Ստենդալ. «Վանինա Վանինի» (1829 թ. համառոտ)

stendel-vanina vaniniՎեպը ծնվել է որպես կարբոնարական դավադրությունների շրջանի Իտալիայի հանդեպ Ստենդալի հետաքրքրության արգասիք: Դեռևս 1829-ին Ստենդալը ստեղծել է հայրենասեր կարբոնարի սիրո և մահվան մասին պատմող իր «Վանինա Վանինի» նովելը: Նրա գրչի շնորհիվ վերակենդանանում է երկրի շիկացած առօրյան, որտեղ քաղաքացիական սահմանազատումները դարձել են ամեն ինչի ուղն ու ծուծը, թափանցել ամենանվիրական ոլորտները: Գյուղական բուժակի որդի Պյետրո Միսիրիլին շատ կողմերով Սորելի իտալական եղբայրակիցն է: Նպատակասլաց արիությունը, կրքերին անձնուրաց տրվելու ունակությունը, պարտքի զգացումը, պատանեկան ավյունը, – այս ամենը մերձեցնում են նրանց: Սակայն երջանկության մասին նրա պատկերացումները այլ են: Նա ժողովրդի բարօրության, հայրենիքը օտարերկրյա զավթիչներից ազատագրելու, նրա մասնատված հողերը միավորելու համար մղվող պայքարի մարտիկ է: Այդ պատճառով նրան հատուկ չէ ներքին երկփեղկվածությունը, նա զարմանալի ամբողջական, հստակ, հերոսական անձնավորություն է, հեղափոխական՝ իր բարոյական կերպարով:

Ստենդալին հատուկ հոգեկան տատանումների և բարդ կռահումների լուսաբանությունը այս կերպարում փոխարինվում է զարգացող գործողության լարվածությամբ: Ելակետային իրադրության պայմաններում անգամ հակադրությունները չափազանց սրված են: Պյետրոն պատկանում է այն անձնավորությունների թվին, որոնց Ռուսաստանում նախկինում անվանում էին ռազնոչինցիներ: Իսկ նրա սիրուհին՝ Վանինան, ինքնակամ, ազնվական գեղեցկուհի է, որի կարծիքով քաղաքացիականությունը խորթ է երջանկությանը: Այսուհանդերձ, իրենց ձգտումներում երկուսն էլ անհողդողդ և պոռթկուն զգացմունքների տեր անձնավորություններ են: Կյանքի իմաստը և իրենց բարոյական պարտքը տարբեր ձևով գիտակցող այս երկու երիտասարդների վտանգավոր պահին բռնկված բուռն կիրքը պետք է որ ճակատագրական վախճան ունենար: Պյետրոյի համար սիրո և ընդհատակյա հայրենասեր գործչի կոչման միջև ընտրությունը թեև ծանր է, բայց՝ շատ որոշակի: Իր իրավացիության մեջ համոզված, Վանինան, որպեսզի վերադարձնի դավադրությամբ իրենից խլված սիրեցյալին, առանց տատանվելու մատնում է նրա համախոհներին: Սակայն նա պարտվում է՝ Պյետրոյի սերը վերածվում է բուռն ատելության:

Իր կուռ կառուցվածքով, ողբերգական հերոսականությամբ, որ այնքան էլ հաճախակի երևույթ չէ 19-րդ դարի քննադատական ռեալիզմի երկերում, հագեցած «Վանինա Վանինին» դարձավ 19-րդ դարի նովելի ժանրի շատ ճանաչված գործերից մեկը: Այստեղ ռոմանտիկական ոգևորությունը ընթանում է ռեալիստական վարպետ շարադրանքի հունով: Հայրենասիրական պարտքի ստենդալյան պատանի ջատագովը բացում է հեղափոխական կերպարների շարքը Հյուգոյի («Թշվառները»), Բալզակի («Կորուսյալ անուրջներ»), Ժորժ Սանդի («Օրաս»), Զոլայի («Ժերմինալ») երկերում:

tarntercum