Մոտ երեսնամյա պարոն Կ-ն ժամանում է Գյուղ ուշ երեկոյան: Մնում է իջևանատանը: Նրան արթնացնում է Դղյակի տեսուչի որդին՝ Շվարցերը, և կիրթ եղանակով բացատրում է, որ առանց Դղյակի տեր կոմսի թույլտվության ոչ ոք իրավունք չունի գիշերելու Գյուղում: Կ-ն սկզբում լուրջ չի ընդունում այս խոսքերը, սակայն հասկանալով, որ իրեն պատրաստվում են գիշերվա կեսին դուրս հանել, ասում է, որ Գյուղ է եկել Դղյակի տիրոջ կանչով, որ ինքը հողաչափ է: Շուտով կմոտենան նրա օգնականները գործիքներով: Շվարցերը զանգահարում է Դղյակ և ստուգում է Կ-ի խոսքերը: Կ-ն մտքում նկատում է, որ Դղյակում լավ են աշխատում: Անգամ գիշերով: Դղյակը «հաստատել է» նրա համար հողաչափի կոչումը, գիտի նրա մասին ամեն բան և ուզում է պահել նրան վախի մեջ: Բայց նա համոզված է, որ իրեն թերագնահատում են: Նա պայքարելու է:
Առավոտյան շարժվում է դեպի Դղյակը: Սակայն գլխավոր փողոցը չի տանում Դղյակ, այլ ճանապարհին թեքվում է ուրիշ տեղ:
Վերադառնում է իջևանատուն, որտեղ նրան սպասում են Դղյակի երկու երիտասարդ աշխատակիցներ: Կոչում են իրենց նրա հին գործընկերներ, թեպետ խոստովանում են, որ հողաչափություն չգիտեն: Կ-ն հասկանում է, որ Դղյակը նշանակել է նրանց՝ հետևելու իրեն: Ուզում է նրանց հետ Դղյակ վերադառնալ, սակայն իրեն բացատրում են, որ կողմնակի անձանց Դղյակ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն է պետք: Զանգահարում են Դղյակ և տեղեկանում, որ այդպիսի թույլտվություն չկա: Կ-ն ինքն է վերցնում լսափողը և անծանոթ ձայնը, որի տերը ներկայանում է Կ-ի հին օգնականը, հայտնում է, որ նրան հավետ արգելված է Դղյակ մտնել:
Փոստային Վարնավան՝ երիտասարդ տղան, որը կտրուկ տարբերվում է դղյակաբնակներից իր կենսուրախ լուսավոր դեմքով, նամակ է բերում Կ-ին, որտեղ ասվում է, որ Կ-ն կարող է ծառայության անցնել Դղյակում և որ նրա անմիջական պետը գյուղապետն է: Կ-ն որոշում է ապրել Գյուղում, հեռու Դղյակի չինովնիկներից, լեզու գտնել գյուղացիների հետ և ինչ-որ բանի հասնել այդտեղ: Նկատում է, որ բոլորը ուշադիր են նրա նկատմամբ, հետևում են նրան:
Վարնավայի և նրա ավագ քրոջ՝ Օլգայի օգնությամբ հայտնվում է հյուրանոցում, որ նախատեսված է միայն Դղյակի պարոնների համար, որոնք Գյուղ են գալիս գործերով: Տեղ նրա համար չի գտնվում. հաստատվում է բուֆետում: Հյուրանոցում է գիշերում պարոն Կլամը, որին քչերն են տեսել իրենց աչքերով, որի անունը, սակայն, ծանոթ է գյուղի բոլոր բնակիչներին:
Հյուրերին գարեջուր մատուցող Ֆրիդան հյուրանոցում կարևոր անձ է: Տխուր աչքերով ու անշուք մի աղջիկ է: Կ-ն նկատում է, որ նրա հայացքը լի է որոշ գերազանցությամբ:
Ֆրիդան առաջարկում է Կ-ին տեսնել Կլամին, որը հարևան սենյակում է: Դռան անցքից Կ-ն տեսնում է գեր պարոնի, որի այտերը կախ են ընկած ծանրությունից: Ֆրիդան նրա սիրուհին է, ահա ինչու մեծ կարևորություն է վայելում Գյուղում: Կ-ն առաջարկում է թողնել Կլամին և դառնալ իր սիրուհին: Ֆրիդան համաձայնում է, և նրանք միասին են անցկացնում գիշերը բուֆետում: Երբ առավոտյան լսվում է Ֆրիդային կանչող Կլամի ձայնը, Ֆրիդան բարձր հայտարարում է, որ զբաղված է հողաչափով:
Հաջորդ գիշեր Կ-ն անցկացնում է Ֆրիդայի հետ իջևանատան իր սենյակում: Նրա սենյակում են նաև օգնականները, որոնցից չի կարողանում ազատվել: Հիմա Կ-ն ուզում է շուտով ամուսնանալ Ֆրիդայի հետ, սակայն մինչ այդ պետք է տեսնի Կլամին: Ֆրիդան և իջևանատան տիրուհին սկսում են բացատրել Կ-ին, որ դա անհնար է, քանի որ Կլամը Դղյակից է, իսկ Կ-ն անգամ Գյուղից չէ: Նա օտար է, պարզապես՝ ոչ ոք: Տիրուհին ափսոսում է, որ Ֆրիդան թողել է արծվին և կապվել է կույր խլուրդի հետ:
Տիրուհին՝Գարդենան, խոստովանում է, որ քսան տարի առաջ Կլամը երեք անգամ կանչել է իրեն, իսկ չորրորդ կանչն այդպես էլ չի եղել: Նա պահում է որպես մասունքներ Կլամի նվիրած թաշկինակը և գլխաշորը, ինչպես նաև իրերը փոխանցող փոստատարի լուսանկարը: Ամուսնանալուց հետո Գարդենան գիշերներով պատմել է ամուսնուն Կլամի մասին:
Գյուղապետից Կ-ն իմանում է, որ իր գալու հետ կապված հանձնարարականները վերջինս ստացել է մի քանի տարի առաջ: Գյուղապետն ի սկզբանե հայտնել է Դղյակին, որ Գյուղը հողաչափի կարիք չունի: Հավանաբար նրա նամակը հասել է ոչ այն բաժանմունքը, ուր հասցեագրված է: Սակայն սխալը հետագայում չի ուղղվել, որովհետև գրանսենյակը չի կարող խոստովանել իր սխալները: Կ-ի գալուց քիչ առաջ նրա ավելորդության մասին հարցը վերջապես լուծվեց, և հիմա ողջ այդ բազմամյա աշխատանքը ի չիք է դառնում: Գյուղապետի տանը պահվում է Դղյակի հետ ողջ նամակագրությունը: Բայց նրա կինը և օգնականները չեն կարողանում գտնել անհրաժեշտ նամակը:
Ֆրիդայի խորհրդով Կ-ն ընդունում է Գյուղի դպրոցի ուսուցիչ դառնալու գյուղապետի առաջարկը: Բայց նա չունի բնակարան, այնպես որ Ֆրիդան իր և ապագա ամուսնու համար տեղ է պատրաստում դպրոցի դասասենյակներից մեկում:
Կ-ն գալիս է հյուրանոց, այնտեղ Կլամին գտնելու համար: Բուֆետում ծանոթանում է Ֆրիդայի փոխանորդ Պեպիի հետ: Երկար ժամանակ սպասում է Կլամին դրսում, բայց ի վերջո բաց է թողնում նրան տեսնելու առիթը: Կլամի քարտուղարն առաջարկում է Կ-ին անցնել քննություն և պատասխանել հարցերին, որոնց մասին հաշվետվությունը կցվում է նրա գործին: Իմանալով, որ Կլամը ժամանակ չունենալու պատճառով հաշվետվություններն անձամբ չի կարդում, Կ-ն փախչում է:
Ճանապարհին հանդիպում է Վարնավային, որը նամակ ունի Կլամից: Կլամը հավանություն է տալիս հողաչափական աշխատանքներին, որ տանում է Կ-ն: Վերջինս համոզված է, որ այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա:
Կ-ն Ֆրիդայի և օգնականների հետ քնում է դպրոցի մարզական դահլիճում: Առավոտյան նրանց հայտնաբերում է ուսուցչուհի Գիզան և աղմուկ է բարձրացնում աշակերտների առաջ: Նա երկրպագու ունի Դղյակից: Սակայն սիրում է միայն կատուներին, իսկ երկրպագուին միայն դիմանում է: Կ-ն նկատում է, որ համատեղ կյանքի չորս օրերի ընթացքում իր հարսնացուի հետ տեղի է ունենում փոփոխություն: Նա թոշնում է իր ձեռքերում: Կլամի հետ ծաղկում էր: Բացի այդ Ֆրիդան խանդում է Կ-ին Օլգայի նկատմամբ:
Օլգան պատմում է Կ-ին իրենց ընտանիքի պատմությունը: Երեք տարի առաջ Գյուղի տոներից մեկի ժամանակ չինովնիկ Սորտինին աչք չի հեռացնում իր քրոջից՝ Ամալիայից: Առավոտյան նամակ է գալիս սորտինիից, որը Ամալիային պատվիրում է այցելել իրեն հյուրանոցում: Վրդովված աղջիկը պատռում է նամակը և նետում սուրհանդակի դեմքին: Ոչ մի չինովնիկի մինչ այդ Գյուղում չեն մերժել: Ամալիան անեծք է բերում իր ընտանիքի վրա: Բոլորը նրանցից երես են թեքում: Հայրը՝ կոշկակար, մնում է առանց պատվերների: Օլգան հասկանում է, որ մարդիկ վախենում են Դղյակից: Մարդիկ սպասում են: Եթե ծնողները դուրս գային և ասեին մարդկանց, որ իրենց կապերի միջոցով հարթել են այս պատմությունը, մարդիկ կհասկանային դա: Իսկ հիմա նրանք մերժվածներ են: Գյուղում հանդուրժում են միայն Վարնավային, որպես ամենաանմեղի: Կարևորը, որ տղային պաշտոնապես հաստատեն որպես Դղյակի ծառայող: Բայց դա հաստատապես իմանալն ահնար է: Վարնավան հասու է գրասենյակներին: Սակայն այդ գրասենյակներին հետևում են ուրիշ գրասենյակներ և այդպես անվերջ:
Կ-ից հիասթափված Ֆրիդան վերադառնում է բուֆետ: Իր հետ է վերցնում Երեմիային՝ Կ-ի օգնականներից մեկին՝ հույս ունենալով նրա հետ ամուր ընտանիք կերտել:
Կլամի քարտուղար Էրլանգերը ուզում է գիշերով ընդունել Կ-ին հյուրանոցի իր սենյակում: Կ-ն բուֆետում բախվում է Ֆրիդային, որին ուզում է վերանվաճել: Սակայն Ֆրիդան փախչում է նրանից՝ ասելով, որ նա շփվում է խայտառակված ընտանիքի աղջիկների հետ:
Ֆրիդայի հետ բախվելուց հետո Կ-ն չի գտնում Էրլանգերի սենյակը և քնում է պատահած առաջին իսկ սենյակում: Բայց դա մեկ ուրիշ չինովնիկի ննջավայր է: Սա ընդունում է Կ-ին և ուզում է պատմել անվերջ գրասենյակային գործընթացների մասին: Սակայն Կ-ն ընկնում է անկողնու մեջ և քուն մտնում:
Առավոտյան դիտում է արթնացող և իրենց թղթաբանական գործերին լծվող չինովնիկներին: Հյուրանոցի տերը վռնդում է Կ-ին: Բացատրում է, որ իրեն գիշերով են կանչել, որովհետև ցերեկով այցելուների տեսքը չինովնիկներին անտանելի է:
Այդուհանդերձ, թույլ է տալիս Կ-ին մնալ բուֆետում: Կ-ն լսում է Պեպիի լացը: Պեպին ողբում է իր ճակատագիրը, քանի որ պարոն Կլամը նրան այլևս ուշադրություն չի դարձնում:
Կ-ն շնորհակալություն է հայտնում հյուրանոցի տիրուհուն օթևանի համար: Երբ հաճոյախոսություն է անում և նկատում, որ տիկինը ճաշակով է հագնված, տանտիրուհին ասում է, որ Կ-ն կարող էր հագուստի գծով խորհրդական աշխատել իր մոտ: Թող գնա Գյուղ և սպասի իր հրահանգներին:
Ձիապանն առաջարկում է Կ-ին աշխատանք ախոռում: Կ-ն հասկանում է, որ ձիապանն իր միջոցով հույս ունի ինչ-որ բան ստանալ Էրլանգերից: Ձիապանը իր տուն է տանում Կ-ին: Ձիապանի մայրը, որը գիրք է կարդում մոմի լույսի տակ, Կ-ին է մեկնում դողացող ձեռքը և նստեցնում է իր կողքին: