Սերվանտես. «Դոն Կիխոտ» (1605թ. համառոտ)

ServantesԼամանչի գյուղերից մեկում ապրում է մի հիդալգո, որի ունեցվածքը նիզակն է, հին վահանը, լղար ձին և որսաշունը: Նրա անունն է Կիխանա կամ Կեսադա, դա կարևոր չէ: Հիսուն տարեկան է, նիհար, սուր դեմքով և օրեր շարունակ կարդում է ասպետական վեպեր, ինչի պատճառով խելքը մթագնում է, և նա որոշում է դառնալ շրջիկ ասպետ: Փայլեցնում է իր նախնիներից պահպանված զրահը, Ռոսինանտ է կոչում իր ծեր ձիուն, իսկ իրեն վերանվանում Լամանչի Դոն Կիխոտ: Քանի որ շրջիկ ասպետն անպայման պիտի լինի սիրահարված, հիդալգոն որոշում է իր սրտի տիրուհի ընտրել Ալդոնսա Լորենսոյին և կոչում է նրան Տոբոսի Դուլսինեա: Հագնելով զրահը՝ Դոն Կիխոտը ճամփա է ընկնում: Ողջ օրը գնալուց հետո հասնում է իջևանատուն, որն ընդունում է դղյակի տեղ: Նրա տարօրինակ տեսքը և ճոռոմ խոսքը շարժում է բոլորի ծիծաղը: Իջևանատերը հյուրասիրում է նրան, որից հետո Դոն Կիխոտը խնդրում է նրան իրեն ասպետ կարգել, իսկ մինչ այդ նա պարտավոր է ողջ գիշեր արթուն մնալ զենքերի մոտ: Պանդոկի տերը հարցնում է՝ ունի արդյոք Դոն Կիխոտը դրամ: Սակայն Դոն Կիխոտը ոչ մի ասպետական վեպում դրամի մասին չի կարդացել, ուստի ոչինչ չի վերցրել: Տերը բացատրում է, որ թեպետ դրամը և վերնաշապիկը վեպերում չեն հիշատակվում, դա չի նշանակում, որ ասպետները դրանցից և ոչ մեկը չունեն: Առավոտյան հավատացնելով Դոն Կիխոտին, որ ասպետ կարգելու ծեսը կայանում է սուսերով մեջքին հարված հասցնելու մեջ, իջևանատերը կատարում է այդ ծեսը և արտասանում է շքեղ ճառ:

Դոն Կիխոտը վերադառնում է տուն՝ դրամ և վերնաշապիկներ վերցնելու համար: Ճանապարհին տեսնում է, թե ինչպես մի գյուղացի ծեծում է հովիվ տղային: Ասպետը պաշտպանում է տղային, և գյուղացին խոստանում է նրան, որ երբեք չի նեղացնի տղային և կվճարի վարձը, որը պարտք է մնացել: Իր սխրագործությամբ ոգևորված՝ Դոն Կիխոտը շարունակում է ճանապարհը, իսկ գյուղացին համոզվելով, որ Դոն Կիխոտն արդեն չքվել է տեսադաշտից, մահու չափ ծեծում է տղային: Ասպետին հանդիպած առևտրականները ստիպված են ամենագեղեցիկը ճանաչել Տոբոսի Դուլսինեային: Սակայն, երբ սկսում են ծիծաղել, ասպետը նիզակով նետվում է նրանց վրա: Ստիպված են լինում ծեծել նրան, այնպես որ տուն է վերադառնում ջարդված ու հոգնատանջ:

Դոն Կիխոտի համագյուղացի քահանան և վարսավիրը, որոնց հետ նա հաճախ վիճում էր ասպետական վեպերի մասին, որոշում են այրել նրա բոլոր գրքերը: Մնում է մի քանի հատոր, այդ թվում՝ «Ամադիս Գաղիացին»: Դոն Կիխոտը Սանչո Պանսա անունով հողագործին առաջարկում է դառնալ իր զինակիրը և այնքան բան է խոստանում նրան, որ վերջինս համաձայնում է: Գիշերով Դոն Կիխոտը հեծնում է Ռոսինանտին, իսկ Սանչոն, որը երազում է որևէ կղզու նահանգապետ դառնալ, հեծնում է իր ավանակին և նրանք գաղտնի հեռանում են գյուղից: Ճանապարհին հանդիպում են հողմաղացների, որոնք Դոն Կիխոտը հսկաների տեղ է դնում: Երբ նիզակով հարձակվում է հողմաղացի վրա, հողմաղացի թևը կոտրում է նիզակը, իսկ Դոն Կիխոտը շպրտվում է գետնին: Որոշում են գիշերն անցկացնել ագարակում: Տան կին ծառաներից մեկը գիշերով փորձում է առանձնանալ իր սիրեկանի հետ, բայց սխալմամբ մթության մեջ բախվում է Դոն Կիխոտին, որին թվում է, թե դա դղյակի տիրոջ՝ իրեն սիրահարված դուստրն է: Սկսվում է ծեծկռտուք, որի ընթացքում Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան անողոքաբար ծեծվում են:

Շարունակում են ճանապարհորդությունը. հանդիպելով ոչխարների հոտին և այն դնելով թշնամական զորքի տեղ՝ Դոն Կիխոտը սկսում է աջ ու ձախ փշրել թշնամում, մինչև որ հովիվները քարերի տարափ են հեղում նրա վրա: Նայելով Դոն Կիխոտի դեմքին՝ Սանչոն կնքում է նրա նոր անունը՝ Տխուր Պատկերի Ասպետ: Հաջորդ ուշագրավ սխրանքը վարսավիրի հետ հանդիպումն է: Սա, քանի որ անձրև էր, գլխին դրել էր պղնձե թասիկը: Դոն Կիխոտը վաղուց էր երազում ձեռք գցել Մամբրինի սաղավարտին և խլում է վարսավիրից թասիկը, որով շատ հպարտ է: Ազատում է կալանավորներին, որոնց տանում էին դեպի հալերները, և պահանջում է նրանցից, որ գնան Դուլսինեայի մոտ և ողջունեն իր անունից: Երբ կալանավորները հրաժարվում են կատարել նրա պատվերը, Դոն Կիխոտը բարկանում է նրանց վրա, իսկ վերջիններս ի պատասխան քարկոծում են նրան: Կալանավորներից մեկը՝ Խինես դե Պասամոնտեն, գողացել էր Սանչո Պանսայի ավանակին, և Դոն Կիխոտը խոստանում է նրան փոխհատուցել իր ունեցած հինգ ավանակներից երեքով: Սարերում գտնում են ճամպրուկ, որոնց մեջ կա սպիտակեղեն, ոսկե մետաղադրամներ և բանաստեղծությունների գրքույկ: Դրամը Դոն Կիխոտը զիջում է Սանչոյին, իսկ գրքույկը վերցնում իրեն: Ճամպրուկի տերը՝ ոմն Կարդենյո, կիսախելագար պատանի, պատմում է Դոն Կիխոտին իր դժբախտ սիրո պատմությունը, սակայն չի կարողանում ավարտի հասցնել, որովհետև նրանք գժտվում են. պատճառը Կարդենյոյի անհարգալից խոսքերն են Մադասիմե թագուհու մասին: Դոն Կիխոտը սիրային նամակ է գրում Դուլսինեային և իր ազգականուհուն, որում խնդրում է նամակը բերողին հանձնել իր երեք ավանակները: Սանչոն տանում է նամակը: Մնալով միայնակ՝ Դոն Կիխոտը տրվում է զղջումի, հետո նա խորհում է, թե որ խելագարությանն է ավելի լավ հետևել՝ Ամադիսի՞, թե՞ Ռոլանդի: Որոշելով, որ Ամադիսը ավելի հոգեհարազատ է իրեն, բանաստեղծություն է ձոնում Դուլսինեային: Սանչո Պանսան ճանապարհին հանդիպում է քահանային և վարսավիրին՝ իր համագյուղացիներին, և նրանք խնդրում են ցույց տալ իրենց Դոն Կիխոտի նամակը: Պարզվում է սակայն, որ ասպետը մոռացել է տալ նամակը Սանչոյին, և Սանչոն սկսում է անգիր արտասանել այն, բայց այնպես փոխելով բառերը, որ «անբասիր տիկինը» դառնում է «անառակ տիկին»: Քահանան և վարսավիրը սկսում են Դոն Կիխոտին տուն վերադարձնելու հնար մոգոնել: Խնդրում են Սանչոյին փոխանցել Դոն Կիխոտին, որ Դուլսինեան պատվիրել է նրան իսկույն վերադառնալ: Հավատացնում են Սանչոյին, որ դա կօգնի Դոն Կիխոտին դառնալ եթե ոչ կայսր, ապա թագավոր, և Սանչոն շնորհի ակնկալիքով պատրաստվում է օգնել նրանց: Գնում է Դոն Կիխոտի մոտ, իսկ քահանան և վարսավիրը սպասում են անտառում, բայց հանկարծ լսում են Կարդենյոյին, որը բանաստեղծություն է կարդում. ուխտադրուժ ընկերը՝ Ֆերնանդոն գողացել է նրա սիրելի Լուսինդեին և ամուսնացել է հետը: Երբ Կարդենյոն ավարտում է պատմությունը, հայտնվում է տղամարդու շորեր հագած գեղեցիկ աղջիկ: Ֆերնանդոյից գայթակղված Դորոթեան է: Ֆերնանդոն լքել է իրեն հանուն Լուսինդեի: Դորոթեան պատմում է, որ Լուսինդեն Ֆերնանդոյի հետ նշանվելուց հետո որոշել է ինքնասպան լինել, քանզի համարում էր իրեն Կարդենյոյի կինը և Ֆերնանդոյի հետ համաձայն է ամուսնանալ միայն ծնողների թելադրանքով: Իսկ Դորոթեան իմանալով, որ նա չի ամուսնացել Լուսինդեի հետ, նորից հույս է փափագել վերադարձնել տղային: Կարդենյոն  հայտնում է Դորոթեային, որ ինքն է Լուսինդեի իսկական ամուսինը, և նրանք երկուսով որոշում են վերադարձնել իրենց պատկանողը: Կարդենյոն խոստանում է Դորոթեային, որ եթե Ֆերնանդոն չվերադառնա նրա մոտ, ինքը մենամարտի կկանչի նրան:

Սանչոն հաղորդում է Դոն Կիխոտին, որ Դուլսինեան կանչում է նրան, բայց Դոն Կիխոտը պատասխանում է, որ չի գնա Դուլսինեայի մոտ, քանի դեռ չի կատարել նրա շնորհին արժանի սխրանքներ: Դորոթեան խոստանում է դուրս հանել Դոն Կիխոտին անտառից, և ներկայանալով Միկոմիկոնի արքայադուստր, ասում է, որ ժամանել է հեռավոր երկրից, ուր հասել է Դոն Կիխոտի փառքը, որպեսզի պաշտպանություն խնդրի: Դոն Կիխոտը չի կարող մերժել կնոջը և ուղևորվում է Միկոմիկոն: Ճանապարհին նրանց հանդիպում է ավանակ նստած Խինես դե Պասամոնտեն՝ կալանավորը, որին ազատել էր Դոն Կիխոտը և որը գողացել էր Սանչո Պանսայի ավանակը: Սանչոն ետ է ստանում իր ավանակը, և բոլորը շնորհավորում են նրան այդ հաջողության առթիվ: Աղբյուրի մոտ հանդիպում են տղայի՝ այն հովվին, որին պաշտպանել էր Դոն Կիխոտը: Տղան պատմում է, որ այդ օգնությունը շատ թանկ արժեցավ իրեն և անիծում է բոլոր շրջիկ ասպետներին:

Հասնում են իջևանատուն և գիշերում այդտեղ: Գիշերով մառանից, որտեղ հանգստանում էր Դոն Կիխոտը, դուրս է վազում Սանչոն: Երազում կռվելով թշնամիների հետ՝ Դոն Կիխոտը թրով պատռում է գինով տիկերը: Իջևանատուն է գալիս նաև բարձրաշխարհիկ մի տիկին իր շքախմբով: Հետաքրքրասեր քահանան հարցուփորձ է անում ծառային, թե ովքեր են իր տերերը: Բայց ծառան կարգին չգիտի, և միայն ասում է, որ տիկինը ամբողջ ճանապարհին լաց էր լինում և պատրաստվում էր գնալ կուսանոց: Պարզվում է, որ դա Լուսինդեն է, որը վճռել էր կուսանոց գնալ Կարդենյոյի հետ ամուսնանալ չկարողանալու պատճառով, սակայն Ֆերնանդոն փախցրել է նրան: Տեսնելով դոն Ֆերնանդոյին՝ Դորոթեան նետվում է նրա ոտքերը և աղերսում է իր մոտ վերադառնալ, իսկ Լուսինդեն ուրախանում է՝ միավորվելով Կարդենյոյի հետ: Տխուր է միայն Սանչոն, քանի որ համարում էր Դորոթեային Միկոմիկոնի արքայադուստր և հույս ուներ շնորհներ ստանալ: Դոն Կիխոտը վստահ է, որ ամեն բան հաջողությամբ պսակվեց, որովհետև նա հաղթել է հսկային, իսկ երբ նրան ասում են, որ դա գինու տիկ էր, պատասխանում է, որ դա կախարդի հմայությունների արդյունք է: Քահանան և վարսավիրը պատմում են բոլորին, որ Դոն Կիխոտը խելագար է, և Դորոթեան Ֆերնանդոյի հետ որոշում են չլքել նրան, այլ հասցնել գյուղ, որը շատ հեռու չէր: Դորոթեան ասում է Դոն Կիխոտին, որ իր երջանկությամբ պարտական է նրան և շարունակում է խաղալ իր դերը: Իջևանատուն է գալիս մի տղամարդ մավրիտանուհի կնոջ հետ: Տղամարդը կապիտան է, որը Լեպանտոյի ճակատամարտում գերի էր ընկել: Գեղեցկուհի մավրուհին օգնել է նրան փախչել և ուզում է կնքվելուց հետո դառնալ նրա կինը: Գալիս է նաև մի դատավոր իր դստեր հետ. պարզվում է՝ փրկված կապիտանը դատավորի եղբայրն է: Գիշերով Դորոթեան լսում է ձիապանի երգը և արթնացնում է դատավորի դստերը՝ Կլարային, որպեսզի աղջիկը նույնպես լսի նրան, սակայն պարզվում է, որ երգիչը բնավ էլ ձիապանը չէ, այլ Կլարային սիրահարված Լուիս անունով երիտասարդն է: Կլարան շատ ազնվատոհմիկ չէ, ահա ինչու նրանք վախենում են, որ տղայի հայրը թույլ չի տա նրանց ամուսնանալ: Պանդոկ են գալիս նաև մի խումբ հեծյալներ. Լուիսի հոր ուղարկած խուզարկուներն են: Լուիսը հրաժարվում է վերադառնալ նրանց հետ և խնդրում է Կլարայի ձեռքը: Իջևանատուն է գալիս նաև ուրիշ վարսավիր. նա, ումից Դոն Կիխոտը խլել էր Մամբրինի սաղավարտը: Ետ է պահանջում իր թասիկը: Քահանան ծեծկռտուքը կասեցնելու նպատակով նրան ութ ռեալ է տալիս: Հանկարծ ներկաներից մեկը նշաններից ճանաչում է Դոն Կիխոտին, ով հետախուզվում է որպես հանցագործ՝ կալանավորներին ազատ արձակելու համար, և քահանան մեծ ջանքերի գնով հազիվ է համոզում չձերբակալել Դոն Կիխոտին, քանի որ սա խելագար է: Քահանան և վարսավիրը փայտե վանդակ են սարքում և պայմանավորվում են մի մարդու հետ, որ սա իր կառքով վանդակի մեջ փակված Դոն Կիխոտին հասցնի գյուղ: Սակայն հետո բաց են թողնում Դոն Կիխոտին, որը աղոթողներից խլում է կույսի մարմարե արձանը՝ համարելով այն օգնության կարիք ունեցող տիկին: Վերջապես Դոն Կիխոտը հասնում է տուն, որտեղ տան կանայք անկողին են պառկեցնում նրան, իսկ Սանչոն վերադառնում է կնոջ մոտ, որին խոստանում է, որ հաջորդ անգամ կվերադառնա առնվազն որպես կոմս կամ նահանգապետ: Մի ամիս անկողնում պառկած Դոն Կիխոտին այցելում են քահանան և վարսավիրը: Նա սթափ է, սակայն հենց որ զրույցը անդրադառնում է ասպետականության թեմային, հասկանում են, որ Դոն Կիխոտը մնացել է նույն հիվանդը: Սանչոն էլ է այցելում Դոն Կիխոտին և պատմում է նրան, որ Սալամանկայից վերադարձել է իրենց հարևանի որդի՝ բակալավր Սամսոն Կարասկոն, որն ասում է, թե լույս է տեսել Դոն Կիխոտի պատմության մասին գիրք՝ գրված Սիդ Ահմեդ Բենինհալիի կողմից: Դոն Կիխոտը հանդիպում է Կարասկոյի հետ և հարցուփորձ է անում գրքի մասին: Բակալավրը պատմում է, որ բոլորը հիացած են այդ գրքով, հատկապես՝ ծառաները: Հաջորդ իսկ օրը Դոն Կիխոտը և Սանչոն թաքուն ճամփա են ընկնում նոր սխրագործություններ կատարելու: Սամսոնի խորհրդով Դոն Կիխոտը ուղևորվում է Սարագոսա, որտեղ պիտի տեղի ունենա ասպետների մրցույթ: Անտառում Դոն Կիխոտը և Սանչո Պանսան հանդիպում են Վանդալի Կասիլդեային սիրահարված Հայելիների Ասպետին, որը գլուխ է գովում, թե հաղթել է Դոն Կիխոտին: Դոն Կիխոտը մենամարտի է հրավիրում նրան: Երբ Դոն Կիխոտը արդեն սպանելու վրա էր Հայելիների ասպետին, վերջինիս զինակիրը բղավում է, որ իր տերը իրականում Սամսոն Կարասկոն է, որը հույս ուներ հաղթելու դեպքում ետ բերել Դոն Կիխոտին տուն: Դոն Կիխոտը շարունակում է իր ուղևորությունը դեպի Սարագոսա: Ճանապարհին նրան միանում է Դիեգո դե Միրանդան: Նրանց ընդառաջ է գալիս մեծ սայլ, որի մեջ տեղափոխում են առյուծներ: Դոն Կիխոտը պահանջում է, որ վանդակը բացեն: Սակայն առյուծը չի ցանկանում դուրս գալ և կռվել Դոն Կիխոտի հետ, որն այսուհետ կոչում է իրեն Առյուծների Ասպետ:

Մի օր Դոն Կիխոտը որոշում է իջնել Մոնտեսինոսի քարայրը: Սանչոն և քահանա-ուսանողը պարանով իջեցնում են նրան: Երբ հանում են, Դոն Կիխոտը պատմում է, որ բազում հրաշալիքների է ականատես եղել՝ այդ թվում կախարդված Դուլսինեային, որը նրանից վեց ռեալ է ուզել պարտքով: Այս պատմությունն անհավատալի է թվում անգամ Սանչոյին: Մի անգամ մայրամուտին Դոն Կիխոտը տեսնում է, թե ինչպես են հովտում դուքսը և դքսուհին բազեաորս անում: Դքսուհին կարդացել է Դոն Կիխոտի մասին: Հրավիրում է իր պալատ որպես պատվավոր հյուրի: Իր պալատականների հետ տարբեր կատակներ են անում Դոն Կիխոտի հետ և լավ զվարճանում են՝ զարմանալով նրա խելագարության և միաժամանակ խոհեմության վրա, ինչպես նաև Սանչոյի պարզամտության և հնարամտության: Դոն Կիխոտին այցելում է կախարդ Մերլինը և տեղեկացնում, որ Դուլսինեային ետ կախարդելու համար ասպետը պիտի երեք հազար երեք հարյուր անգամ մտրակի Սանչոյի հետույքը: Սանչոն ընդդիմանում է, սակայն լսելով, որ դուքսն իրեն կղզի կնվիրի, համաձայնում է: Դուքսը մեծ շքախմբով ուղարկում է Սանչոյին այն քաղաքը, որը պիտի անցներ խոստացված կղզու տեղ, քանզի Սանչոն չգիտեր, որ կղզիները միայն ծովում են և ոչ ցամաքում: Ղեկավարելով իր «կղզին»՝ Սանչոն դրսևորում է բարձր արդարամտություն և հմտություն: Դա մասնավորապես լավ է երևում, երբ նա վարում է քաղաքացիական դատական գործեր:

Այդ ընթացքում Դոն Կիխոտը տառապում է պալատում անցնող ձանձրալի ժամանակից և ի վերջո Սանչոյի հետ լքում է դուքսին: Իջևանատանը Դոն Կիխոտը և Սանչոն հանդիպում են դոն Խուանին և դոն Հերոնիմոյին, որոնք կարդում են «Դոն Կիխոտի» երկրորդ գիրքը: Ասպետն ու իր զինակիրը այդ գրվածքը համարում են հերյուրանք: Այնտեղ պատմվում է, որ Դոն Կիխոտը դադարել է սիրել Դուլսինեային, և սխալ է հիշատակված Սանչոյի կնոջ անունը: Իմանալով, որ Սարագոսայի մրցությունը նկարագրված է դեռ տեղի չունեցած՝ Դոն Կիխոտը փոխում է իր ճանապարհը դեպի Բարսելոն, որպեսզի բոլորն իմանան, որ գիրքն իր մասին չէ: Բարսելոնում Դոն Կիխոտը մենամարտում է Սպիտակ Լուսնի Ասպետի հետ և պարտվում է: Այդ ասպետը Սամսոն Կարասկոն է, որը պահանջում է Դոն Կիխոտին վերադառնալ գյուղ: Ճանապարհին մեկ անգամ էլ այցելում են դուքսի պալատ, որը դեմ չէ շարունակել զվարճությունը: Պալատում դրված է Ալտիսիդորայի մարմնով կատաֆալկը, որն իբր թե մահացել է Դոն Կիխոտի հանդեպ անպատասխան սիրուց: Աղջկան վերակենդանացնելու համար Սանչոն պիտի ենթարկվեր չորս քթի հարվածի, տասներկու կսմթոցի և վեց ասեղնագնդի ծակոցի: Սանչոն իմանալով, որ տերը նրան կվճարի, համաձայնում է: Վերադառնալով հարազատ գյուղ՝ Դոն Կիխոտը որոշում է մեկ տարով դառնալ հովիվ և խորհուրդ է տալիս Սանչոյին, քահանային և բակալավրին հետևել իր օրինակին: Դոն Կիխոտի առողջությունը, սակայն, վատթարանում է: Մահից առաջ նրա գլուխը պայծառանում է, և նա իրեն կոչում է ոչ թե Դոն Կիխոտ, այլ Ալոնսո Կիխանա: Անիծում է ասպետական վեպերը և մահանում է քրիստոնեաբար, ինչպես չի մահացել ոչ մի շրջիկ ասպետ: 

tarntercum