Նախագահ ֆոն Վալտերի որդին սիրահարված է սովորական երաժիշտի դստերը: Աղջկա հայրը կասկածանքով է վերաբերվում երիտասարդին, քանի որ գիտի, որ ազնվականի և քաղքենու ամուսնությունն անհնար է: Լուիզայի հետ հավակնում է ամուսնանալ նախագահի քարտուղար Վուրմը: Նա վաղուց է այցելում Միլլերների տուն, սակայն աղջիկը նրա հանդեպ ոչ մի զգացմունք չունի: Ինքը երաժիշտը հասկանում է, որ Վուրմը ավելի հաջող տարբերակ է Լուիզայի համար: Ամեն դեպքում հայրը չի պատրաստվում փաթաթել աղջկան իր կարծիքը: Ավագ ֆոն Միլլերը լուրջ չի վերաբերվում որդու զգացմունքին և անգամ կարծում է, որ առողջ ապօրինի թոռն իրեն չի խանգարի: Պարոն նախագահը ուրիշ ճակատագիր է նախատեսել իր որդու համար: Ուզում է ամուսնացնել նրան լեդի Միլֆորդի՝ դուքսի ֆավորիտուհու հետ, որպեսզի նրա միջոցով շահի դուքսի վստահությունը: Քարտուղարի բերած լուրը ստիպում է ֆոն Վալտերին արագացնել հանգամանքները: Որդին պիտի իսկույն իմանա իր մոտեցող ամուսնության մասին:
Ֆերդինանդը վերադառնում է տուն: Հայրը փորձում է խոսել հետը նրա ապագայից: Տղան քսան տարեկան է, բայց արդեն մայորի կոչում ունի: Եթե շարունակի լսել հորը, նրա տեղը կլինի գահի կողքին: Պետք է ամուսնանալ լեդի Միլֆորդի հետ: Որդին հրաժարվում է ամուսնանալ: Նրան ատելի են հոր քայլերը, որոնցով նա իր գործերն է դասավորում արքունիքում: Հայրն առաջարկում է ամուսնանալ կոմսուհի Օսթհայմի հետ, որը բարի համբավ ունի: Որդին հրաժարվում է: Հայրը ստիպում է ֆերդինանդին այցելել լեդի Միլֆորդին, որի հետ ամուսնության լուրերն արդեն տարածվել են ողջ քաղաքում:
Ֆերդինանդը ներս է խուժում Միլֆորդի տուն: Մեղադրում է լեդի Միլֆորդին, որ սա ուզում է ամուսնությամբ խայտառակել իրեն: Այդ ժամանակ Էմիլիան, որն իրականում սիրահարված է Ֆերդինանդին, պատմում է իր կյանքի պատմությունը: Նա տոհմիկ Նորֆոլք է: Բայց ստիպված է եղել փախչել Անգլիայից, որտեղ թողել է իր կարողությունը: Հարազատներ չունի: Դուքսն օգտվել է նրա անպաշտպանությունից և դարձրել իր սիրուհին: Ֆերդինանդը զղջում է իր կոպտության համար, բայց ասում է, որ միևնույն է, չի կարող ամուսնանալ նրա հետ, քանի որ սիրում է Լուիզային: Սակայն լեդի Միլֆորդը չի հրաժարվում մայորի հետ ամուսնանալու մտքից:
Նախագահ Վալտերը գալիս է երաժիշտի տուն: Փողոցային է կոչում նրա դստերը: Սակայն երաժիշտը և Լուիզան ուշքի գալով առաջին ցնցումից՝ պահում են իրենց արժանի կերպով: Վալտերի սպառնալիքներին Միլլերը պատասխանում է՝ ցույց տալով նրան ելքի դուռը: Նախագահը որոշում է ոստիկաններ կանչել և ձերբակալել երաժիշտին: Վրա հասած Ֆերդինանդն ուզում է պաշտպանել նրան. անգամ սուսերով վիրավորում է ոստիկաններից մեկին, սակայն դա չի օգնում: Տեսնելով, որ անզոր է, դիմում է վերջին միջոցին. շշնջում է հոր ականջին, որ կասի բոլորին, թե ինչպես է վերջինս դարձել նախագահ: Նախագահը սարսափով հեռանում է:
Ստեղծված վիճակից դուրս գալու եղանակը հուշում է քարտուղար Վուրմը: Առաջարկում է խաղալ տղայի խանդի վրա: Նրան տալ կեղծ նամակ՝ իբրև թե գրված Լուիզայի կողմից իր սիրեկանին: Մտացածին սիրեկան թող լինի հոֆմարշալ ֆոն Լալբը, որը Վալտերին օգնել է կեղծարարությունների ճանապարհով դառնալ նախագահ:
Վուրմը գնում է Լուիզայի մոտ: Հայտնում է, որ հայրը ձերբակալված է և նրան սպառնում է դատավարություն, իսկ մայրը աշխատանքային տանն է: Դուստրը կարող է օգնել նրանց, եթե գրի նամակ, որը Վուրմը կթելադրի նրան: Լուիզան համաձայնում է: Նամակը հայտնվում է Ֆերդինանդի մոտ, և սա կանչում է հոֆմարշալին մենամարտի: Ֆոն Կալբը փորձում է պարզաբանումներ անել, բայց մայորի ցասումը թույլ չի տալիս նրան լսել խոստովանությունը:
Այդ ընթացքում լեդի Միլֆորդը իր տանը հանդիպում է կազմակերպում Լուիզայի հետ: Ուզում է ստորացնել աղջկան՝ առաջարկելով իր մոտ աղախին դառնալ: Լուիզան պահում է իրեն արժանապատիվ, և լեդի Միլֆորդը բարոյազրկված հեռանում է Անգլիա: Վերջին օրերին այդքան բան տեսած Լուիզան ուզում է սպանել իրեն, սակայն տուն է վերադառնում հայրը: Նա աղաչում է դստերը հետ կանգնել հրեշավոր մտքից: Գալիս է Ֆերդինանդը: Ցույց է տալիս Լուիզային նամակը: Սա չի հերքում, որ նամակը գրված է իր ձեռքով: Խնդրում է Լուիզային իրեն Լիմոնադ բերել, իսկ երաժիշտին ուղարկում է Վալտերի՝ հոր մոտ, տալով նամակ և խնդրելով փոխանցել, որ չի գալու ընթրիքին:
Լիմոնադի մեջ թույն է լցնում: Խմում է ինքը և տալիս է Լուիզային: Մոտալուտ մահը ստիպում է Լուիզային անկեղծանալ և պատմել, թե ինչպես է գրել նամակը: Լուիզան մահանում է:
Ներս են վազում Միլլերը և Վալտերը: Ֆերդինանդը մեղադրում է հորը Լուիզայի մահվան մեջ: Վալտերը մեղադրում է Վուրմին: Հայտնվում է ոստիկանությունը: Վուրմին ձերբակալում են, սակայն նա մտադիր չէ ողջ մեղքը վերցնել իր վրա: Մահից առաջ Ֆերդինանդը ներում է հորը: