Ջուլիա Լեմբերտը Անգլիայի լավագույն դերասանուհին է: Նա 46 տարեկան է, գեղեցիկ է, հարուստ և պահանջված: Նրա ամուսնությունը համարվում է իդեալական… ունի որդի…
Թոմաս Ֆեննելը երիտասարդ հաշվապահ է, որին Ջուլիայի ամուսինը՝ թատրոնի տնօրենը, վարձել է հաշվապահական գրքերը կարգի բերելու համար: Գործը լավ կատարելու համար, որպես խրախուսանք, Մայքլը՝ Ջուլիայի ամուսինը, կնոջն է ներկայացնում երիտասարդ Թոմասին: Խեղճ հաշվապահը տեսնելով Ջուլիային ամաչում է, կարմրում… Դա դուր է գալիս Ջուլիային, որն ապրում է բացառապես հանդիսատեսի և երկրպագուի հիացմունքով: Նվիրում է տղային իր լուսանկարը:
Ջուլիան հիշում է իր կյանքը: Ծնվել է Ջերսի կղզում՝ անասնաբույժի ընտանիքում: Ազգականուհուց ստացել է դերասանության առաջին դասերը: Հետո ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և նրան իսկական դերսանուհի է դարձրել Ջիմմի Լենգթոնը:
Լենգթոնի թատերախմբում Ջուլիան հանդիպում է գեղեցիկ Մայքլին: Վերջինս Ջուլիայի մեջ ամենից շատ սիրում է խաղը: Առհասարակ Մայքլի մեջ աչքի է զարնում գործնական սառնությունը: Երբ Մայքլը պատերազմի է գնում, Ջուլիան ուզում է մեկնել նրա հետ: Բայց Մայքլն արգելում է՝ ասելով, որ հանդիսատեսը չպիտի մոռանա դերասանին: Երբ Ջուլիայի փառքը աճում է, նա թույլ է տալիս իրեն մի քանի ամսով թողնել բեմը՝ որդի ունենալու համար: Պատերազմից հետո Ջուլիան հանկարծ զգում է, որ այլևս չի սիրում Մայքլին: Ուրախությամբ նկատում է, որ նրանք հիմա հավասար պայմաններում են:
Պատերազմից հետո Մայքլի ստացած ժառանգության գումարով սեփական թատրոն են բացում, և Մայքլը զբաղվում է ադմինիստրատիվ գործերով, իսկ Ջուլիան դառնում է թատրոնի աստղը: Ջուլիան տխրում է, քանի որ կյանքը խաբել է իրեն: Նա չունի սեր: Սակայն նրա հետ է իր արվեստը և հանդիսատեսի սերը:
Երեկոյան Ջուլիային բերում են Թոմաս Ֆեննելի ուղարկած ծաղիկները: Ջուլիան վերցնում է դրանք, որովհետև հանդիսատեսին չի կարելի վիրավորել: Առավոտյան Թոմասը զանգում է Ջուլիային և թեյի է հրավիրում: Ջուլիան համաձայնում է՝ խեղճ քլերկին երջանկացնելու համար:
Թոմասի աղքատ սենյակը հիշեցնում է Ջուլիային իր երիտասարդությունը: Հանկարծ Թոմը գրկում է նրան և սկսում է համբուրել: Ջուլիան զիջում է: Ներքուստ ծիծաղալով իր մեծ հիմարության վրա՝ Ջուլիան, այդուհանդերձ, իրեն 20 տարով երիտասարդացած է զգում: Հետո հանկարծ հասկանում է, որ սիրահարված է:
Չբացահայտելով իր զգացմունքը Թոմին՝ սկսում է նրան նվերներ անել, բարձր հասարակություն դուրս գալ նրա հետ: Ջուլիան մոռանում է տարիքի մասին, սակայն Թոմը քաղաքից դուրս զբոսանքի ժամանակ գերադասում է Ջուլիային նրա որդու՝ Ռոջերի, իր հասակակցի ընկերակցությունը: Ջուլիան վրեժ է լուծում: Նամակով հիշեցնում է, որ սպասավորներին պետք է վճարել և ծրարով փող է ուղարկում:
Թոմը ետ է բերում իր նվերները և ասես հակված է հարաբերության խզման: Բայց Ջուլիան հրաշալի է խաղում դերը և Թոմը մնում է իր հետ:
Բայց մի օր Ջուլիան իմանում է Դոլլի դե Ֆրիզից՝ իր պառավ երկրպագուից, որ Թոմը ոմն Էվիս Կրայտոնի՝ նորաթուխ մի դերասանուհու խոստացել է դեր թատրոնում, ասելով, որ Ջուլիան պարում է իր դուդուկի տակ: Ամենից շատ Ջուլիային խոցում է այն, որ Թոմը գերադասել է երրորդ կարգի ինչ-որ դերասանուհու:
Թոմն իսկապես մի օր թատրոն է բերում այդ Էվիսին, և Ջուլիան ցավով տեսնում է, որ Թոմն իսկապես սիրահարված է այդ աղջկան: Ամեն դեպքում Ջուլիան համաձայնում է դեր տալ մրցակցուհուն, քանզի համոզված է, որ մրցել բեմի վրա այս աղջիկն իր հետ չի կարողանա:
Միաժամանակ դեռ շարունակելով տառապել սիրուց՝ Ջուլիան մեկնում է մոր մոտ՝ հույս ունենալով, որ ծեր կինը կերջանկանա իր այցից: Ստացվում է հակառակը: Ծեր կինը բոլորովին էլ չի հետաքրքրվում իր դստեր փառքով և երջանիկ է իր գորշ կենցաղով:
Վերադառնալով Լոնդոն՝ հանդիպում է Չարլզ Թեմերլիի՝ իր վաղեմի երկրպագուի հետ: Բայց պարզվում է, որ սա չի ցանկանում իրեն:
Շպարված քայլում է Լոնդոնի վտանգավոր թաղամասերից մեկում, բայց նրան ուշադրություն է դարձնում միայն մեկ անցորդ, այն էլ ինքնագիր խնդրելու համար: Տանը որդին՝ Ռոջերը, հայտարարում է, որ չի ճանաչում իր մորը, քանի որ սա բաղկացած է բազմաթիվ դերերից և հայտնի չէ, թե ինչպիսին է իրականում:
Գալիս է ներկայացման օրը: Դա Էվիս Կրայտոնի պրեմիերան է: Ջուլիան, տեսնելով Թոմին, ցնծում է, քանզի սերը այդ ողորմելի տղայի հանդեպ չքացել է: Բայց Էվիսը դեռ թանկ կվճարի նրան, քանի որ ներկայացման մեջ դեր ունի նաև ինքը՝ Ջուլիան:
Փորձերի ժամանակ կես ուժով խաղացող Ջուլիան հիմա բացվում է ամբողջությամբ: Էվիսին հասած փոքրիկ դրվագում նա այնպես է ստվերում աղջկան, որ նրան 10 անգամ կանչում են ծափողջույններով: Դոլլին կազմակերպում է ճոխ ճաշկերույթ: Թոմը մոռանում է Էվիսի մասին և նրա ոտքերն է ընկնում: Մայքլը հիացած է: Ջուլիան գոհ է իրենից: Մտածելով, որ երբեք այլևս չի ունենա այդպիսի րոպեներ, լքում է բոլորին և միայնակ գնում է ռեստորան, որտեղ պատվիրում է տապակած սոխով բիֆշտեկս և կարտոֆիլ, որը չի կերել արդեն 10 տարի: Նա մտածում է, որ Ռոջերը իրավացի չէ՝ դերերը համարելով երկրորդական: Հենց դերերն են առաջնային այն անիմաստ պայքարում, որը կոչվում է կյանք: Չէ՞ որ հիմա նա երջանիկ է: