Վաշինգտոն Իրվինգ. «Ռիպ վան Վինկլ» (1819 թ. համառոտ)

washington-irving-rip-van-winkleԿաատսկիլյան լեռների ստորոտում գտնվում է հոլանդացի վերաբնակների կողմից հիմնադրված գյուղը: Հին ժամանակներում, երբ այս տարածքը դեռ բրիտանական գաղութ էր, այստեղ ապրում էր բարեսիրտ Ռիպ վան Վինկլը: Բոլոր հարևանները սիրում են նրան, սակայն նա ունի թունոտ բնավորությամբ կին, որի փնթփնթոցը չլսելու համար հաճախ հեռանում է տանից: Մի օր անտառ է գնում որսի: Տուն վերադառնալիս ձայն է լսում: Նրան է կանչում մի ծերունի: Հագել է հին հոլանդական հագուստ և ուսին դրել օղու տակառը: Ռիպը օգնում է նրան բարձրանալ զառիվայրը: Դուրս են գալիս մի տեղանք, որը հիշեցնում է ամֆիթատրոն: Կենտրոնում տարօրինակ խումբը կեգլի է խաղում: Խաղացողները նույնպես հագել են հին հոլանդական հագուստ և հիշեցնում են ֆլամանդական նկարչի ստեղծած կերպարներ: Թեպետ նրանք տրված են զվարճանքի, դեմքերը լուրջ են: Ծերունին բաժակների մեջ է լցնում օղին և նշան է անում Ռիպին, որ այն պետք է մատուցել խաղացողներին: Նրանք խմում են օղին և վերադառնում են խաղին: Ռիպը նույնպես խմում է մի քանի բաժակ: Նրա գլուխը մշուշվում է, և նա քնով է անցնում:

Արթնանում է այնտեղ, որտեղ հանդիպել էր ծերունուն: Իր նոր հրացանի փոխարեն գտնում է մի հին ֆիթիլային մուշկետ: Կարծում է, որ հետը չար կատակ են խաղացել: Ձայն է տալիս շանը: Սակայն շունն անհետացել է: Որոշում է վերադառնալ զվարճանքի վայրը և ետ պահանջել իր շանը և հրացանը: Սակայն չի գտնում նախորդ օրը այցելած տեղը և ամենուր հանդիպում է ժայռերի: Որոշում է վերադառնալ տուն: Գյուղում նա հանդիպում է տարօրինակ հագուստով անծանոթ մարդկանց: Գյուղը նույնպես փոխվել է: Դարձել է ավելի մեծ և ավելի մարդաշատ: Բոլորը զարմացած նայում են Ռիպին: Դիպչելով իր դեմքին՝ Ռիպը հայտնաբերում է, որ ունի երկար մորուք: Իր տունը գտնում է գրեթե փլված: Տան մեջ ամայություն է: Գնում է գինետուն, որտեղ սովորաբար հավաքվում են գյուղի «փիլիսոփաները», սակայն գինետան տեղում հայտնաբերում է մեծ հյուրանոց: Հյուրանոցի դիմաց մարդիկ են կուտակվել: Նրանց առաջ ելույթ է ունենում մի նիհար սուբյեկտ: Խոսում է 1776 թվականի հերոսների, ընտրությունների, կոնգրեսի անդամների մասին: Ռիպին հարցնում են՝ ֆեդերալիստ է նա արդյոք, թե դեմոկրատ: Բայց նա ոչինչ չի հասկանում: Եռանկյուն գլխարկով մարդը հարցնում է, թե ինչու է Ռիպը ընտրությունների եկել զինված: Ռիպը սկսում է բացատրել, որ նա տեղացի բնակիչ է և իր թագավորի հավատարիմ հպատակն է: Լսվում են բղավոցներ, որոնք մեղադրում են նրան լրտեսության և անգամ թորի լինելու մեջ: Ռիպը սկսում է բացատրել, որ նա միայն ուզում էր տեսնել գինետանը հավաքվող իր ծանոթներին: Նրան խնդրում են նշել ծանոթների անունները: Բոլորը, ում նա նշում է, վաղուց մեռել են: «Մի՞թե ձեզնից ոչ ոք չգիտի Ռիպ վան Վինկլին»,- բղավում է նա: Նրան ցույց են տալիս ծառին հենված մի մարդու: Սա շատ նման է Ռիպին: Ռիպին է մոտենում երեխան ձեռքին մի երիտասարդ կին: Նա պատմում է, որ իր հոր անունը Ռիպ վան Վինկլ էր: 20 տարի առաջ նա հրացանն ուսին հեռացել է լեռները և անհետացել: Ռիպը հարցնում է, թե որտեղ է աղջկա մայրը: Պարզվում է վերջերս մեռել է: Ռիպը հանգստանում է, որովհետև վախենում էր նրանից: Հայտնվում է մի ծեր կին, որը ճանաչում է Ռիպին և հաստատում, որ ծառին հենված երիտասարդը նրա որդին է, իսկ երեխան ձեռքին կինը՝ աղջիկը:

Ռիպը բնակվում է դստեր մոտ: Նա հյուրանոցի բոլոր նոր այցելուներին պատմում է իր հետ պատահածը: Ոմանք նրան չեն հավատում: Սակայն հին հոլանդացի վերաբնակները՝ լսելով ժամանակ առ ժամանակ Կաատսկիլյան լեռներից եկող աղմուկը, ասում են, որ դա Հենրիկ Գուդզոնի թիմն է: Նրանք խաղում են կեգլի: Բոլոր տեղացի տղամարդիկ, որոնց նեղում են իրենց կանայք, երազում են խմել Ռիպի համտեսած օղուց և ընկնել մոռացության մեջ:  

tarntercum