Վիլյամ Սարոյան. «Թե ինչպես Բիթլիսցի մի տղա, որ դպրոցում կարգին չէր էլ սովորել, երեք անգամ խաբեց սատանային» (համառոտ)

wiliam-saroyanԼսելով, որ բիթլիսցիները աշխարհի ամենախելոք մարդիկ են, սատանան որոշեց գնալ այդ քաղաք, տեսնելու, թե ո՞ւմ կարող է հիմարացնել։ Հանդիպեց մի բիթլիսցի տղայի և միանում է նրան:

– Դուք առաջին անգա՞մ եք Բիթլիս գնում,- հարցրեց սատանան։

-Ես առաջին անգամ Բիթլիսում եղել եմ ծնվելիս,- պատասխանեց տղան։

«Այս տղան խելացի բիթլիսցի է երևում, և ես նրան անպայման պիտի հիմարացնեմ»,- մտածեց սատանան։

– Բարեկամս, քանի որ մենք նույն տեղն ենք գնում, արի պայման կապենք,- բացատրեց սատանան։- Դու երկար ճանապարհ ես անցել, ես՝ նույնպես։ Ինձ շալակիր, մինչև շունչս գա տեղն ու մի քիչ հանգստանամ։ Հետո ես քեզ շալակած կտանեմ, քո շունչը կգա տեղը և կհանգստանաս։

– Համաձայն եմ,- ասաց բնիկ բիթլիսցին։- Բայց ո՞նց իմանանք ճիշտ ժամանակը, որպեսզի մեզանից մեկնումեկը մյուսի շալակին շատ չնստի։

– Դրանից էլ պարզ բա՞ն,- զարմացած ասաց սատանան։- Նա, ով աոաջինն է նստում, պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ չի վերջացրել իր երգը։

– Շատ ազնիվ պայման է,- ասաց բիթլիսցին։- Ուզո՞ւմ եք առաջինը ես ձեզ շալակեմ։

Սատանան ելավ տղայի շալակն ու սկսեց երգել։ «Առավոտ լուսո» երգը, որը պարունակում էր այբուբենի երեսունութ տառերը, որոնցից յուրաքանչյուրը մեկ տող էր կազմում։ Երգը կես ժամից վերջացավ։ Սատանան շատ գոh էր իր պայմանից, որովհետև արդեն լավ հանգստացել էր։ Նա իջավ և տղան ելավ նրա շալակը։ Սկսեց երգել հայկական եկեղեցու օրհներգությունը, որ տևում էր այնքան, ինչքան օրhնաբանողն էր ուզում։ «Դայ նի, նայի նի, նայնի, նայնի, նի… Դոն նի նոն նի, նո նի նո…»։ Հարկ եղած դեպքում կարելի էր մի ամբողջ հավերժություն երգել։

– Չե՞ք ասի, այդ ի՞նչ եք երգում,— հարցրեց քըրտնած սատանան։

– Սա պարզ ու շիտակ երգ է… Իմ ժողովրդի պես,- ասաց բիթլիսցի տղան։

– Իսկ քանի՞ տուն է։

– Մեկ միլիոն։

– Իմ կարճ խելքով,- ասաց սատանան,- ամեն երգ պիտի սկիզբ ու վերջ ունենա։ Այնպես չէ՞։

– Ինչքան ամենակարող Աստվածն ու այս աշխարհը սկիզբ ունեն և վախճան, այնպես էլ՝ այս երգը,- պատասխանեց բիթլիսցին ու շարունակեց երգել:

Եվ սատանան տղային բլրոտ ճանապարհներով տարավ հասցրեց մինչև Բիթլիս։ Նա մնացել էր շվարած, որ բիթլիսցի տղան խաբել էր։

– Լսիր, բարեկամ,- հարցրեց սատանան։- Իսկ գործիդ  անունն ի՞նչ է։

– Հեչ, հողագործ եմ։

– Որ այդպես է, արի ընկերովի հող մշակենք։

– Համաձայն եմ,- ասաց տղան։

Ու երկուսով արտում սոխ ցանեցին։ Վերջապես բերքահավաքի ժամանակը եկավ։

– Հիմա դուք սոխի գլո՞ւխն եք ուզում, թե տերևուքը,— հարցրեց սատանան։

– Ինձ համար միևնույն է,- պատասխանեց բիթլիսցի տղան։

– Չեղավ…- ասաց սատանան։

– Մեկնումեկը պիտի ընտրեք։

– Որ այդպես է, ես տերևուքը կվերցնեմ,- ասաց բնիկ բիթլիսցին։

Քանի որ սատանան մի անգամ արդեն խաբվել էր, այդ պատճառով ուզում էր շատ զգույշ լինել։

– Եթե չեք նեղանա, ես կվերցնեմ տերևուքը, իսկ դուք սոխի գլուխը,- ասաց սատանան։

Եվ նա հնձեց տերևուքը, փորձեց վաճառել, բայց ո՞վ էր առնողը։ Իսկ բիթլիսցին հողից հանելով սոխի գլուխները բարձր գնով վաճառեց։ Եվ այսպես, սատանան երկրորդ անգամ խաբվեց։

– Արի նորից ընկերովի արտ մշակենք,- ասաց սատանան տղային։

– Շատ լավ,- համաձայնեց բիթլիսցին։ Եթե ուզում եք, այս տարի էլ ցորեն ցանենք։

Եվ ցորեն ցանեցին։ Երբ հունձքի ժամանակը եկավ, սատանան հարցրեց.

– Հիմա ո՞րն եք ուզում՝ արմա՞տը, թե՝ ցողունը։

– Ոնց ասեմ… եթե կարելի է, նորից արմատները կվերցնեմ, ասաց տղան:

– Չէ… էս անգամ դուք ցողունը վերցրեք, իսկ ես՝ արմատները։

Եվ սատանան այս անգամ էլ խաբվեց։ Իսկ երեկոյան նա աննկատ հեռացավ քաղաքից ու մինչև հիմա ոտքը Բիթլիս չի դրել։ Երբեմն միայն ծպտված ու ապահով տեղից նայում է բնիկ թիբլիսցիներին՝ նախանձելով նրանց խելքին ու շնորհքին։

tarntercum