Ռուդոլֆ Էրիխ Ռասպե. «Բարոն Մյունհաուզենի արկածները» (1781-1783թթ. համառոտ)

RaspeՄեծաքիթ ծերուկը նստած է բուխարու առաջ և պատմում է իր անհավատալի արկածները՝ վստահեցնելով ունկնդիրներին, որ պատմում է միայն ճշմարտությունը:

Ձմռանը ձիով ուղևորվում է Ռուսաստան: Գիշերը որոշում է հանգստանալ, ձիուն կապում է ձյան միջից ելնող ցցից և քուն է մտնում: Առավոտյան զարթնում է քաղաքում և գլխավերևում լսում է ձիու խրխնջոցը: Պարզվում է ձյունը ծածկել էր քաղաքը, իսկ բարոնի քնած ժամանակ հալել: Ցիցը, որից նա կապել էր ձիուն գմբեթավոր շինության խաչն է, և ձին մնացել է օդում կախված: Մյունհաուզենը իրեն չի կորցնում, կրակոցով կտրում է սանձը, իջեցնում ձիուն և շարունակում է ճանապարհը: Նրանց հետապնդում է հսկայական գայլը, որը ուշադրություն չի դարձնում վախից կառքի հատակը իջած բարոն Մյունհաուզենին և հարձակվում է վազող ձիու վրա՝ խժռելով նրա ետևի կեսը: Մյուս կեսը շարունակում է վազել: Բարոնը մտրակում է գայլին և կատաղած գազանը լծվում է ձիու տեղը: Այդպես մտնում են Սանկտ Պետերբուրգ:

Բարոնը բադի որսի ժամանակ տանն է մոռացած լինում հրացանի կայծքարը: Հիշում է, որ երբ գլուխը պատահաբար ծառին էր հարվածել, աչքերից կայծեր էին թափվել: Հարվածում է իրեն բռունցքով և արտադրված կայծերով գործի դնում հրացանը: Մյուս անգամ, երբ տանն է մոռացած լինում հրացանի գնդակները, պարանի ծայրին ճարպի կտոր է դնում և կերակրում բադերին: Ճարպը անցնում է բադերի միջով և նրանք ասես ուլունքները շարվում են պարանի վրա: Մեկ ուրիշ որսի ժամանակ գնդակները փոխարինում է շամփուրով: Շիկացած երկաթը, վեց կաքավի միջով անցնելով, ոչ միայն որսում, այլև տապակում է նրանց: Չէ՞ որ կրակոցից շամփուրը շիկացել էր: Ամռանը դարձյալ առանց գնդակների մնացած Մյունհաուզենը լիցքավորում է հրացանը բալի կորիզներով և կրակում եղջերուի վրա, որը թափ է տալիս գլուխը և փախչում: Հաջորդ տարի հանդիպում է նույն եղջերվին, որի գլխին աճում է շքեղ բալենի: Ե՛վ եղջերվի միս, և՛ բալի կոմպոտ:

Մի անգամ կատաղած շունը կծոտում է բարոնի մուշտակը: Մուշտակը վարակվում է կատաղությամբ և հոշոտում է պահարանի մյուս շորերը: Մյունհաուզենը ստիպված է լինում գնդակահարել իր մուշտակը:

Մեկ ամբողջ օր հետապնդելով ութոտանի նապաստակին բարոնը կորցնում է իր սիրելի շանը: Սրա մորթուց բաճկոն է կարում իրեն, որը միշտ զգում է որսի հոտը և անգամ կրակում է կոճակներով:

Թուրքերի դեմ պատերազմի ժամանակ բարոնը գերի է ընկնում: Մեղր գողացող արջերի ետևից նրա նետած կացինը թռչում-հասնում է լուսին: Սակայն բարոնը լոբու ցողունով հասնում է լուսին: Բարոնը լինում է Ամերիկայում, հետո ծովում նրան կուլ է տալիս հսկայական ձուկը, որի որովայնում բարոնը մնում է մինչև նրան ազատում են ձկանը որսած նավաստիները: Բարոնը ապրում է նաև Լոնդոնում, որտեղ շոգին որոշում է մտնել թնդանոթի փողի մեջ և մի փոքր քնել: Սակայն թնդանոթը կրակում է, և Մյունհաուզենը հայտնվում է երեք մղոն հեռավորության խոտի մեծ դեզի մեջ, որտեղ ուշագնաց մնում է 3 ամիս:

Հայտնի ճանապարհորդ Ֆիննեի հրավերով մեր հերոսը լինում է Հյուսիսային բևեռում և բախվում է քաղցած սպիտակ արջին: Բռնում է սրա թաթերը և զրկելով արջին ուտելու հնարավորությունից՝ սովամահ է անում նրան: Այդ ժամանակից ի վեր ոչ մի արջ չի համարձակվում հարձակվել բարոն Մյունհաուզենի վրա:   

tarntercum