Սելինջեր. «Տարեկանի արտում՝ անդնդի եզրին» (1951 թ. համառոտ)

salingerՏասնյոթամյա Հոլդեն Քոլֆիլդը, գտնվելով բուժիչ տանը, հիշում է այն «խելահեղ դեպքը», որը պատահեց նախորդ տարվա Սուրբ Ծննդյան տոներին: Նա  քիչ էր մնում հրաժեշտ տար կյանքին. հայտնվեց բուժիչ տանը, երկար բուժում անցավ և հիմա հույս ունի վերադառնալ տուն:

Նրա հիշողությունները սկսվում են այն օրից, երբ նա հեռանում է Փենսիից՝ փակ միջնակարգ դպրոցից: Նա, իհարկե, չի հեռանում իր կամքով: Նրան հեռացնում են վատ ուսման համար: Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ սա առաջին դպրոցը չէ, որից նրան հեռացնում են: Նախորդ դպրոցը նա ինքն է թողել, քանզի նրան ամենուր շրջապատում էր կեղծիքը: Շրջապատող անհաղթահարելի կեղծիքի զգացումը չի լքում Հոլդենին ողջ վեպի ընթացքում:

Վերջին օրը դպրոցում աչքի է ընկնում բազում կոնֆլիկտներով: Նա Փենսի է վերադառնում Նյու Յորքից, ուր մեկնել էր որպես սուսերամարտի թիմի ավագ: Մրցությունը տեղի չի ունենում, որովհետև նա մետրոյի վագոնում է թողնում իր մարզական գույքը: Նրա հետ նույն սենյակում ապրող Սթրեդլեյթերը խնդրում է նրան իր համար շարադրություն գրել՝ նկարագրելով տունը կամ սենյակը: Սակայն Հոլդենը, որ ամեն բան սիրում է անել իր ուզածով, գրում է իր մահացած եղբոր Ալլիի բեյսբոլային ձեռնոցի մասին: Սթրեդլեյթերը դժգոհ է մնում: Իր հերթին դժգոհ է նաև Հոլդենը, քանզի Սթրեդլեյթերը հանդիպում է իր հավանած աղջկա հետ: Վեճն ավարտվում է ծեծկրտուքով և Հոլդենի կոտրված քթով:

Հայտնվելով Նյու Յորքում՝ նա չգիտի, թե ինչպես հայտնի ծնողներին, որ իրեն հեռացրել են: Նստում է տաքսի և գնում է հոթել: Ճանապարհին տալիս է իր սիրած հարցը. «Ու՞ր են կորչում բադերը կենտրոնական զբոսայգում, երբ լճակը սառչում է»: Վարորդը զարմանում է և հարցնում է, թե չի՞ ծաղրում  իրեն արդյոք ուղևորը: Ոչ: Հոլդենը չի ծաղրում նրան: Այդ հարցն ավելի շուտ արձագանք է այն շվարածության զգացումի, որ գոյացել է նրա մեջ շրջապատող ունայնության պայմաններում:

Աշխարհը ճնշում, բայց նաև ձգում է նրան: Մարդկանց հետ ծանր է, բայց առանց նրանց անհնար է: Նա փորձում է զվարճանալ հոթելին կից գիշերային ակումբում, բայց ոչ մի լավ բան դրանից դուրս չի գալիս: Մատուցողը հրաժարվում է անչափահասին ոգելից խմիչք բերել: Ուղևորվում է Գրինիչ-Վիլիջ գիշերային բարը, որտեղ լինում էր նրա ավագ եղբայրը, որը գրող էր և որին գայթակղել էին հոլիվուդյան հոնորարները: Ճանապարհին նույն հարցն է տալիս մեքենայի վարորդին: Սակայն չի ստանում բավարար պատասխան: Բարում հանդիպում է իր եղբոր ծանոթ մի աղջկա, որը ժամանակ է անցկացնում նավաստու հետ: Աղջիկն այնպիսի հակակրանք է առաջացնում նրա մոտ, որ շուտով լքում է բարը և ոտքով գնում հյուրանոց:

Հյուրանոցի սպասավորներից մեկը հետքրքրվում է նրանից, թե չի ուզում արդյոք գիշերվա համար աղջիկ պատվիրել. հինգ դոլլար «որոշ ժամանակով», իսկ տասնհինգ դոլլար ողջ գիշերը: Հոլդենը պատվիրում է աղջիկ «որոշ ժամանակով», սակայն ուժ չի գտնում կորցնել կուսությունը: Ուզում է խոսել աղջկա հետ, բայց սա եկել է աշխատելու: Պահանջում է տաս դոլլար: Հոլդենը չի համաձայնում: Աղջիկը գանգատվում է սպասավորին և նոր կոնֆլիկտն ավարտվում է Հոլդենի պարտությամբ:

Առավոտյան պայմանավորվում է հանդիպել Սալլի Հեյսի հետ, լքում է անհյուրընկալ հոթելը և սկսում է տնազուրկի կյանք: Կարմիր գլխարկը գլխին՝ (այդ գլխարկը գնել է Նյու Յորքում իր անհաջողությունների օրը) թափառում է սառը քաղաքի փողոցներում: Սալլիի հետ գնում են թատրոն: Բայց դա չի ուրախացնում նրան: Պիեսն անհաջող է, դերասանները՝ նույնպես: Իր ընկերուհին նույնպես սկսում է հոգնեցնել Քոլֆիլդին:

Շուտով նրանք վիճում են: Թատրոնից հետո գնում են չմշկելու: Այնուհետև բարում հերոսը դուրս է թափում հոգում կուտակված զզվանքը ամեն ինչի նկատմամբ: Ատում է դպրոցը, տաքսին և վարորդին, հոթելի սպասավորներին, դերասաններին, որոնք ոչնչություններ են…

Նրան դուրս չի գալիս, որ Սալլին չի կիսում նրա ատելությունը. Հատկապես դպրոցի նկատմամբ: Երբ առաջարկում է Սալլիին վերցնել երկու օրով մեքենան և մեկնել իր հետ զբոսանքի, Սալլին հրաժարվում է: Նա ավելացնում է, որ իրենք ըստ էության երեխաներ են: Այս խոսքերի համար Հոլդենը սուր վիրավորում է Սալլիին, և աղջիկը հեռանում է՝ արցունքներն աչքերին:

Հանդիպում է Պրիսթոնի ուսանող Կառլ Լյուիսի հետ: Սա շատ է կենտրոնացած իր վրա, որպեսզի նկատի Հոլդենի տառապանքը: Հոլդենը հարբում է միայնակ, հետո զանգում է Սալլիին և ներողություն է խնդրում: Զբոսայգում, որի լճակի բադերի մասին հարցնում էր վարորդներին, պատահաբար վայր է գցում ձայնասկավառակը, որ գնել էր քրոջ՝ Ֆիբիի համար:

Գալիս է տուն: Ծնողները տանը չեն: Քրոջն է տալիս ձայնասկավառակի կտորները: Քույրը չի բարկանում: Չնայած տարիքին՝ Ֆիբին առանց խոսքերի հասկանում է եղբոր վերադարձի պատճառը: Հենց քրոջն է Հոլդենը հայտնում իր նվիրական երազանքը. «Երեկոյան փոքրիկ երեխաները խաղում են տարեկանի արտում: Չկան մեծահասակներ: Միայն ես եմ: Եվ իմ գործն է որսալ նրանց, որպեսզի չընկնեն անդունդը»:

Նա պատրաստ չէ հանդիպել ծնողների հետ և, պարտք վերցնելով քրոջ կուտակած դրամը, գնում է իր նախկին ուսուցչի՝ միսթր Անտոլինիի մոտ: Չնայած ուշ ժամին՝ Անտոլինին ընդունում է նրան և թողնում գիշերելու: Որպես հմուտ մանկավարժ սա իր պարտքն է համարում մի քանի կարևոր խորհուրդ տալ, թե ինչպես պետք է լեզու գտնել շրջապատի հետ, սակայն Հոլդենը չափազանց հոգնած է նրան լսելու համար: Երբ արթանանում է, տեսնում է, որ անկողնու մոտ նստած է ուսուցիչը և շոյում է նրա ճակատը: Կասկածելով, որ միսթր Անտոլինին անմաքուր մտքեր ունի, հեռանում է գիշերելու կայարանում:

Հասկանում է, որ զուր է կասկածել ուսուցչին և դա միայն ուժգնացնում է նրա տրտմությունը:

Որոշում է մեկնել Արևմուտք և այնտեղ ամեն բան սկսել զրոյից: Նամակ է գրում է Ֆիբիին, որի մեջ հաղորդում է իր որոշման մասին և խնդրում է հանդիպել նրա հետ պայմանավորված տեղում, որպեսզի կարողանա վերադարձնել պարտք վերցրած դրամը: Սակայն քույրը գալիս է ճամպրուկը ձեռքին և հայտարարում է, որ գալիս է եղբոր հետ: Իր քրոջ մեջ Հոլդենը տեսնում է իրեն: Նրան, ով չի ուզում դպրոց հաճախել և ով առհասարակ հոգնել է ամեն ինչից: Հոլդենը ստիպված է լինում որդեգրել խոհեմության տեսակետը և մոռանալ մի պահ իր ամենամերժության մասին: Սկսում է համոզել քրոջը, որ ոչ մի տեղ էլ մեկնել չարժե և որ ինքն էլ ոչ մի տեղ մեկնել չի պատրաստվում: Տանում է քրոջը զբոսայգի, որտեղ Ֆիբին կարուսել է նստում, իսկ ինքը հիացմունքով նայում է աղջկան: 

tarntercum