Վոլֆգանգ Գյոթե. «Արևմտաարևելյան դիվան» (1814-1819 թթ. համառոտ)

GeoteՌոմանտիզմի դարաշրջանում ստեղծված առավել փայլուն գործերից է բանաստեղծական մի քանի շարքեր միավորող «Արևմտաարևելյան դիվան» (1814-1815) ժողովածուն՝ Գյոթեի պոեզիայի գագաթներից մեկը, որտեղ, հավանաբար, ավելի, քան այլ տեղ, զգացվում է ռոմանտիկական գեղարվեստական միտումների և նվաճումների ազդեցությունը:

Գյոթեի դարձը դեպի Արևելք նախապատրաստված էր ռոմանտիկական դպրոցի ողջ գործունեությամբ: Արևելքում Գյոթեն փորձում է գտնել այն բարոյական հիմքը, որի վրա կարող է հաստատվել կենսունակ հասարակությունը և կենսուրախ մարդը:

Հյուսիսը, Հարավը, Արևմուտքը փլուզվել են,

Տապալվել են ջահերը, կործանվել թագավորությունները:

Դեպի Արևելք հեռավոր կմեկնի

Օդ շնչելու հնամենի,

Գինու, սիրո, երգի երկրում

Նոր կյանքի համար կվերածնվի:

«Արևմտաարևելյան դիվանը» գերմանացի բանաստեղծի զրույցն է 14-րդ դարի պարսիկ բանաստեղծՀաֆեզի հետ: Ժամանակի տեղափոխումը գեղարվեստական միջոց է, որն արտահայտում է միասնական, համայնապարփակ մարդկության աշխարհի զարգացման շարունակության մասին Գյոթեի գաղափարը: Այս երկխոսությունից բխող աշխարհի և մարդու մասին դատողությունները ստեղծում են մարդկային բանականությամբ և զգացմունքներով շնչավորված հավիտենականության պատկեր:

Ռոմանտիզմի դարաշրջանը երանգավորված էր աշխարհն իր երևույթների բազմազանության և հակասության մեջ ճանաչելու ձգտումով: Անտիկ աշխարհի ստեղծած ներդաշնակ, բարեգեղ համակարգը թվում էր թերի: Ռոմանտիկները բացահայտեցին գեղեցիկի և տգեղի, չարի և բարու գոյակցումը կյանքում: Եթե Վայմարյան կլասիցիզմի շրջանակներում Գյոթեն ընդունում էր միայն գեղեցիկի օրենքները և այն արվեստում արտահայտելու անհրաժեշտությունը, ապա ռոմանտիկական շրջանում նա փորձում է հասկանալ և ընդգրկել կեցության հակասական օրենքները և տալ աշխարհի համապարփակ պատկերը: Կեցության բազմակողմանիության ռոմանտիկական պատկերացումը նրա մոտ հարստանում է նատուրալիստի աշխարհզգացողությամբ: Ռոմանտիզմի մեջ կյանքի և մահվան միասնության գաղափարը ձևավորվել է որպես ամբողջական պրոցես, որի բովում կազմավորվում է հավիտենականությունը շաղկապող հոգևոր սկզբունքը: Ռոմանտիկների՝ աշխարհի այդպիսի դիալեկտիկական ըմբռնումը մոտ է Գյոթեին:

«Արևմտաարևելյան դիվանի» սիրային բանաստեղծություններին հատուկ է հուզականությունը և գույների պայծառությունը: Սիրահարներ Հաթեմի և Զուլեյկայի զվարճալի և, միևնույն ժամանակ, խանդավառ երկխոսությունը իր հուզականությամբ հիշեցնում է կրքոտությամբ հագեցած երիտասարդ Գյոթեի քնարերգությունը: Ինչպես «Մայիսյան երգում», այստեղ ևս հնչում է խոստովանության երջանկությունը և կյանքի բերկրանքը:

Գյոթեի ուշ շրջանի գխավոր բանաստեղծական ժողովածուն՝ «Արևմտաարևելյան դիվանը», չի սպառում այդ տասնամյակների նրա քնարերգական պոեզիան: Նա շարունակում է ստեղծել բալլադներ, բանաստեղծություններ, փիլիսոփայական քնարերգություն:

tarntercum