Սմբատ Շահազիզ. «Լևոնի վիշտը» (1865թ. համառոտ)

smbat-shahazizԻր «Լևոնի վիշտը» պոեմը Սմբատ Շահազիզը կոչում է «Ժամանակակից վեպք»: Իսկույն առաջ են գալիս մի շարք աղերսներ, որոնք կապվում են Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հետ, Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը»պոեմի և Լերմոնտովի «Մեր ժամանակի  հերոսը»վեպի հետ, որքանով դրանք երեքն էլ միավորում է միևնույն ռոմանտիկական հերոսը, նրա ժամանակը և նրա վիպագրությունը:

«Լևոնի վիշտը» բաղկացած է նախերգանքից և չորս գլուխներից, որոնք ձևական մակարդակում կրկնում են «Չայլդ Հարոլդի» կառուցվածքային առանձնահատկությունները: Բնաբանը բերված է Լերմոնտովի վերոնշված վեպից. «Բավական է ինչքան մարդկանց քաղցրեղենով կերակրեցին, դրանից փչացել է նրանց ստամոքսը. պետք են դառը դեղեր, դառն ճշմարտություններ»: Թերևս այսպիսի բնաբանը տրամադրությամբ  հղում է Շիլլերի «Ավազակներ»դրամայի բնաբանին, որը գերմանացի գրողը վերցրել էր Հիպոկրատից. «Այն, ինչ չեն բուժում դեղերը, բուժում է երկաթը, այն ինչ չի բուժում երկաթը, բուժում է հուրը»:

Պոեմի հերոսը ծագումով Հայաստանից է, սակայն, ինչպես և ինքը Շահազիզը, հասակ է առել Մոսկվայում: Լևոնը, ինչպես և իր նախատիպ Չայլդ Հարոլդը, ուղևորություն է կատարում, որի ընթացքում տրվում է ծանր խոհերի ու եզրակացությունների: Նա լինում է Նոր Նախիջևանում, որտեղ կարդում է հայ իրականության տխուր դեմքը: «Գարիբալդյան զենքի հաղթություն» իր ազգի համար փափագող երիտասարդը նախ և առաջ տածում է լուսավորության փափագ հայ ժողովրդի համար:

Սիրած գրքերի մեծ պաշար առած.-

Տխուր մեղեդիք Հեյնե պոետի,

Գեոտեի Ֆաուստ, այս անմահ քերթված.

Թափառաշրջիկ արկածք Հարոլդի:

Երգիծանիչ գործը Հոբենալի,

Եվ պատմությունը լրջամիտ Բեոքլի,

Եվ Շեքսպիրի ողբերգությունների:

Հայնրիխ Հայնեի, Վոլֆգանգ Գյոթեի, Բեոքլի և Շեքսպիրի անունները այն նշաններն են, որոնք ցույց են տալիս հերոսի երազանքների և իր ժողովրդի իրականության միջև անջրպետը: Այս անջրպետը ռոմանտիկական պահանջի կանոնով է, և հերոսը՝ Լևոնը, հաջորդաբար՝ նախ Նախիջևանում, ապա  Թիֆլիսում, գրանցում է, ճիշտ ինչպես Հարոլդը, մի անջրպետ ևս: Դա հայի ներկայի և անցյալի միջև առկա անջրպետն է: Գեղեցիկ հայուհիներին ձոնած տողերում հեղինակը միաժամանակ սգում է անցյալի՝ նրանց նկարագրի անդառնալի կորուստը:

 

Վերջին գլխում Լևոնը հայրենիք է բերում Նալբանդյանի, Բայրոնի և Հայնեի որոշ գրքեր, որոնք խնդիր ունեն «նոր սկզբունք ավետել հային»:    

tarntercum