«Ի՞նչ է խաչագողը» առաջաբանում ներկայացվում է խաչագողության սոցիալական և բարոյական բովանդակությունը: Լինելով ավերված, փչացած անբարոյական հասարակության հրեշավոր ծնունդ՝ խաչագողը տիպիկ հայկական երևույթ է:
Ոստիկանության հետապնդումներից խուսափող Մուրադը պատսպարվում է մոտակա անտառում, որտեղ հանդիպում է դպրոցական իր երբեմնի ընկերներին՝ Ասլանին, Կարոյին, Սագոյին, որոնք համոզում են նրան անդամակցել իրեն գաղտնի ընկերությանը: Առաջնորդն էր որսորդ Ավոն: Սակայն, որքան էլ հրապուրիչ է ընկերների խորհրդավոր միջավայրը, այդուհանդերձ հաղթում է Քավոր Պետրոսի «մոգական ազդեցությունը», և Մուրադը, հնազանդվելով նշանավոր խաչագողի համոզումներին, իր ճակատագիրը կապում է հեռավոր պանդխտության և թափառ կյանքի հետ:
Մեկը մյուսին են գումարվում հանցանքները, և հերոսը կատարելագործում է ոճրագործի իր արվեստը: Յոթ տարիները, որ նա անցկացնում է որպես խաչագող, կատարելապես արբեցնում են նրան և նա չի հասկանում անգամ, թե երբ է տեղի ունեցել իր հոգում վճռական բեկումը: Քավոր Պետրոսի կենսական փիլիսոփայությունը հետևյալն է. «Մարդ չէ կարող խղճմտանք և ազնվություն ունենալ այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ մթնոլորտը, որի մեջ ապրում է նա, վարակված է անբարոյականությամբ»:
Մուրադը ձգտում է ազատվել իրեն կլանող միջավայրի ապական ճահճից: Դա հաջողվում է երկու ճակատագրական հանդիպումների շնորհիվ:
Առաջինը հանդիպումն է գնչուհի Նենեի հետ, որին Մուրադը փրկում է և որին սիրահարվում է: Բացի այդ, անակնկալ կերպով վերգտնում է վաղուց կորցրած հորը, որն իսկույն պաղատում է նրան ետ կանգնել մոլոր ճանապարհից: Բայց քանի դեռ Մուրադը մտովի փայփայում է իր դարձի գաղափարը, ցարական ոստիկանությունը ձերբակալում է մաքսանենգ խաչագողերի խմբին, և, Մուրադը, որը խոստովանում է իր հանցավորությունը, ցմահ տաժանակրության է աքսորվում Սիբիր:
Տաժանակրության սարսափները Մուրադը տանում է հնազանդությամբ: Փախուստի առաջարկությունից հրաժարվում է: Նոր միջավայրն ունի իր խորհուրդները, որոնք խորացնում են Մուրադի աշխարհիմացությունը: Կալանավորների տարբեր կյանքերի պատմությունները բաց են թողնում այն հարցը, թե ինչպիսին է մարդու բնությունը՝ բարի, թե չար:
Այդ հարցի պատասխանները Մուրադը լսում է Համրից. «Քննեցեք դրանց յուրաքանչյուրի կյանքի պատմությունը և դուք կտեսնեք, որ դրանց գործած հանցանքների արմատը դրված է եղել այն հողի մեջ, որից դրանք բուսել, աճել և զարգացել են: Յուրաքանչյուրի հանցանքի ձևը, տեսակը, որպիսությունը տեղային բնավորություն ունի… այդ թշվառներից ամեն մեկի կյանքի պատմությունը նույն հասարակությունների մտավոր, բարոյական և հոգեկան հիվանդության պատմությունն է…»:
Մուրադին, այդուհանդերձ, հաջողվում է ստանալ կայսերական ատյանի ներման թուղթը, և Մուրադն ու Նենեն սուրբ պսակով վերադառնում են հայրենի երկիր: