Վիլյամ Սարոյան. «Ծիծաղ (համառոտ)

wiliam-saroyanԲոլոր տղաները դասից հետո տուն են գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, իսկ հերոսին Միսս Ուիսիգը ստիպում է մնալ դասից հետո և մեկ ժամ ծիծաղել:

– Բայց ես չեմ ուզում ծիծաղել:

– Ծիծաղի՛ր: Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ:

– Ներեցեք, որ ծիծաղեցի:

Տղան ծաղկի պես կքված, ամոթահար է: Նա զղջում է, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում է ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ է, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ տխրություն կա: Եվ տղան ծիծաղել է նրա վրա: Տղան ծիծաղելու տրամադրություն չի ունեցել, բայց ծիծաղել է, և ուսուցչուհին նայել է նրան: Դրանից հետո՝ զայրույթը, ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:

– Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:

Ինչու՞: Տղան ուզում է բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել է դասարան, տղան ցանկացել է հետը բարեկամանալ: Ինչու՞ է ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի վիրավորեր ուսուցչուհուն:

– Չեմ ուզում ծիծաղել:

«Ես չեմ ծիծաղի», – մտածում է տղան: – «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս»:

– Խնդրեմ, ծիծաղի՛ր:

Ի՞նչ հաճույք կարող է ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս: Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուսուցչուհին նրան չի ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտի, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում է իմանալ: Սկսում է վերհիշել բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել է: Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ծիծաղեցնում էր: Իսկ հիմա դատարկ բան է թվում: Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Տղան լալիս է, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան է պատահել:

– Բե՛ն:

Ձայնը խաղաղ է, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող է ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:

– Բե՛ն:

Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ է թվում, քան երբևէ:

– Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:

– Այո:

Սրբում է թաց աչքերը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը:

– Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:

– Տասը:

– Ո՞վ է հայրդ:

– Դերձակ է:

– Եղբայներ, քույրեր ունե՞ս:

– Երեք եղբայր, երկու քույր:

– Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:

– Այո:

– Ու՞ր:

– Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:

– Հին երկի՞րը:

– Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:

Նա ուզում է հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում է մեծանալ, բայց վախենում է: Ուսուցչուհին վերարկուն է հագնում:

– Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:

Տղան տխրություն է զգում: Սկզբում ստիպում է ծիծաղել, հետո լացացնում, հիմա էլ՝ սա: Որքան միայնակ է աղջիկը:

– Բեն, հիմա կարող ես գնալ:

– Մնաք բարով, Միսս Ուիսիգ:

– Մնաս բարով, Բեն:

Հետո տղան արագորեն վազում է դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում է նրան: Բենը չգիտի՝ ինչ մտածի, բայց գիտի, որ շատ տխուր է և վախենում է ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածում է, որ լավ կլինի, եթե ոչ ոք չիմանա պատահածի մասին:

tarntercum