուն են մտնում: Ժամանակ անց աշակերտները սկսում են ավելի ուշադիր լսել ուսուցչին: Մեկ ամիս անց խմբի երիտասարդ ճայերը սկսում են անցնել Ջոնաթանի կողմը: Քըրք Մեյնարդ անունով երիտասարդ ճայի թևը կոտրված է, բայց նա ուզում է թռչել և խնդրում է Ջոնաթանին օգնել իրեն: Ջոնաթանն ասում է, որ Քըրքը ազատ է և ոչինչ չի կարող խանգարել նրան: Քըրքը բացում է թևերը և երկինք սլանում: Աշակերտները սկսում են ուսուցչին աստված համարել:

Մեկ շաբաթ անց դժբախտություն է տեղի ունենում: Ֆլեթչերը մեծ արագության վրա բախվում է ժայռին: Արդեն մյուս աշխարհում նրան է հասնում Ջոնաթանը և առաջարկում է ընտրել՝ կա´մ երկիր վերադառնալ, կա´մ մնալ այդ մակարդակի վրա: Ֆլեթչերը վերադառնում է: Տեսնելով նրան՝ խումբը որոշում է, որ Ջոնաթանը կա´մ սատանա է, կա´մ էլ Մեծ Ճայի Որդին է:

Շուտով Ջոնաթանը որոշում է, որ նա այլևս պետք չէ խմբին: Նա խրատում է Ֆլեթչերին, որպեսզի սա շարունակի ճանաչել ինքն իրեն և օր օրի ավելի ու ավելի մոտենա իսկական Ֆլեթչերին: Հետո Ջոնաթանի մարմինը սկսում է հալչել, իսկ Ֆլեթչերը սկսում է սովորեցնել սկսնակներին:    

  tarntercum