Որպես լատինաամերիկացի բանաստեղծ Օկտավիո Պասը (1914 – 1998) մշտապես փորձել է համադրել մարդկության համայն հոգևոր փորձի ամենատարբեր դրսևորումները: Մեքսիկացի Օկտավիո Պասին բնորոշ են ազգային մշակույթի սովորույթների մշտական համադրումները, ինչպես նաև իսպանական բարոկկոյի քնարերգության տարրերը, արևմտաեվրոպական սյուրռեալիզմի փնտրտուքը և արևելյան կրոնափիլիսոփայական էկլեկտիզմը: Նրա պոեզիայի գլխավոր մոտիվներն են՝ անհատը, կյանքը, մահը, ժամանակը, սերը և պոեզիան:
Օկտավիո պասի առաջին շրջանի գլխավոր առանձնահատկություններն են պարզ լեզուն և դրա զուգակցումը խորքային ընդհանացումների հետ, որը նա կոչում է խոսքի անջատում առօրեական լեզվից: Նշված առանձնահատկությունը առաջինը նկատել է Ալբերտին: Չգրելով հեղափոխական թեմաներով, և այդկերպ դուրս գալով իր ժամանակակից մյուս մեքսիկացի բանաստեղծների ընդհանուր հոսանքի դեմ, նա ըստ էության միակ իսկական հեղափոխական բանաստեղծն է, որովհետև արմատապես հեղաշրջում է լեզուն:
Հասուն շրջանում բանաստեղծը սկսում է ավելի մեծ տուրք տալ սյուրռեալիստական մեթոդին: Այս իմաստով նա միշտ կաևորել է Անդրե Բրետոնի «Խելագար սերը» երկը և համարել է այն ժամանակակից արվեստի դարպասը: Չնայած նրա վրա սյուրռեալիզմի թողած ահռելի ազդեցությանը, Պասն իրեն երբեք չի համարել սյուրռեալիստ բանաստեղծ: Իր վերաբերմունքը սյուրռեալիզմի նկատմամբ նա արտահայտել է «Սյուրռեալիզմ» զեկույցում, «Մոգական մշակույթ» հոդվածում և «Անդրե Բրետոնը կամ նախասկզբի փնտրտուքը» էսսեյում: Սյուրռեալիզմը մնում է նրա համար ավելի շուտ հոգեվիճակ: Դա ձգտումն է դեպի իրականը, որովհետև թույլ է տալիս խախտել քաղաքակրթության սառած շրջանակները և դուրս գալ դեպի ճշմարիտ իրականություն: Ձգտելով ազատության արվեստագետը նախ և առաջ սկսում է լեզվի նկատմամբ անհրաժեշտ բռնությունից:
Օկտավիո Պասի ժառանգության մեջ մեծ տեղ է գրավում էսսեն: Դա բանաստեղծի ինքնարտահայտման միջոցն է, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ մի կողմից ձևակերպելու սեփական էսթետիկայի սկզբունքները, իսկ մյուս կողմից՝ արտահայտվելու այն պրոզաիկ հարցերի մասին, որոնց մասին նրան թույլ չէր տալիս խոսել պոեզիան: Հատկապես հարկ է նշել «Մենության լաբիրինթոսը», «Աղեղն ու քնարը» և «Կնձենու տերևները» էսսեները: Պասը նկատել է, որ բանաստեղծությունը և էսսեն իր համար կից անոթների համակարգ է:
Հնդկաստանում եղած ժամանակ Պասը ուշադրություն է դարձնում և վերաիմաստավորում է իր համար ճանաչողական եղանակների եվրոպական և արևելյան արմատական տարբերությունը: Եվրոպայում ճանաչողության առարկան վերացարկման արդյունք է, իսկ Արևելքում՝ կոնկրետ փորձի առարկա: Նրան, որպես երրորդ աշխարհի ներկայացուցչի անչափ հրապուրում է այն միտքը, որ լատինաամերիկյան մշակույթը կարող է հանդես գալ միավորող դիրքերում:
Բանաստեղծը տարվել է նաև ստրուկտուրալիզմով: Հայտնի է, որ ազգերի և մշակույթների տարբերությունների նկատմամբ ստրուկտուրալիզմն ունի իր հատուկ մոտեցումը, որն անչափ համահունչ էր մշակութային սինթետիզմի մասին Պասի պատկերացումներին:
Պասը իր պոետական աշխարհայացքի շրջանակներում մերժում է ռացիոնալիզմը, հիերարխիզմն և տրամաբանական դուալիզմը:
Օկտավիո Պասի բանաստեղծական ժողովածուներն են.
1933։ Luna silvestre
1936։ No pasarán!
1937։ Raíz del hombre
1937։ Bajo tu clara sombra y otros poemas sobre España
1941։ Entre la piedra y la flor
1942։ A la orilla del mundo
1949։ Libertad bajo palabra
1954։ Semillas para un himno
1957։ Piedra de Sol (Արևի քար)
1958։ La estación violenta
1962։ Salamandra (1958–1961)
1965։ Viento entero
1967։ Blanco
1968։ Discos visuales
1969։ Ladera Este (1962–1968)
1969։ La centena (1935–1968)
1971։ Topoemas
1972։ Renga: A Chain of Poems Ջեկ Ռուբանդի, Էդուարդո Սանգինետիի և Չարլզ Տոմլինսոնի հետ
1975։ Pasado en claro
1976։ Vuelta
1979։ Hijos del aire/Airborn Չարլզ Տոմլինսոնի հետ
1979։ Poemas (1935–1975)
1985։ Prueba del nueve
1987։ Árbol adentro (1976–1987)
1989։ El fuego de cada día, ընտրանի, նախաբան և ծանոթագրությունները Պասի: