Օսկար Ուայլդ. «Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1893 թ. համառոտ)

oskar-uayld-ledi-uinderminՊիեսի գլխավոր հերոսուհին՝ լեդի Մարգարեթ Ուինդերմիրը, տոնում է իր ծննդյան օրը: 21 տարեկան է: Նա սիրված կին և երիտասարդ մայր է, որի հանդեպ ճակատագիրը բարեհաճ է գտնվել: Այդ օրն առավոտյան նա ընդունում է ընտանիքի բարեկամ բարձրաշխարհիկ դատարկաբան լորդ Դարլինգտոնին, որի մութ ակնարկները և աֆորիզմները թողնում են նրան շփոթմունքի մեջ: Գալիս է դքսուհի Բերվիկը իր դստեր հետ, որը հայտնում է, որ պարոն Ուինդերմիրը հանդիպումներ է ունեցել ոմն տիկին Էռլինի հետ: Բոլոր կանայք էլ անցյալ ունեն, սակայն տիկին Էռլինի դեպքում այն շատ մեծ է: Չցանկանալով հավատալ բամբասկոտ կնոջը՝ լեդի Ուինդերմիրը ստուգում է ամուսնու նոթատետրը և գտնում է այնտեղ Բերվիկի խոսքերի ապացույցը: Երբ ամուսինը տուն է գալիս, ոչ միայն չի հերքում իր ծանոթությունը տիկին Էռլինի հետ, այլև առաջարկում է կնոջը հրավիրել նրան երեկույթի: Նա ասում է, որ մտադիր է օգնել այդ կնոջը վերականգնել բարձր աշխարհում երբեմնի ունեցած դիրքը: Լեդի Ուինդերմիրը կտրուկ հրաժարվում է և ասում, որ եթե այդ կինը ոտք դնի իր տուն, նա հրապարակավ կվիրավորի նրան: Լորդ Ուինդերմիրը հուսահատության մեջ է: Նա չի կարող չհրավիրել տիկին Էռլինին, սակայն չի կարող հայտնել կնոջը իր և տիկին Էռլինի հարաբերության մասին:

Երեկույթին տիկին Էռլինը, այդուհանդերձ, գալիս է: Մարգարեթը չի համարձակվում կոպտել նրան և միայն հետևում է, թե ինչպես է այդ կինը նախ գրավում ծեր ամուրի պարոն Օգաստուսին, իսկ հետո նաև լորդ Ուինդերմիրին: Լորդ Դարլինգտոնը սկսում է համոզել Մարգարեթին թողնել ամուսնուն և միանալ իր հետ: Մարգարեթին հաջողվում է լսել տիկին Էռլինի և իր ամուսնու զրույցի մի հատվածը: Տիկին Էռլինն ասում է, որ մտադիր է ամուսնանալ պարոն Օգաստուսի հետ, իսկ լորդ Ուինդերմիրը պիտի ապահովի նրա ապրուստը: Մարգարեթը հրաժեշտի նամակ է գրում ամուսնուն և հեռանում է: Նամակը պատահաբար գտնում է տիկին Էռլինը: «Ճակատագիրը կրկնվում է: Այս խոսքերը ես 21 տարի առաջ գրել եմ նրա հորը»,- ասում է նա: Պարզվում է տիկին Էռլինը Մարգարեթի մայրն է, իսկ լորդ Ուինդերմիրը, որը գիտի դա և իրավասու չէ բացահայտել այդ գաղտնիքը, ցանկացել է ինչ-որ կերպ նյութապես օգնել այդ կնոջը:

Տիկին Էռլինը վերցնում է նամակը և շտապում է լորդ Դարլինգտոնի տուն, որտեղ հույս ունի ետ պահել Մարգարեթին սխալ քայլից: Դարլինգտոնի տան հյուրասենյակում նա գտնում է արդեն զղջացող Մարգարեթին: Տիկին Էռլինը ցույց է տալիս նրա նամակը, նետում է այն բուխարու մեջ և ասում, որ Մարգարեթի տեղն իր ամուսնու և երեխայի կողքին է:

Այդ պահին լսվում են պարոն Օգաստուսի, Սեսիլ Գրեմի, լորդ Դարլինգտոնի և լորդ Ուինդերմիրի ձայները: Կանայք թաքնվում են: Սակայն ներս մտած տղամարդիկ հայտնաբերում են բազմոցի վրա լեդի Ուինդերմիրի հովհարը: Լորդ Ուինդերմիրը բացատրություն է պահանջում Դարլինգտոնից: Տիկին Էռլինը դուրս է գալիս հարևան սենյակից: Մարգարեթը կարողանում է աննկատ հեռանալ:

Հաջորդ առավոտյան կրքերը հանդարտվում են: Անգիտության մեջ մնացած լորդ Ուինդերմիրը ներողություն է խնդրում իր կնոջից և պարսավում է տիկին Էռլինին՝ «այդ անուղղելի կնոջը»: Սակայն կնոջ մեջ տեղի է ունեցել զարմանալի վերափոխություն: Նա պաշտպանում է տիկին Էռլինին: Սպասավորը հայտնում է, որ եկել է տիկին Էռլինը և ուզում է տեսնել լեդի Ուինդերմիրին՝ ասելով, որ հավետ լքում է Անգլիան: Լորդ Ուինդերմիրը դժկամորեն հեռանում է: Մնալով Մարգարեթ Ուինդերմիրի հետ միայնակ՝ տիկին Էռլինը խնդրում է, որ սա իրեն նվիրի իր որդու հետ լուսանկարը և այն հովհարը: Միայն այստեղ է Էռլինը հայտնում, որ Մարգարեթի մայրն է: Ջերմորեն հրաժեշտ տալով նա հեռանում է: Քիչ անց գալիս է լորդ Օգաստուսը և հայտարարում է, որ պատրաստվում է ամուսնանալ տիկին Էռլինի հետ:       

   tarntercum