Րաֆֆի. «Հարեմ» (1874 թ. համառոտ)

raffiՆկարագրվում է Պարսկաստանի Թեհրան քաղաքի մի գեղեցիկ ապարանք, որի առաջին մասում զետեղված են Շահզադեի դիվանխանան, հյուրանոցը, ծառաների կացարանը, բանտը, իսկ մյուսում՝ հարեմխանան՝ կանանց նվիրական կացարանը:  

Այն բաժանված է բակերով, որոնցից ամեն մեկի մեջ բնակվում է մի առանձին հարեմ՝ իր աղախիններով ու փոքրիկ, մինչև տասը տարեկան տղա-սպասավորներով: Այն հովանավորված է մշտականաչ ծառերով և ծաղիկներով, ուր վարդենին թագավորում է բոլորի վրա: Մեղմ-կուսական ժպիտով ծփում են լճակները և արծաթափայլ ջուրը, մարմարյա շատրվաններից դեպի բարձր և բարձ արտահոսելով, ցողում է մարգարտյա կաթիլները:

Խորին, սրբազան լռությունը տիրել է հարեմխանայի վրա: Կարծես թե ամբողջ բնությունը նիրհում է հսկայական քնով, արթուն է միայն մի հոգի՝ մանկահասակ մի կին: Սևամորթ աղախինը, սիրամարգի փետուրներից հյուսած հովհարով զով է սփռում նրա երեսին և զվարճացնում նրան՝ պատմելով հրապուրիչ հեքիաթներ ջիններից, գեղեցիկ հուրիներից և փերիներից, մինչև որ նա քնի: Սևամորթ աղախինը Մարջանն է, իսկ մանկահասակ կինը՝ Զեյնաբ-խանումը՝ ազգությամբ հայ: Զեյնաբը հարցնում է Մարջանին՝ արդյոք նա սիրահարված եղել է: Խափշիկը պատմում է իր պատմությունը, թե ինչպես Աֆրիկայի խորին անապատներից վայրենիների մի բազմաթիվ խումբ հարձակվեց իրենց ցեղի վրա: Նրանք պարտվեցին: Սիրեցյալը՝ Բիլալը, սպանվեց այդ կռվում: Նրա վերջին խոսքն այն էր, որ չկարողացավ ազատել Հուդիին (այդ ժամանակ այդպես էր Մարջանի անունը): Գերի ընկավ ուրիշ շատ աղջիկների ու տղաների հետ, ապա իրենց վաճառեցին հնդկացի վաճառականներին, տարան Բոմբա, որտեղից էլ ինքը բերվեց Պարսկաստան, և տիկինը գնեց իրեն: Այժմ էլ հաճախ երազում տեսնում է Բիլալին՝ Աբեսինիայի հեղեղատի ափերում թափառելիս և խխունջներ հավաքելիս, որ զարդարի իր պարանոցը: Մարջանը լաց եղավ: Զեյնաբ-խանումը ասում է, որ այդ տխուր պատմությունը իրեն հիշեցնում է մեկ այլ պատմություն և պատմում է իր իսկ պատմությունը: Մի քաղաք կա, որում նստում էր Գուրջիստանի թագավորը: Դրախտը շատ մոտ է այդ երկրին: Դրախտից բխած գետերից մեկն անցնում է այդ քաղաքի միջով և ջրում ծաղիկներով զարդարված դաշտերը: Այդ քաղաքում կային մի աղջիկ ու մի տղա՝ Ալմաստն ու Մեխակը, որ սիրում էին իրար, ծնվել էին նույն օրը և նույն ժամին և նրանց ծնողները վճռել էին նրանց ապագան և օրհնել երեխաների ամուսնական նշանադրությունը: Հանդիպում էին լուսնկա գիշերներում, վայելում սիրո քաղցր րոպեները: Սակայն շուտով արևելքից հայտնվում է մի ներքինի թագավոր՝ զորքով: Կողոպտում են բնակիչներին, կոտորում են ալևորներին, մորթում են ծծկեր երեխաներին, մանկահասակ աղջիկներին ու տղաներին գերի են տանում: Ալմաստին ևս տանում են և այդ ժամանակվանից նա տեղեկություն չունի Մեխակից: Թագավորի գլխավոր զորապետերից մեկը՝ մի Շահզադե, Ալմաստին նշանակում է իր հարեմի մեջ որպես նշանավոր տիկիններից մեկը: Նրան կերակրում են մեղրով ու շաքարով, բայց նա միշտ հիշում է իր հարազատներին, տեսնում է ծնողների ու ազգականների դիակները՝ թավալված արյան մեջ, և նրա սրտում մի զարհուրելի ատելություն է ստեղծվում դեպի այդ դահիճը, որ խլեց իրեն հայրենական օջախից ու, այսուամենայնիվ, իրեն կին է անվանում: Մի քանի տարի անց Ալմաստը մերձակա այգիներից մեկում պատահական հանդիպում է մի անծանոթ տղամարդու, որը ծնկի է գալիս նրա առջև և ասում, որ եթե ճանաչի իրեն, չի բարկանա: Հանձին տղայի տիկինը ճանաչում է Մեկախին: Տղան պատմում է, որ ինքը ևս գերի է եղել, այժմ կոչվում է Քերիմ-բեկ, կառավարում է իրեն գերի անող զորապետի՝ քաղաքի Սար-Ասքերի կալվածները: Առերես ուրացել է, բայց իրականում քրիստոնյա է և սիրում է Ալմաստին: Այնուհետև նրանց խոսակցությունը ընդհատվել է աղախինների գալու պատճառով: Մարջանը հասկանում է, որ պատմությունը վերաբերում է իր տիրուհուն և խոստանում է կազմակերպել նրանց հանդիպումը հենց տիկնոջ սենյակում: Այդպիսի խորամանկությունների դիմում են խանումներից շատերը, որոնք դրսում ունեն սիրահարներ: Խորամանկ խափշիկը հնար է գտնում՝ խաբելով ներքինապետ Հեյդարին, թե իբր Զեյնաբ-խանումին տիրել են դևերն ու ջինները, անդադար բզզում են նրան, վախեցնում և պետք է կախարդ կանչել, որ օգնի նրան: Գաղտնիքը գիտի նաև Զեյնաբի ստրուկ Սայիդը, որը սիրում է Մարջանին և պատրաստ է ամեն ինչ անել նրա համար: Զեյնաբ-խանումը նրանց օգնության փոխարեն խոստանում է շնորհել ազատություն: Քերիմ-բեկին սիրահարվել է զորապետի դուստր Մահին: Սար-Ասքերը ինքը կողմ է այս ամուսնությանը, քանի որ Քերիմ-բեկը իբրև գերի բերվելով Թիֆլիսից, կրոնափոխ է եղել, այսքան տարի ծառայել է իրեն, բացի այդ կռվում փրկել է իր կյանքը, ուստի նա արժանի է իր դստեր ամուսինը դառնալու և ժառանգությունը ստանալու համար: Այս ամենը նա հայտնում է Քերիմ-բեկին, որը, փորձելով խուսափել չսիրած աղջկա հետ ամուսնանալուց, զորապետին խաբում է, թե իբր ինքը ուխտ է արել նախքան Մեքքա գնալը չամուսնանալ: Երբ գնա և դառնա հաջի, այն ժամանակ կամուսնանա: Զորապետը ողջունում է նրա այսպիսի ցանկությունը և ասում, որ նրա վերադարձից հետո նոր միայն հարսանիք կանեն: Քերիմ-բեկին այցելում է Մարջանը, պատմում տիրուհու մասին, և պառավի հագուստներ տալով նրան, տանում ապարանք: Քերիմ-բեկը իբրև կախարդ կին մտնում է Զեյնաբ-խանումի մոտ: Քերիմ-բեկը ասում է, որ նրանք կարող են հանդիպել Սալոմեի տանը: Սալոմեն՝ կախեթցի Գիորգիի աղջիկը, իրենց քաղաքից էր, հաճախ օգնում էր նրանց հանդիպումներ կազմակերպելիս: Նրան ևս գերի են վերցրել, այժմ ամուսնացած է մի ավազակ պարսիկի հետ, որին, սակայն, սիրում է: Իրենց տուն երկու պարսիկ էին մտել, փոքրիկ եղբորը՝ Սոսիկոյին սպանել էին մոր աչքերի առաջ և մայրը տեղում մահացել էր: Ապա երեխային սպանողը կտրել էր մոր մատները՝ մատանիները հանելու համար: Իր համար վիճել էին և մի պարսիկը, որն այժմյան ամուսինն է և ավելի բարեսիրտ էր, սպանել է մյուսին՝ Սոսիկոյին սպանողին ու մոր մատները կտրողին: Ունի փոքրիկ երեխա: Ամուսինը՝ Ղաֆար-բեկը, իրականում եղել է թիկնապահ զինվոր Սար-Ասքերի մոտ, բայց նրան դատապարտել էին գլխատման մի իշխանի կնոջ առևանգելու համար, և այժմ դարձել է ավազակապետ, թեև երբեք աղքատի հացը չի խլել: Խորամանկ Մարջանը ներքինապետին ասում է, թե իբր կախարդ պառավը կարգադրել է, որ խանումը քառասուն օր սենյակից դուրս չգա, և այնտեղ ևս մարդ չմտնի: Իրականում Քերիմ-բեկը աննկատ հեռացել է գիշերը, իսկ խանումը այժմ կախարդ պառավի հագուստով դուրս է գալիս իր սենյակից ու գնում Սալոմեի մոտ: Այնտեղ կա մի հիվանդ տղամարդ, որին Սալոմեն բուժում է: Գալիս է Քերիմ-բեկը, զրուցում են: Շուտով նրանց է միանում ավազակապետ Ղաֆար-բեկը: Նա վիրավոր է, ընկերներից մեկին բռնել են, իրեն ճանաչել են, և  հիմա պետք է հեռանալ Թեհրանից: Որոշում են փախչել Հայաստան: Այս ընթացքում որսից վերադառնում է իշխանը: Ցանկանում է տեսնել Զեյնաբ-խանումին, բայց ներքինապետը պատմում է, թե ինչ է եղել և որ պետք է քառասուն օր հեռու մնալ նրանից: Իշխանը որոշում է այդ գիշեր այցելել Բագիմ-խանումին՝ Խալաֆ-բեկի դստերը: Բայց նա ևս ունի սիրեցյալ՝ Միրզա-Շաֆին՝ երգիծաբան մի բանաստեղծ: Աղախին Ֆերուզի միջոցով տեղեկացնում են Բագիմ-խանումին վերադառնալ սիրեցյալի մոտից, ուր գնացել էր ծածուկ, ընդունելու իշխանին:

Այս ընթացքում Քերիմ-բեկին, Ղաֆար-բեկին, Սալոմեին փոքրիկ երեխայի հետ և Զեյնաբ-խանումին հաջողվում է հեռանալ Պարսկասատնից: Ղաֆար-բեկը վիրավոր ընկերոջը տանում-հանձնում է սիրեցյալ կնոջ խնամքին, իշխանի ապարանքից հանում է Մարջանին և Սայիդին և գիշերապահակների հետ կռվելուց հետո, որի ժամանակ Քերիմ-բեկը վիրավորվում է, նրանք ճանապարհ են ընկնում իրենց բնիկ հայրենիքը՝ դեպի Հայաստան:

Վեպն անավարտ է: Ներկայացված է միայն երկրորդ մասի Ա գլուխը:

Անցել է երկու ամիս: Նկարագրվում է Արարատի լեռներում, ձորի մեջ գտնվող մի այր, որտեղ թաքնվել են մոտ քսան ավազակներ:  Չորացնում են իրենց զենքերը, միս են խորովում, ուտում: Քիչ հեռու կապված է մի գերի թուրք: Որոշ ժամանակ անց հրացանի ձայն է լսվում: Մեխակն է, գալիս է: Հինգ հոգի են, մեկը քահանա է: Ընթրիքից հետո բոլորը քնում են, երկու հոգի մնում են արթուն՝ հսկելու ձիաններին:

Ձեռագիրն այստեղ ընդհատվում է:

tarntercum